Կարծիք

02.09.2011 15:16


Սոլիդ մարդկանց դեֆիցիտը

Սոլիդ մարդկանց դեֆիցիտը

Ղարաբաղն ու Հայաստանը նշում են իրենց անկախության 20-րդ տարին: Տոնակատարությունները նաև լավ առիթ են բանավեճ սկսելու, հնարավորինս բաց խոսելու համար` գոնե մի քանի օր:

Բաց խոսելը ենթադրում է նաև քննադատություն. Բոլոր երեք նախագահների հասցեին: Թե՛ Լ. Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռ. Քոչարյանը, թե՛ Ս. Սարգսյանը, թե՛ Ա. Ղուկասյանը, թե՛ Բ. Սահակյանը ունեցել են և ունեն կոպիտ սխալներ, որոնց արդյունքում մենք չունենք այն պետությունները, որոնց մասին երազում ենք:  Մենք չունենք կայացած պետական կառույցներ, որի համար 20 տարին լրիվ բավական էր։ Մենք չունենք քաղաքացիական հասարակության ինստիտուտներ, որի համար դարձյալ 20 տարին լի ու լի էր: Բայց ամենակարևորը մենք չունենք սոլիդ մարդկանց այն շերտը, որի կարծիքը պիտի լիներ ծանրակշիռ ու հարգանքի արժանի:

Կայքերից մեկում իր տեսակետն է ներկայացնում Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը.

«1998 թ. հետո, երբ հեղաշրջման արդյունքում Հայաստանի նախագահ դարձավ Ռ. Քոչարյանը և պայման դրեց, որ նա պետք է ներկայացնի նաև Լեռնային Ղարաբաղը, ԼՂ հարցի կարգավորման մի նոր բացասական փուլ սկսվեց։ Այն պահից, երբ Ռ. Քոչարյանը, լինելով չընտրված նախագահ, ներկայացրեց նաև Ղարաբաղը բանակացային գործընթացում, Ղարաբաղը կորցրեց իր անկախությունը, կորցրեց իրական անկախություն ձեռք բերելու հնարավորությունը»,– ասում է Հ. Հովհաննիսյանը։

Որպես տեսակետ, սա կարելի է քննարկել, հակափաստարկներ բերել, նույնիսկ համաձայնվել: Բայց դարձյալ առնչվում ենք սոլիդության դեֆիցիտին: Իսկ սոլիդության պակասը միշտ լրացվում  է դատարկախոսության, էժանագին վարքագծի ու անլրջության ավելցուկով:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը, Լիբերալ կուսակցության նախագահը և այսօր ՀԱԿ-ի առաջին շարքերում գտնվող անձը, նախագահ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եղել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը: Որպես ԱԺ պատգամավոր և պատվիրակության նախագահ նա իր բոլոր քայլերը համաձայնացնում էր ԱԺ ղեկավարության հետ, իսկ առավել կարևորները` Ռ. Քոչարյանի: Այդ երկար տարիների ընթացքում նա գոնե մեկ անգամ չխոսեց նախագահի լեգիտիմության մասին, գոնե մեկ անգամ կասկածի տակ չդրեց Ղարաբաղյան բանակցային գործընթացի ընտրված տարբերակը: Այժմ «թունդ» լևոնական դարձած Հովհաննես Հովհաննիսյանը հլու հնազանդ անում էր այն, ինչը ասում էին նախագահականից: Բայց մեկ բան անում էր ինքնակամ. ԱԺ և նախագահականի միջանցքներում անվերջ բամբասում էր առաջին նախագահի եղբոր` Թելման Տեր-Պետրոսյանի արածներից: Անվերջ պատմում էր իրական ու հորինած պատմություններ, բայց ինքնակամ, որովհետև նրան ոչ ոք դա չէր խնդրում և պարտադրում: Այդպիսին էր նրա քաղաքական աշխարհայացքը և բարոյականության պաշարը: 2003-ին ամեն ինչ արեց շարունակելու իր ծառայությունը այժմյան իր խոսքերով «չընտրված և Ղարաբաղի անկախությունը վտանգած» Ռ. Քոչարյանին, բայց չստացվեց:

Կրկնում եմ, Քոչարյանը, ինչպես և բոլոր ղեկավարները ունեցել են էական սխալներ: Դրանցից է նաև լակոտական էլիտաների ձևավորումը: Գուցե, իրոք, երկրորդ նախագահին պետք է հարցնել, թե ինչ գործ ուներ կոմունիստա–հհշական Հ. Հովհաննիսյանը Ձեր շրջապատում: Իսկ բազմաթիվ այլ, պատկառելի մարդիկ հեռու էին:  Միայն հենց այն հանգամանքը, որ նա անվերջ նսեմացնում էր առաջին նախագահի եղբորը, պիտի ազդանշան լիներ, որ նույնը  որոշ ժամանակ անց, անելու է այլոց մասին:

Բառիս բուն իմաստով ասածներս վերաբերում է նաև Ս. Սարգսյանին: Այն մարդիկ, ովքեր այսօր նրա համար պատրաստ են հրապարակային ստորացումների և այլ ինքնանվաստացման քայլերի, վաղը առաջին իսկ հնարավորության դեպքում անելու են հակառակը:

Հաշվի առնելով այս ամենը ևս մեկ անգամ գալիս ես այն եզրակացության, որ պետությունները, առավել ևս մեզ նման փոքր և պրոբլեմատիկ, պետք է ղեկավարվեն պետական ինստիտուտների և կառույցների կողմից: Երբ այն կառուցվում է անհատների վրա, անմիջապես «լակոտության գործակիցը» սահմանում է  հերթական պատմական ռեկորդը:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը