Քաղաքական

16.07.2022 10:35


Դատավորը ցավում է, բայց չի զղջում․ «Հրապարակ»

Դատավորը ցավում է, բայց չի զղջում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Երեկ դատարանի դահլիճում հանկարծամահ եղավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նա մայիսի 18-ից գտնվում էր կալանքի տակ։ Նրան կալանավորելու որոշում էր կայացրել Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նաեւ Ավետիք Չալաբյանին, Մամիկոն Ասլանյանին, Միկա Բադալյանին, Նարեկ Մանթաշյանին էր կալանքի սանկցիաներ տվել։

Ալեքսանյանը, հիշեցնենք, մինչեւ դատավոր դառնալը քննիչ է եղել՝ 2018-2022 թթ․ աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում, երբ ղեկավարը Սասուն Խաչատրյանն էր։ Նա այսօր դարձել է իշխանության «սրտի դատավորներից», որոնք գրեթե բոլոր դեպքերով պատրաստ են կալանքի որոշում կայացնել նրանց նկատմամբ, ովքեր խոսում են Նիկոլ Փաշինյանի դեմ։

Մենք կապ հաստատեցինք կալանքի որոշումը կայացրած դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչ կարող է ասել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ, քանի որ համացանցում ուղղակի կամ անուղղակի կերպով հենց իրեն են մեղադրում պրոդյուսերի մահվան մեջ, որ ինքը քաղաքական հետապնդում է իրականացրել եւ կալանքի որոշում կայացրել մտավորականի նկատմամբ, որը քրեորեն պատժելի արարք չէր կատարել, ուղղակի քննադատել էր Փաշինյանին եւ նրա իշխանությանը։

Դատավորն ասաց․ «Իմ մոտ նենց տպավորություն ա, որ մարդկանց ստվար խումբ կա, որ ոնց որ անընդհատ սպասի՝ ինչ-որ վատ բան լինի, որ էդ շքերթը սկսի, բայց դրա վերաբերյալ որեւէ այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ։ Ինչ վերաբերում ա կալանքի օրինականությանը եւ հիմնավորվածությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե՛ պաշտպանական կողմից, թե՛ քննիչի կողմից որեւէ փաստաթուղթ՝ բժշկական բնույթի կամ որեւէ այլ բնույթի, որ հավաստեր, որ պարոն Գրիգորյանն ունեցել է որեւէ տեսակի հիվանդություն, չի ներկայացվել։ Նույնիսկ բանավոր կերպով դատարանին նման տեղեկատվություն չի հայտնել»։ Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի մահվանը, Ալեքսանյանն ասաց․ «Ես խորապես ցավակցում եմ նրա հարազատներին, եւ միակ բանը, որ ես ցավում եմ, որ մարդ է մահացել։ Այլ առիթով ես անհանգստանալու կարիք չեմ տեսնում»։

Նկատեցինք, որ միայն Արմեն Գրիգորյանի մասով չէ ինքը կալանքի սանկցիաներ տվել, այլ բանտարկյալներ եւս կան, ովքեր քաղաքական ենթատեքստով են կալանավորված, սակայն դատավորն ընդհատեց մեզ․ «Ներողություն եմ խնդրում, ցանկացած անձ կարող է հայտարարել, որ ինքը քաղաքական բանտարկյալ է։ Չեմ ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ։ Շնորհակալություն», եւ անջատեց հեռախոսը։ Նրա խոսքերից հասկացանք, որ դատավորը ցավում է, բայց չի զղջում։

Այս խորագրի վերջին նյութերը