Մեկնաբանություն

25.07.2022 09:15


Ինչպես ունենալ դաշնակիցներ․ Նիկոլի իշխանության այլընտրանքը

Ինչպես ունենալ դաշնակիցներ․ Նիկոլի իշխանության այլընտրանքը

ԽՍՀՄ փլուզումից հետո թվում էր, թե «սառը պատերազմի» դարաշրջանն ավարտվել է, Արևմուտք–ԽՍՀՄ դիմակայությանը փոխարինելու է գալիս Արևմուտք–ՌԴ գործընկերությունը։

Ճապոնական արմատներով ամերիկացի քաղաքագետ Ֆրենսիս ֆուկույաման նույնիսկ պնդում էր, թե պատմությունն ավարտվել է՝ նկատի ունենալով լիբերալ–դեմոկրատական գաղափարախոսության և Արևմուտքի լիակատար հաղթանակը։

Կյանքը սակայն ցույց տվեց, որ պատմությունը ոչ միայն չի ավարտվել, այլ կրկնվում է ու նոր պտույտ կատարում։

1991–ից հետո ՌԴ–Արևմուտք հարաբերություններն, իրոք, կոնֆլիկտային չէին, քանզի Ելցինի վարչակարգը ձեռքերը վեր տնկած պարում էր արևմտյան թելադրանքի տակ։

Արևմուտքի նպատակը չէր փոխվել ԽՍՀՄ փլուզումից հետո՝ թուլացնել Ռուսաստանն այնքան, որ այն այլևս աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական գործոն չլինի։ Իսկ դա նշանակում էր աշխատանք հետսովետական երկրներում, այսինքն՝ այնտեղ, ուր կար ՌԴ–ի ազդեցությունը։ Սա նշանակում էր նաև աշխատանք Հայաստանում։ Ու մինչև հիմա աշխատում են։

Արևմուտքը մեր երկրի դեմ ոչինչ չունի, բայց մեր տարածաշրջանում Արևմուտքի ռազմավարական դաշնակիցները Թուրքիան ու Ադրբեջանն են։ Հայաստանն այդ առումով թիրախի տակ է հայտնված։ Բուն նպատակը ՌԴ–ին վնասելն ու մեր տարածաշրջանից հեռացնելն է։

Բոլորի համար էլ պարզ է, որ եթե ՌԴ–ն մեր տարածաշրջանից հեռացավ, ապա վակումը լցվելու է Թուրքիայով։ ՌԴ հեռացումը և Թուրքիայի մուտքը նշանակում է Արցախի վերջնական հայաթափում, Հայաստանի վերացում։ Սա՛ է օբյեկտիվ իրականությունը։

Եթե ոմանց թվում է, թե ՀԱՊԿ–ի փոխարեն ՆԱՏՕ–ի կողմն անցնելով կարող ենք հանգիստ ապրել, ապա դրանք կա՛մ միամիտներ են, կա՛մ թուրքական գործակալներ։ Այս երկրորդ տեսակը նիկոլական իշխանության օրոք վխտում է ու գործում բացահայտ։

Ինչպե՞ս ունենալ դաշնակից

Լա՞վ դաշնակից է արդյոք Ռուսաստանը։ Պատասխանը հետևյալն է՝ ՌԴ և ՀՀ շահերը անվտանգային հարցերում դեռ համընկնում են, բայց մեր կարմիր գծերը կարող են չհամընկնել ռուսական կարմիր գծերի հետ, եթե մենք շարունակենք նիկոլական գահավիժումը և եթե ՌԴ–ն ուկրաինական հողի վրա զիջի իր դիրքերն Արևմուտքի հետ պայքարում։

Որպեսզի խնդիրներ չառաջացան դաշնակցիդ հետո, դու էլ պետք է քեզանից ինչ-որ բան ներկայացնես։

Օրինակ՝ մինչև 44–օրյա պատերազմն Արցախի անվտանգության երաշխավորը Արցախի ՊԲ–ն էր ու ՀՀ Զինված ուժերը։ Այս հարցում անուղղակի մասնակցություն ուներ նաև Ռուսաստանը։

44–օրյա պատերազմի արդյունքներից հետո Արցախի մնացած մասի երաշխավորը ռուսական խաղաղապահներն են, ինչը գրեթե զրոյացրել է ԱՀ և ՀՀ զինված ուժերի դերակատարումն ու մեզ դարձրել «աղքատ բարեկամ» դաշնակից՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Ռուսները դաշնակցում են մեզ հետ, բայց տարածաշրջանում ունեն սեփական շահերը, այդ թվում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Մեր խնդիրը պետք է լինի սեփական սուբյեկտայնությունը վերականագնելը, գործոն դառնալը, որպեսզի ՌԴ–ն էլ իր դաշնակցային ֆունկցիաները կարողանա կատարել մեր ուզած ձևով ու չափով։

Ի դեպ, նույն գնահատականը կարելի է տալ նաև Իրանի մասով։ Լավ է, որ պաշտոնական Թեհրանը կռիվ է տալիս ՀՀ տարածքային ամբողջականուքյան ու Հայաստան–Իրան անխափան կապի համար, բայց մենք էլ մեր դիրքերն ու շահերը պետք է պաշտպանենք, որպեսզի չնվաստացվենք՝ թշնամիների ու հարգվենք բարեկամների կողմից։

Մենք պետք է ապավինենք մեր ուժերին, ու միայն այդ դեպքում դրսում նորմալ դաշնակիցներ ու բարեկամներ կունենանք։

Հիմա մեր երկիրը գոյություն ունի զուտ այն պատճառով, որ կա որոշակի բալանս տարածաշրջանում և աշխարհում։ Այդ բալանսը շատ փխրուն է, և եթե Հայաստանը շարունակի այսպես, ապա մենք կմնանք փլատակների տակ ու ոչ մի այլ երկրի դատապարտելու իրավունք չենք ունենա, քանզի առաջին հերթին մեր ներսում է պետք փնտրել պարտությունների պատճառը։

Ի՞նչ է սպասվում

Նիկոլ Փաշինյանը կործանեց Արցախի պետականությունը, ֆուտբոլի գնդակի վերածեց ՀՀ–ն ու հիմա դարձել է թուրք–ադրբեջանական օրակարգի սպասարկող՝ հանուն սեփական աթոռի։ Այստեղից բխում է, որ Հայաստանի սուբյեկտայնությունը վերականգնելու և Արցախին տեր կանգնելու համար անհրաժեշտ պայմանը նիկոլական իշխանության հեռացումն է։

Սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Պետք է դրան հետևի քրտնաջան ու պրոֆեսիոնալ աշխատանք։

Ընտրությունն, ինչպես տեսնում ենք, մեծ չէ, ավելի ճիշտ՝ ընտրություն չկա։ Կա մեկ հնարավորություն ու շանս։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը