Քաղաքական

14.07.2022 14:19


Կառավարության աճպարարությունը․ զեկուցենք միայն այն հարցերը, որով փիարվենք

Կառավարության աճպարարությունը․ զեկուցենք միայն այն հարցերը, որով փիարվենք

Կառավարության նիստի օրակարգը ամեն անգամ ուսումնասիրելիս տեսնում ենք, որ հարցերի 95 տոկոս և ավելին չի զեկուցվում։ 45 հարցից զեկուցվում է, օրինակ, 2-5 հարց՝ առավելագույնը։

Իսկ ո՞ր հարցերն են զեկուցվում։ Ուսումնասիրելով հարցերի զեկուցման տրամաբանությունը՝ պարզ է դառնում, որ զեկուցվում են, լայնորեն լուսաբանվում են այն հարցերը, որոնք իշխանական գովազդի համար են։

Այսօրվա նիստում, օրինակ, բավականին կարևոր հարցեր կային, որոնք պարզապես սղացվեցին չզեկուցվող հարցերի տրամաբանությամբ։

Օրինակ՝ կառավարությունը մեծ գումար հատկացրեց ոստիկանության տեխնիկական թարմացման համար, բայց այդ մասին որևէ քննարկում չծավալվեց։ Հասկանալի է, քանի որ ուժայիններին ամեն նիստի գումարներ են հատկացնում, ինչը հանրային դժգոհություն է առաջացնում։

Երեք չզեկուցվող որոշումներով 25 երիտասարդի բանակից տարկետում տվեցին։ Բանակում համալրման խնդիր ունեցող երկրում ամեն շաբաթ մինչև 50 հոգու ազատում են բանակից կամ տարկետում են տալիս, ինչը արվում է առանց հարցը բարձրաձայնելու։

Մեկ այլ չզեկուցվող հարցով որոշվեց Սյունիքի մարզի Վարդավանք գյուղին տալ սահմանամերձ գյուղի կարգավիճակ, քանի որ թշնամին արդեն ընդամենը 3 կիլոմետր է գյուղից հեռու՝ կապիտուլյացիայի պատճառով։ Միայն պատերազմից հետո միայն Սյունիքի մարզում շուրջ 40 գյուղով մեծացել է սահմանամերձ գյուղերի ցանկը։ Այս մասին էլ ոչ մի խոսք չգնաց, որպեսզի հերթական անգամ հանրությունը մեղադրանք չուղղի իշխանությանը, թե ինչու եք թշնամուն մոտեցրել մեր գյուղերին։

Մեկ այլ որոշմամբ, առանց ծպտուն հանելու որոշեցին Հայաստանի արտաքին պարտքը ևս 22,6 մլն եվրոյով ավելացնել։

Պատերազմից անցել է 1 տարի և 9 ամիս, բայց դեռևս բազմաթիվ զոհվածների մասունքներ փորձաքննության չեն ենթարկվել։ Եվ հիմա նոր կառավարությունը որոշում է 75 հազար դոլար հատկացնել և 50 զոհի մասունք ուղարկել Նիդերլանդներ ԴՆԹ փորձաքննության։ Սակայն այս մասին՝ ոչ մի խոսք։

Իսկ ո՞ր հարցը զեկուցվեց կառավարության նիստում․

Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի ինչ-որ հատվածի ասֆալտապատումը։ Որովհետև ասֆալտը այն միակ բանն է, որով կարողանում են ներկայանալ հանրությանը ու կոռուպցիան, թալանը, կապիտուլյացիան, զոհերը, ազգուտակով պաշտոնների գնալը ու ամեն մյուս բացասական բաները «սվաղել» ասֆալտի թեմայով։

Չի բացառվում, որ այս ասֆալտապատման 12 մլրդ դրամանոց այս մրցույթները կամ մի մասը ևս շահի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, որը տնօրեն է մի քանի ընկերությունում և ճանապարհաշինության ոլորտում միլիարդավոր դրամների պետական տենդերներ է հաղթում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը