Լրահոս

05.09.2011 12:41


«WikiLeaks». «Քոչարյանն ու Օսկանյանը չեն համաձայնվել ընդունել Լավրովի առաջարկած փոփոխությունները»

Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանից պահանջել է սահմանափակել ՆԱՏՕ–ի  հետ համագործակցությունը։

«WikiLeaks»–ը հրապարակել է իր հերթական բացահայտումները։

Փաստաթղթում նշվում է 2005–ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի մասին։

Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Սալբի Ղազարյանը պատմել է ԱՄՆ դեսպանատան  ժամանակավոր հանձնակատար Գոդֆրիին, որ Լավրովը Հայաստանից կտրուկ պահանջել է սահմանափակել  ՆԱՏՕ–ի և Արևմուտքի հետ ռազմական համագործակցությունը։ Նա ասել է, որ Հայաստանը չպետք է մոռանա, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը պետք է մնա կենտրոնական։ Վարդան Օսկանյանն էլ պատասխանել է, թե ՆԱՏՕ–ի հետ Հայաստանի համագործակցությունը չի կարող վնասել  Ռուսաստանի հետ կապերին, բայց և չպետք է թույլ տալ, որ նրա հարևանները՝ Վրաստանն ու Ադրբեջանը, ավելի սերտ կապեր ունենան ՆԱՏՕ–ի հետ։

Օսկանյանը նաև ասել է, թե Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ ինտեգրման հարցում մեկուսանալ արևմտյան գործընկերներից։  Ընդգծվում է, որ Լավրովը դժգոհ է մնացել  այս պատասխանից։

Լավրովը նաև բարձրացրել է Ռուսաստանի առաջարկով ԱՊՀ–ի և ՀԱՊԿ–ի կողմից Հայաստանին աջակցելու համար բարեփոխումների իրականացման հարցը։ Սալբի Ղազարյանն ընդգծել է, որ այս քայլերը կմեծացնեին ԱՊՀ երկրներում Ռուսաստանի ազդեցությունը։

Քոչարյանն ու Օսկանյանը չեն համաձայնվել ընդունել այդ փոփոխությունները, քանի որ դրանք դե ֆակտո կսահմանափակեին Հայաստանի ինքնիշխանությունը։

Այս հանդիպման ժամանակ  խոսք է գնացել նաև ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ։ Ընդգծվում է, որ Լավրովը հավաստիացրել է, որ կկանխի հարցը ՄԱԿ մտցնելու Ադրբեջանի բոլոր փորձերը։

Այս խորագրի վերջին նյութերը