Քաղաքական

23.07.2022 14:46


Ազատ արձակվելուց հետո էլ Միքայել Բադալյանը շարունակելու է մնալ հիվանդանոցում․ պաշտպան

Ազատ արձակվելուց հետո էլ Միքայել Բադալյանը շարունակելու է մնալ հիվանդանոցում․ պաշտպան

«Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանը հավանաբար այսօր՝ հուլիսի 23-ին, ազատ կարձակվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Մենք գրավի մուծման անդորրագիրը տվել ենք քրեակատարողական հիմնարկին, բայց ըստ նոր օրենսդրության՝ քննիչը պետք է գրություն կազմի ազատ արձակվելու մասին, որից հետո նոր Միքայել Բադալյանը կհամարվի լիարժեք ազատ արձակված։ Դա հավանաբար կլինի այսօրվա ընթացքում։ Բայց ազատ արձակվելուց հետո էլ Միքայել Բադալյանը շարունակելու է մնալ հիվանդանոցում՝ ստանցիոնար բուժման համար։ Բժիշկներն են պնդել, որ ինքը հոսպիտալացվի եւ մնա բուժում ստանալու, որովհետեւ դա անհրաժեշտություն է»,-նշեց Ալեքսանյանը։

Պաշտպանի խոսքով՝ մինչ այս Միքայել Բադալյանը առողջական որեւէ գանգատ չի ունեցել։ Խնդիրներն առաջացել են կալանավորվելուց հետո։

«Եթե խնդիր ունենար, մենք միանշանակ կբարձրաձայնեինք, անգամ եթե վերջինս արգելեր, որովհետեւ առողջության մասին է խոսքը։ Միքայել Բադալյանի խնդիրը ծագել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Ամեն դեպքում բանտի պայմաններն անհամեմատելի են քաղաքացիական կյանքի պայմանների հետ։ Հիմա չեմ կարող ասել՝ ինչով էր պայմանավորված, բայց փաստն այն է, որ մենք նման խնդրի առջեւ ենք կանգնել նրա ՔԿ-ում գտնվելու ժամանակահատվածում, այլ ոչ թե քաղաքացիական կյանքում»,-ընդգծեց Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հուլիսի 22-ին, Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, եւ նրան տեղափոխել էին Հանրապետական հիվանդանոց:

Դատարանը բավարարեց պաշտպանների ներկայացրած հրատապ միջնորդությունը նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ հաշվի առնելով առողջական վիճակը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ նրան ազատ արձակելով 6 մլն գրավի դիմաց։

Հավելենք, որ Միքայել Բադալյանը ակտիվ մասնակցել է «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաներին։ Նա կալանավորվել է մայիսի 24-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հատկանիշներով։ Հուլիսի 18-ին 20 օրով երկարացվել էր նրա կալանքի ժամկետը:

Այս խորագրի վերջին նյութերը