Քաղաքական

28.06.2022 21:15


Սաղաթելյանը մեկնաբանել է ընդդիմությանը մանդատներից զրկելու իշխանության ծրագրերը (տեսանյութ)

Սաղաթելյանը մեկնաբանել է ընդդիմությանը մանդատներից զրկելու իշխանության ծրագրերը (տեսանյութ)

Մանդատը մեզ իշխանությունը չի տվել, որպեսզի զրկի: Մանդատը ժողովուրդն է տվել, 270 000 ՀՀ քաղաքացի քվեարկել է «Հայաստան» դաշինքի օգտին: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա հիշեցրեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ դաշինքի հիմնական թեզերից մեկը կառավարությանը հեռացնելն ու երկիրը ստեղծված բարդ վիճակից դուրս բերելը, հզոր Հայաստանը ստեղծելը, Արցախից հայերի արտաքսումը կանխելն ու արժանի խաղաղություն ապահովելն էր:

«Մենք սպասարկում ենք ՀՀ այն քաղաքացիների օրակարգը, որոնք մեզ մանդատ են տվել: Այսօր ընդդիմության եւ իշխանության օրակարգը չի համընկնում: Մենք ասել ենք, որ խորհրդարան կգնանք բացառապես մեր օրակարգով: Եվ մենք եկանք, իսկ իշխանությունը փախչում է: Վաղը եթե անհրաժեշտ լինի գնալ խորհրդարան այդ օրակարգով, իշխանությունը կրկին կփախչի, քանի որ ասելիք չունի»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ հիմարություն է զրկել մանդատներից: «Մենք հավատարիմ ենք այն օրակարգին, որին համար ձայն ենք ստացել: Նրանք սրճարան են գնում բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ, պառկում են քնելու եւ փողոցով քայլում են վախը սրտներում, նրանք գիտեն, որ երկար չեն մնա իշխանության ղեկին: Մենք այդ ավազակախմբի հետ բաց պայքարի ենք դուրս եկել: Մանդատը մեզ համար ընդամենը պայքարի գործիք է: Եթե իշխանությունը ցանկանում է զրկել մեզ մանդատից, թող զրկի: Դա որեւէ կերպ չի անդրադառնա մեր պայքարի վրա»,-ընդգծեց Սաղաթելյանը:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ ՔՊ-ն քննարկում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը:

Այս խորագրի վերջին նյութերը