Մեկնաբանություն

02.07.2022 09:22


Նիկոլ Փաշինյանի պրոադրբեջանական մեկնաբանությունների բուն պատճառը

Նիկոլ Փաշինյանի պրոադրբեջանական մեկնաբանությունների բուն պատճառը

Ղարաբաղյան հակամարտության լուծման թեմայով Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդես է գալիս մեկնաբանություններով: Նրա ձևակերպումներն այնպիսին են, որ գալիս ես հետևյալ եզրակացության՝ նա կա՛մ ավարտված դավաճան է, կա՛մ ծայրահեղ հիմար: Կա տեսակետ, որ երկուսը միասին:

Նիկոլը ստում է: Նրա այդ ստերին բազմիցս ենք անդրադարձել ու ստիպված ենք կրկին անդրադառնալ, քանզի եթե ստի դեմը չես առնում, ապա փորձ է արվում այն ճշտի տեղ անցկացնել:

Նիկոլի սուտը կոնկրետ միտում ունի: Ի՞նչ է ասում նա: Եթե ամփոփ ներկայացնենք նրա սուտը, ապա կստանանք այս պատկերը՝ «Ես մեղավոր չեմ: Նախկիններն են Ղարաբաղը հանձնել ու գցել խեղճ հարիֆիս գրպանը, ես ի՞նչ կարող էի անել»:

Նիկոլը Մադրիդյան սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանի օգտին: Մեկնաբանում է այնպես, որ նույնիսկ Ալիևն այդպես չի մեկնաբանում:

Ըստ նրա՝ Մադրիդյան սկզբունքներում առկա այն ձևակերպումը, որ Արցախի վերջնական կարգավիճակի համար պետք է տեղի ունենա հանրաքվե, նշանակում է, որ Ղարաբաղը կարող էր լինել Ադրբեջանի կազմում: Նիկոլը նաև ասում է, որ նոր հանրաքավեի կետով չեղյալ է համարվել 1991-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած Արցախի անկախության հանրաքվեն: Սա սուտ է, լկտի սուտ: Նույնիսկ Ալիևն է հայտարարում, որ մինչև Նիկոլի իշխանության գալն իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը:

Եթե 1998-ից սկսած, ինչպես Նիկոլն է պնդում, ՀՀ իշխանությունները բանակցել էին Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար, ապա ինչո՞ւ հայր ու որդի Ալիևները չէին վերցնում այն: Եթե ՀՀ իշխանությունները բանակցել են Մեղրիի շուրջ, ապա ինչո՞ւ ադրբեջանցիները չէին վերցնում այն: Ի՞նչ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները 20 տարուց ավելի համոզում էին Ալիևներին, որպեսզի նրանք վերցնեն Ղարաբաղը, իսկ Ադրբեջանի ղեկավարները համառորեն չէին վերցնո՞ւմ: Ո՞ւմ է էշի տեղի դնում Նիկոլ Փաշինյանը՝ իրե՞ն, համանախագահողների՞ն, Ալիևների՞ն, թե՞ իրեն հավատացող պողոսներին: Պարզ չէ՞, որ ՀՀ իշխանությունները ձգտել են Արցախի անկախության ու միջազգային ճանաչման, իսկ Ադրբեջանը ձգտել է Արցախը վերցնել: Դրա համար էլ հակամարտող կողմերը չէին գալիս ընդհանուր եզրակացության ու բանակցությունները ձգվում էին, ձգվում էին այնպես, ինչպես տասնամյակներ ձգվող աշխարհի այլ հակամարտությունների բանակցությունները: Ղարաբաղյանն էլ կարող է տասնամյակներ տևել, բայց Նիկոլն ուզում է ամեն ինչ հանձնել, թեման փակել ու «Սերգո ջանին լավ, ավելի ճիշտ՝ խաղաղ ապրեցնել», թեև հիմա ասում է, որ հանձնելը դեռ խաղաղության երաշխիք չէ, բայց դե պետք է հանձնել:

Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներով նախատեսված հանրաքվեին, ապա դա տեղի էր ունենալու Արցախի միջազգային ճանաչման համար, քանզի 1991-ի հանրաքվեն անցկացվել էր այլ պայմաններում ու այլ քարտեզով:

Ինչպես հայտնի է, 1991-ից հետո տեղի է ունեցել լայնամասշտաբ պատերազմ, որի արդյունքում փոխվել է Արցախի տարածքը: Այն ընդլայնվել է: Մադրիդյան սկզբունքները «Տարածքներ՝ Արցախի կարգավիճակի դիմաց» բանաձևի շրջանակներում էին: Բնական է, որ հայկական կողմը պնդում էր, որ Արցախի կարգավիճակը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ Ալիևը հակառակն էր պնդում: Դրա համար էլ լուծում չէր գտնվում: Ասել է թե՝ Ղարաբաղը ոչ թե հանձնվել էր մինչև Նիկոլի վարչապետի աթոռին հայտնվելը, այլ դրա շուրջ տեղի էին ունենում անզիջում բանակցություններ: Իսկ պատերազմ չէի լինում, քանզի հայկական կողմը չէր տալիս դրա ֆորմալ լեգիտիմության առիթը, միջազգային հանրությունը դեմ էր դրան ու կար ուժերի բալանս:

Հիմա Նիկոլը բացահայտ ադրբեջանամետ մեկնաբանություններ է ներկայացնում Մադրիդյան սկզբունքների պահով, որպեսզի թաքցնի իր հանցագործությունները, արդարացնի իր արած զիջումներն ու սպասվելիք զիջումները: Նիկոլն ասում է՝ միևնույն է Ալիևը չէր համաձայնելու Արցախի անկախությանը: Պարզ չի՞, որ չէր համաձայնելու: Հայկական կողմն էլ պետք է չհամաձայներ Արցախի կորստին, ոչ թե պատերազմի առիթ տար ու ամեն ինչ աներ պարտվելու համար:

Իրականությունն այն է, որ Նիկոլը 2018-ի մայիսի 9-ից սկսած ամեն ինչ արեց (դավաճանաբա՞ր, թե՞ հիմարաբար, «հերձումը» ցույց կտա), որպեսզի բանակցային գործընթացը մտնի փակուղի, կազմաքանդեց բանակը, պառակտեց հասարակությանը, փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները, հնարավորություն տվեց Թուրքիային մտնել մեր տարածաշրջան ու պատերազմել Հայաստանի դեմ:

Իր այս պետական հանցագործությունները կոծկելու համար Նիկոլը լկտիաբար ստում է, նենգափոխում է բանակցային գործընթացի էությունը և բացահայտորեն հանդես գալիս Ադրբեջանի օգտին: Նպատակն իր կաշին փրկելն է: Այդ փրկությունը նա տեսնում է թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկման միջոցով:

Նիկոլն իր իշխանության պահպանման ու ֆիզիկական անվտանգության ապահովումը տեսնում է թուրքական գծի մեջ: Դրա համար էլ ժամերով հակապետական քարոզ է տանում լրագրողներից թաքնված ինքնաասուլիսների ու այլ միջոցառումների ժամանակ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը