Մեկնաբանություն

05.09.2011 11:53


Վիկիլիքսյան գաղտնազերծումների հմայքը

Վիկիլիքսյան գաղտնազերծումների հմայքը

Վերջերս այնպիսի տպավորություն է ստեղծվում կարծես «WikiLeaks» հանրահայտ կայքը հայաստանյան ծագում ունեցող լրատվամիջոց է։ Գրեթե ամեն օր մի բան կա մեզ առնչվող. է՛լ մարտի 1, է՛լ Սերժ Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան տեսակային տարբերություններ, է՛լ Սերժ Սարգսյան – Լևոն Տեր–Պետրոսյան մտածողության նմանություններ (հատկապես հայ–թուրքականի մասով), է՛լ կոռուպցիա։ Մի խոսքով՝ ամեն ինչ։

«WikiLeaks»–ի սենսացիոն հրապարակումներից կարելի է համարել նաև այն, որ նախկին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ըստ «Հանցավորության ու թմրանյութերի հարցերով» ՄԱԿ–ի գրասենյակի՝ անձնապես օգտվում է թմրանյութերի բիզնեսից։

Ուշագրավ է, որ թմրանյութերի թեման Հայ ազգային կոնգրեսում, մեծ հաշվով, լռության մատնեցին այն դեպքում, երբ Տեր–Պետրոսյանի թիմակիցները և ՀԱԿ–ի պապիին սատարող մամուլը (որը համատեղությամբ նաև «սերժատու» է) սիրում են որպես վերջին ատյանի ճշմարտություն ներկայացնել վիկիլիքսյան  տեղեկատվական արտանետումները և հաճույքով արտատպում են դրանք իրենց թերթերի կամ կայքերի էջերում։ Տվյալ դեպքում «մոռացան» նարկոթրաֆիկինգի թեման տպելն ու անցան վիկիլիքսյան մյուս «բացահայտումներով» հանրությանը կերակրելու սուրբ գործին։

Հիմա որպեսզի հերթական անգամ ականատեսը չլինենք ՀԱԿ–ի սիրած երկակի ստանդարտների կիրառմանը, «արմատականները» պետք է կողմնորոշվեն. կա՛մ այն ինչ ներկայացնում է «WikiLeaks»–ը Հայաստանի քաղաքական զարգացումների մասին ճիշտ է և, հետևաբար, ճիշտ է նաև թմրանյութերի առքուվաճառքի մեջ Տեր–Պետրոսյանի ներգրավվածության մասին տեղեկությունը, կա՛մ էլ՝ այդ կայքի հրապարակումներին Կոնգրեսում մեծ հնչեղություն պետք է չտան։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ի դեպ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե արդյոք թմրանյութերի մասով ՀՀ դատախազությունը փորձելու՞ է հետաքննել վիկիլիքսյան նյութերը։ ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է տալիս մամուլի հրապարակումները հիմք ընդունելով գործ հարուցել, իսկ «WikiLeask»–ը, ինչպես արդեն համոզվել ենք, գրեթե հայկական մամուլի միջոց է։ Այնպես որ դատախազությունը հանգիստ կարող է սկսել Տեր–Պետրոսյանի հարցաքննությունը։ Եթե ՀԱԿ առաջնորդն անմեղ է և իր իշխանության տարիներին ու դրանից հետո բավարարվել է բացառապես պետության տված աշխատավարձով ու թոշակով, ապա ինքն էլ պետք է շահագրգռված լինի, որպեսզի ամեն ինչ բացահայտվի։

Այս խորագրի վերջին նյութերը