Քաղաքական

01.07.2022 08:49


Փաշինյանի աշխատակազմից Բագրատ Բադալյանի կնոջ բիզնեսը ծաղկում է, այն էլ՝ ժամ առ ժամ

Փաշինյանի աշխատակազմից Բագրատ Բադալյանի կնոջ բիզնեսը ծաղկում է, այն էլ՝ ժամ առ ժամ

Կառավարությունը պետական բյուջեից 63 միլիոն դրամ կհատկացնի հերթական անգամ հայաստանյան ճանապարհների ասֆալտապատման նախագծային աշխատանքների համար. ուշագրավ է, որ այդ ճանապարհներին փռվող ասֆալտների որակի վերահսկման ծառայությունների համար պետական բյուջեից դարձյալ վճարվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի կնոջը պատկանող ընկերությանը՝ «Ճաննախագիծ ՍՊԸ-ին։

Ըստ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Բադալյանի կնոջը պատկանող ընկերության մինչև ստորագրված փաստաթղթի՝ հայտարարվել է մրցույթ, որի ընթացքում ասֆալտի որակը ստուգելու համար հաղթել է 3 ընկերություն, որոնցից մեկը հենց նախկինում Բագրատ Բադալյանին պատկանող ընկերությունն է, որը վերջինս հանձնել է կնոջը՝ հավատարմագրային կառավարման։

Ուշագրավ է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, չգիտես՝ ինչու, և՛ մրցույթ հայտարարելու, և՛ մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրեր կնքելու դեպքում միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքում է հենց «Ճաննախագիծ» ՍՊԸ-ի հետ, հավանաբար՝ այս ընկերության «անփոխարինելիության» պատճառով։

Մրցույթով հաղթելուց բացի, այս ընկերության հետ նաև կնքվել է մեկ անձից գնման ընթացակարգով ևս երկու պայմանագիր՝ արժեքը շուրջ 25 միլիոն դրամ։

Համեմատության համար նշենք, որ նախկինում Բագրատ Բադալյանին պատկանող այս ընկերությունը 2015 թվականին կարողացել է կնքել ընդամենը 4 գնման պայմանագիր, իսկ ահա նրա՝ պաշտոնյա դառնալուց հետո այդ պայմանագրերի թիվը բազմապատկվել է.

2021-2022 թվականներին կնքել է 1 միլիոն 400 հազար դոլարի շուրջ 2 տասնյակ պայմանագիր։

Հիշեցնենք, որ «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995-ին, մինչև 2020-ը ընկերության գլխավոր բաժնետերը եղել է Սամվել Բադալյանը՝ Բագրատ Բադալյանի հայրը։

2019 թվականին հայրն իր բաժնեմասը՝ 88.13%-ը, փոխանցել է որդուն, որն էլ դա հավատարմագրային կառավարման է հանձնել կնոջը՝ Մարգարիտա Ագանիսյանին։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը