Լրահոս

11.07.2022 14:44


Հայաստանում 2022 թվականին անպտղության ցուցանիշը 16.8% է՝ մինչդեռ ըստ ԱՀԿ-ի՝ 15%-ն արդեն համարվում է սահմանային

Հայաստանում 2022 թվականին անպտղության ցուցանիշը 16.8% է՝ մինչդեռ ըստ ԱՀԿ-ի՝ 15%-ն արդեն համարվում է սահմանային

2022 թվականի հետազոտության արդյունքով՝ անպտղության ցուցանիշը Հայաստանում կազմում է 16.8%՝ մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումով՝ 15%-ն արդեն համարվում է սահմանային: Այս մասին «Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի սեռական և վերարտադրողական առողջության ծրագրի համակարգող Նարինե Բեգլարյանը:

«Այս ցուցանիշի մեջ առաջնային անպտղության ցուցանիշը կազմում է 1.7%, իսկ երկրորդայինը՝ 15.1%: Առաջնային անպտղության դեպքում կինը 12 եւ ավել ամիսների ընթացքում չի կարողանում հղիանել, իսկ երկրորդայինի դեպքում կինն արդեն հղիացել, ծննդաբերել է, սակայն երկրորդ անգամ հղիանալ չի կարողանում: Առաջնային անպտղությունը, համեմատած նախորդ տարիների հետ, նվազել, երկրորդայինը՝ աճել: Այստեղ կոմպլեքս պատճառներ կան, եւ մեզ համար կարեւոր է հասկանալը, թե որոնք են գերակշռողը, քանի որ օրհսակսան է անպտղության ցուցանիշը բարելավելը»,-ասաց Բեգլարյանը:

Նարինե Բեգլարյանի խոսքով՝ կանանց դեպքում անպտղության պատճառ կարող են դառնալ արգանդի, արգանդափողերի եւ ձեւարանների հետ կապված խնդիրները, սեռավարակները, հղիության ընդհատումները, կեսարյան հատումների արդյունքում առաջացած բորբոքումները: Տղամարդկանց դեպքում՝ բորբոքային հիվանդությունները, սեռավարակները, արտազատման հետ կապված խնդիրները:

«Անպտղությունը հիմնականում տարածված է Երեւանում, Վայոց ձորում, Շիրակում, Սյունիքում: Պետք է հասկանալ նաեւ, թե աշխարհագրական տեղակայումն ինչպիսի ներազդում է ունեցել անպտղության վրա»,-նկատեց Բեգլարյանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը՝ ծնելիության բարձրացմանն ուղղված կառավարության ծրագրերից հատկապես կարեւորեց նախորդ տարվանից ուժի մեջ մտած որոշումը, որով գյուղական համայնքներում բնակվող կանայք երեխա ունենալիս երկու տարի կստանան երեխայի նրա խնամքի համար նպաստ:

«Կարեւոր է, որ կանայք այդ նպաստը ստանում են անկախ այն բանից՝ աշխատում են, թե ոչ, որովհետեւ գյուղերում շատ կանայք աշխատում են հենց իրենց սեփական հողերում, այսինքն՝ գրանցված աշխատողներ չեն: Աշխարհում շատ երկրներ բազում քայլեր են արել ծնելիության բարձրացման համար՝ հիմնականում ֆինանսական գործողություններ, սակայն այդ երկրներից շատերը հաջողության չեն հասել, որովհետեւ միայն ֆինասական միջոցներով հնարավոր չէ բարձրացնել ծնելիության ցուցանիշը, այդ՝ թվում Հայաստանում: Սակայն մենք ունենք նաեւ զբաղվածության ապահովման, բնակարանների տրամադրման ծրագրեր, որոնք նույնպես կարեւոր են»,-ասաց Աննա Հովհաննիսյանը:

Նարինե Բեգլարյանի դիտարկմամբ՝ հասարակության շրջանում առողջ ապրելակերպի կարեւորությունը պետք է սերմանել դեռ մանկուց:

«Պետք է սկսել դպրոցներից: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ՝ դպրոցներում առողջ ապրելակերպի ուսումնական ծրագրերն են վերանայվում, մշակվում են: Շատ կարեւոր է նաեւ զարգացնել բժշկին դիմելու մշակույթը, որովետեւ դա սովորաբար լինում է դանակը ոսկորին հասնելուց հետո, երբ հիվանդությունն արդեն ակտիվ փուլում է»,-ընդգծեց Բեգլարյանը:

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը