Մեկնաբանություն

30.06.2022 16:41


Նիկոլի իրական կարգախոսը՝ «Ապագա չկա՛»

Նիկոլի իրական կարգախոսը՝ «Ապագա չկա՛»

Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց «Ապագա կա՛» կարգախոսով, որը օրուելյան ոճի էր, քանզի կսազեր միայն «Անասնաֆերմայի» հերոսներին:

Նիկոլի «Ապագա կա՛»-ն երեք բաղադրիչ ուներ՝

1.խաղաղության դարաշրջան,

2.թալանի դեմ պայքար,

3.լավ կյանքի ապահովում:

Սկսենք վերջին կետից:

Նիկոլը լավ կյանքը խոստանում էր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելով ու պղնձաձուլարան կառուցելով:

Նիկոլի ասածն այն էր, որ պետք է բավարարել մեր թշնամի հարևանների ուզածները, սահմանները բացել, ճանապարհները բացել ու լավ ապրել: Դե իսկ պղնձաձուլարանն էլ որպես բոնուս (սրա մասին հիմա «մոռացել» են):

Իրականությունն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը, Շուշիում կնքած հակահայկական հռչակագրի շրջանակներում, աշխատում են Հայաստանի ու Արցախի դեմ: Եթե նրանց պահանջներն ու պայմանները բավարարվեն, ապա ոչ թե կյանքը կլավանա, այլ զոհասեղանին կհայտնվեն Հայաստանն ու Արցախը: Հիմա մենք այդ գործընթացի ականատեսն ենք:

Լավ կյանքի մասով ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները ստացել են գների աճ, աղքատության ավելացում ու խոր անորոշություն: Տարադրամային քաղաքականության արդյունքում քաղաքացիները թալանվում են, տուժում է արտահանումը, ավելի քիչ ապրանք ու ծառայություն են կարողանում ձեռք բերել դրսի տրանսֆերներով ապրող հարյուր հազարավոր քաղաքացիներ:

Քաղաքացին թալանվում է տարբեր ձևերով: Եվ սա մուրճը ձեռքին թալանի դեմ պայքարի խոստում տված Նիկոլի իշխանության օրոք: Շարքային քաղաքացիներն աղքատանում են Նիկոլի շրջապատի կտրուկ հարստացման պայմաններում: Ստացվում է, որ երբ Նիկոլն ասում էր՝ «Ապագա կա՛», նկատի ուներ իր «կռուգի» լավ ապագան ու մյուսների դժբախտ ու դժգույն ապագան: Իսկ երբ մուրճ էր ճոճում, ճոճում էր այն իր ընտրողների գլխին իջեցնելու հեռանկարով: Նրա բոլոր ասածները միշտ հակառակ նշանով են կատարվել:

Ինչ մնում է խաղաղությանը, ապա Նիկոլն արդեն խոսում, ավելի ճիշտ՝ վախեցնում է նոր պատերազմով, որպեսզի արդարացնի իր զիջածներն ու զիջելիքը:

Եթե մի պահ ընդունենք, որ Նիկոլն իրոք սացել է 680 հազար քվե, ապա նա ու իր թիմն այլևս լեգիտիմ չեն, քանզի բոլոր կետերով խաբել են իրենց հավատացողներին:

Ոչ լեգիտիմության հարցը քաղաքականության մեջ առաջացնում է վակում: Թե ինչպես և ում միջոցով կլցվի վակումը, արդեն այլ խոսակցության թեմա է:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը