Քաղաքական

15.07.2022 15:12


Նիկոլ Փաշինյանի հերթական վախերը. ինչո՞ւ է փոխվում «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը

Նիկոլ Փաշինյանի հերթական վախերը. ինչո՞ւ է փոխվում «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը

Իրավական ակտերի միասնական տեղեկատվակ e-draft.am հարթակում հուլիսի 13-ից քննարկման է դրվել «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Գործող կարգավոումներով՝ Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասի հա­մա­ձայն` ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

Օրենքի փոփոխության հիմնավորումների մեջ նշված է, որ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նշված հոդվածով սահմանված իրավունքների իրա­կա­­նացման կարգը սահմանվում է օրենքով: «Քաղա­քա­ցիու­­թյան մասին» օրենքով սահմանված չէ, թե որ պահից է անձը համար­վում Հայաս­տանի Հան­րա­պետությունում բնակություն հաստատած: Մասնավորապես, Օրեն­քի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքա­ցիու­թյուն չունեցող 18 տարին լրացած, գործունակ (բացառությամբ անգործունակ ճանաչված ան­ձի կողմից նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղա­քա­ցիու­­թյուն ստանալու դեպքի), օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաս­տա­նի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրա­վունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հա­մար, եթե օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հա­յաս­տանի Հանրապետությունում, կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է Հայաստանի Հան­րա­պետության Սահմանադրությանը: Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Հա­յաս­տանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը կամ ան­գոր­ծունակ անձը, որի խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, կարող է ստա­նալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն առանց վերոհիշյալ պահանջ­նե­րի պահպանման:

Ըստ նախագծի հեղինակների՝ վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում Օրենքն առա­­վել մեծ հնարավորություն է սահմանել ազգությամբ հայերի համար, քան ամրագրված է Սահմանադրությամբ: Մասնավորապես, Օրենքում հիշատակված չէ բնակություն հաստատելու պահից ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքը, առանց որևէ նախապայմանի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք է վերապահվել ազգությամբ հայերին:

Ենթադրվում է, որ օրենսդիրը նպատակ է ունեցել դրանով խթանել հայ­րե­­նադարձությունը, խրախուսել Սփյուռքում հայապահպանությունը և սփյուռ­քա­­­հայերի շրջանում մեծացնել Հայաստանի Հանրապետությունում հասարակական, քաղաքական, տնտեսական գործունեության նկատմամբ հետաքրքրվածությունը, ինչպես նաև վերջին­նե­րիս մասնակցությունը հայանպաստ գործունեությանը:

Շատ ուշագրավ է հիմնավորման հետևյալ հատվածը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վերջին տարիներին կատարված մեծաթիվ ուսումնասիրություն­նե­րի արդյունքում պարզվել է, սակայն, որ ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայ­ցող անձանց մի ստվար զանգվածը (հատկապես Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիները) երբևէ չի եղել Հայաստանի Հանրապետությունում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ և կարճ ժամկետներով, իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն հայցելու նպա­տա­կով), տեղեկացված չեն հայկական մշակույթի, պատ­մու­թյան, ՀՀ-ում ընթացող հասարա­կա­կան-քաղաքական և սոցիալ-տնտեսական գործըն­թաց­նե­րի մասին, ճանաչված չեն ծագման երկրի հայ համայնքում, որևէ մասնակցություն չունեն ծագ­ման երկրներում հայ համայնքի և հայկական եկեղեցական կյանքին և, որպես կանոն, չեն իրա­կանացնում հայանպաստ գոր­ծու­նեություն:

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, հիմնականում Մերձավոր Արևելքի երկրների (հատկապես Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և այլն) քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք ձեռք չեն բերել և տնտեսական գործունեություն չեն ծավալել, ինչպես նաև մեծ մասամբ Հայաստանի Հանրապետություն չեն այցելել: Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար:

Շատ ուշադիր կարդացինք: Ինչպես ասում են, և՞՞՞՞՞…

Նշված պատճառաբանության մեջ չկա որևէ բառ այն մասին, թե վիճակագրություն կա, օրինակ, որ այս կատեգորիայի անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո հայկական անձնագիրն ի չարս են գործադրել, օրինախախտում կամ հանցագործություն են կատարել:

Ի՞նչ է նշանակում՝ «ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար»… Սա բավարար պայման է, որ մարդուն զրկես պատմական հայրենիքի անձնագիր ունենալո՞ւց: Կամ ինչպե՞ս են որոշել ու որոշում անձանց ճանաչվածության կամ համայնքային ու ազգային կյանքին մասնակցության չափը:

Հաջորդ հիմնավորումն օրենքում փոփոխություններ կատարելու այն է, որ ազգությամբ հայ լինելու հիմքով ՀՀ քաղաքացիություն հայցող օտարերկրացիների ներկայացրած` ազգային պատկանելիությունը հավաստող փաստաթղթերի իրավա­չա­փու­թյան գնահատման հարցում նույնպես գործնականում հաճախ բարդություններ են առաջանում:

«Մասնավորապես, օտարերկրյա քա­ղաքա­ցի­ների անձը հաստատող փաստաթղթերում բացակայում են ազգային պատկանելիության մասին նշումները, միաժամանակ, օտարերկրացիները, որպես կանոն, հնարավորություն չունեն ծագման երկրի իրավասու մարմիններից ստանալու ազգությամբ հայ լինելու կամ համայնքային պատկանելիության մասին ապոստիլով հաստատված` փաստաթուղթ, քանի որ ազգային պատկանելիությունը փաստացի պաշտոնապես չի հաշվառվում»,- նշված է նախագծում:

Նախագծի հեղինակներն անհրաժեշտ էին համարել նշել նաև, որ համաձայն Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի պահանջների, ՀՀ քաղաքացիություն հայ­ցող անձի փաստաթղթերը ստանալուց հետո, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 15-օրյա ժամկետում պարտավոր է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացնել իր եզրակացությունը: Լրացուցիչ տե­ղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության եզրակացություն ներ­կա­յացնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 օրով:

«Ակնհայտ է, որ օտարերկրյա պետությունների դեպքում, հատկապես առանձին դեպքերում ներքաղաքական սուր լար­վա­ծության և ռազմական գործողությունների գոտիներում, ՀՀ ԱԱԾ կողմից սահմանափակ ռե­սուրս­ներով, կարճ ժամկետներում ՀՀ քաղաքացիություն հայցող անձի ներկայացրած կեն­սագրական տվյալների, այդ թվում` ազգությամբ հայ լինելու փաստի արժա­նահա­վա­տության անհրաժեշտ խորը և բազմակողմանի ստուգում իրականացնելը հաճախ ան­ի­րատեսական է դառնում»,- ասված է «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծում:

Շատ զավեշտալի հիմնավորում է, ինչ խոսք: Այսինքն՝ եթե հաճախ ԱԱԾ-ն չի կարողանում սահմանված ժամկետում հիմնավորել մարդու՝ հայ լինելու հանգամանքը, ուրեմն մնացած բոլորին նո՞ւյնպես պիտի զրկեն պարզեցված կարգով, ազգային պատկանելության հիմքով ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավորությունից:

Ինչևէ, «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ազգությամբ հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:

Նախագծի հեղինակները կարծում են, որ Օրենքի այս փոփոխությամբ՝ ազ­գությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կիրականացվի առավել արդյունավետ, կնպաստի ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց հայ­րենադարձությանը, կնվա­զեց­­նի ազգու­թյամբ հայ ներ­կա­յացող, սակայն իրականում հայ­կա­կա­նության հետ որևէ առնչություն չու­նեցող օտար­եր­կրա­ցիների կողմից Հա­յաս­տանի Հան­րա­պե­տու­թյան քաղաքացիություն հայցելու դի­մում­ների քանակը:

2018թ. իշխանափոխությունից հետո մի օրինաչափություն է նկատվում: Չգիտես՝ ինչ հրաշքով այս երկրի բոլոր արատավոր երևույթները ի հայտ եկան հենց այդ չարաբաստիկ տարեթվից ու հատկապես 2020թ. աղետալի պատերազմից հետո՝ էլ պետական դավաճանության զանգվածային դեպքեր, էլ ազգու­թյամբ հայ ներ­կա­յացող, սակայն իրականում հայ­կա­կա­նության հետ որևէ առնչություն չու­նեցող օտար­եր­կրա­ցիների կողմից Հա­յաս­տանի Հան­րա­պե­տու­թյան քաղաքացիություն ստանալու դեպքեր, ասել է թե՝ գործակալական ցանցի ընդլայնում:

Միայն թե հասկանալի չէ՝ ինչո՞ւ են հիմա որոշել պայքարել դրա դեմ, երբ ողջ երկրում վխտում է ադրբեջանաթուրքական գործակալական ցանցը:

Իրականում այս գործընթացը խոսում է Նիկոլ Փաշինյանի հերթական վախերի մասին, այս անգամ՝ սփյուռքահայերից: Առաջին ծիծեռնակն այսօր հայտնվեց. լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում թույլ չտրվեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը հայրենիք:

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր հենց ինքը՝ Մուրադ Փափազյանը՝ նշելով, որ իրեն Հայաստան չեն թողել Նիկոլ Փաշինյանի հրամանով:

«Գիտեի, որ Ադրբեջան և Թուրքիա մուտքս արգելված է, և հիմա իմացա նաև, որ արգելված եմ Փաշինյանի Հայաստանում»,- գրել էր նա:

Նիկոլ Փաշինյանը վախենում է այն սփյուռքահայերից, ովքեր Սփյուռքից իր հետ հավասար մասնակցում էին իշխանափոխությանը, ովքեր մշտապես Մայր Հայաստանի թիկունքին են եղել, ովքեր պատերազմի ժամանակ ահռելի գումարներ ուղարկեցին Հայաստան, որը դարձավ ՔՊ-ականների համար պարգևավճար:

Հիմա Նիկոլ Փաշինյանին սփյուռքահայերը պետք չեն, որովհետև նրանք Նիկոլ Փաշինյանին անհարմար հարցեր են տալիս:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը