Կարծիք

01.09.2011 15:58


Ստի եւ կեղծիքի քառուղիներում

Ստի եւ կեղծիքի քառուղիներում

«Երկխոսությունը», որը նախաձեռնել էր Սերժ Սարգսյանը, որի ընթացքից նա գոհ էր, եւ որին մասնակցում էին նույն Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները, այսօր առկախված է: Ընդ որում, առկախման մասին հայտարարությամբ հանդես եկավ Հայ ազգային կոնգրեսը:

Հասարակությունը, մեծ հաշվով, անտարբեր է «երկխոսության» նկատմամբ, քանի որ հասկանում է, որ այնտեղ իր շահերը կողմերից որեւէ մեկը չի արտահայտում: Այսուհանդերձ, քանի դեռ մեր հասարակության մի փոքր մասը դեռ որոշակի հույսեր է կապում «երկխոսության» կամ Հայ ազգային կոնգրեսի հետ, եւ քանի դեռ Կոնգրեսը շարունակում է իրեն հռչակել ժողովրդի ներկայացուցիչ, ապա ստիպված ենք մեկ անգամ եւս անդրադառնալ այս խնդրին:

Ո՞ւմ էր ձեռնտու «երկխոսության» առկախումը: Սա այն դեպքն է, երբ այս հարցին պատասխանելն ավելի քան հեշտ է: «Առկախման» մասին հայտարարել է Կոնգրեսը, բացի այդ, վարչախումբը այնպիսի գործողություն չի իրականացրել` հույս ունենալով, որ դրանից հետո Կոնգրեսը կդադարեցնի «երկխոսությունը»: Ստացվում է, որ առկախումը բխում էր Կոնգրեսի ղեկավարության շահերից: Իսկ ինչո՞ւ: Թվում էր, թե կոնգրեսականները «գուրգուրում» են «երկխոսությունը», որի մասին նրանք եւս հայտարարում էին, որ նրանից չեն հրաժարվի:

Իրականությունն այն է, որ Կոնգրեսը «երկխոսության» արդյունքում կորցնում էր իր առանց այն էլ փոքրիկ վարկանիշը: ՀԱԿ-ի ղեկավարները հասկանում էին, որ որքան էլ սերտ հարաբերություններ հաստատած լինեն վարչախմբի հետ, բայց առանց քիչ, թե շատ հասարակական աջակցության իրենք խորհրդարանում հայտնվելու ոչ մի հնարավորություն չեն ունենա: Ավելին, նույն Սերժ Սարգսյանը, համոզվելով, որ Կոնգրեսի վարկանիշը մոտ է զրոյին, առանց խղճի խայթի կխախտեր բոլոր պայմանավորվածությունները: Ահա այս իրավիճակում Կոնգրեսը պետք է քայլեր ձեռնարկեր, որը թույլ կտար բարձրացնել իր վարկանիշը:

Մյուս կողմից որքան մոտենում էր սեպտեմբերը, այնքան կոնգրեսականներն ավելի նյարդային էին դառնում, քանի որ հայտարարել էին, թե մինչեւ սեպտեմբեր վարչախմբից ակնկալկում են ստանալ իրենց հարցերի պատասխանը: Հիմա ասում են, թե իրենց ճիշտ չեն հասկացել, քանի որ սեպտեմբերը բաղկացած է երեսունմեկ օրից: Բայց պարզից էլ պարզ է, որ նույնիսկ եթե վերջնաժամկետը լինի նոյեմբերի 1-ը, միեւնույնն է, Սերժ Սարգսյանը չի հայտարարելու իր հրաժարականի մասին եւ խորհրդարանն էլ չի ցրելու: Իսկ Կոնգրեսն իր շարքերին հավաստիացրել էր, թե «երկխոսությունը» շախմատային այնպիսի քայլ է, որից հետո Սերժ Սարգսյանին մնում է հանձնվել կամ մատ լինել:

Ահա այսպիսի իրավիճակում Լեւոն Տեր-Պետրոսյանին պետք էր այնպիսի իրավիճակ ստեղծել, որ նա առիթ ունենար առկախել «երկխոսությունը»: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կոնգրեսական ակտիվիստների պահվածքը Երեւանի կենտրոնում անակնկալ են եղել նաեւ Կոնգրեսի ԿԳ-ի համար, քանի որ նրանք բավական ուշացումով որոշում կայացրին օգտվել ստեղծված իրավիճակից: Հիմա Կոնգրեսի ղեկավարության անդամներն իրար հերթ չտալով ասում են, թե իրենք այնքան սկզբունքային են, որ նույնիսկ մեկ քաղբանտարկյալի առկայության դեպքում չեն նստի բանակցությունների սեղանի շուրջ վարչախմբի ներկայացուցիչների հետ: Մի կողմ դնելով այն հարցը, թե որքանով է Կոնգրեսի երիտասարդը քաղբանտարկյալ, արձանագրենք, որ նրա ձերբակալությունից հետո Կոնգրեսի «երկխոսողները», մոռանալով իրենց սկզբունքայնության մասին, բանակցել են Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների հետ եւ քննարկել «երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր»: Ավելի ուշ միայն նրանք հասկացան, որ չպետք է ձեռքից բաց թողնել հարմար առիթը, միայն թե ցայտնոտում նրանք արդեն հասցրել էին կոպիտ վրիպումներ թույլ տալ, ինչը նրանց թույլ չի տա շտկել իրավիճակը:

Ամենամեծ վրիպումն այն չէ, որ նրանք Տիգրան Առաքելյանի ձերբակալությունից հետո «երկխոսել» են, այլ այն, որ խոստովանեցին, որ գաղտնի համաձայնության են եկել Սերժ Սարգսյանի թիմակիցների հետ:

«Այդ օրը, երկխոսության ընթացքում առաջին անգամ որոշվեց, հարգելով իշխանության պատվիրակության խնդրանքը, առայժմ չհրապարակել քննարկման մանրամասները: Պատվիրակությունը նման խնդրանքը ներկայացրեց, պատճառաբանելով, որ դա կհեշտացնի խնդրի լուծումը»,- սա հատված է ՀԱԿ-ի հայտարարությունից: Այսպիսով, հենց Կոնգրեսն է արձանագրում, որ իրենք գնացել են գաղտնի պայմանավորվածության: Հիմա Կոնգրեսի ղեկավարներն ինչքան էլ պնդեն, թե իրենց ճիշտ չեն հասկացել, այսուհանդերձ, ամեն ինչ ավելի քան պարզ է: Այնպես որ, մենք, հիշելով հին հայկական ասացվածքը, թե ձու գողացողը ձի էլ կգողանա, կարող ենք առանց խղճի խայթի ենթադրել, որ մեր պետության եւ ժողովրդի համար կարեւոր նշանակության հարցերում եւս Կոնգրեսը տարբեր շարժառիթներով պատրաստ է գործարքներ կնքել ժողովրդի թիկունքում:

Մեկ մեջբերում եւս Կոնգրեսի հայտարարությունից. «Պատասխան խոսքում Կոնգրեսի պատվիրակությունը հայտարարեց, որ իշխանությունների հավաստիացումները հեռացնում են բանակցությունների շարունակման համար վերջին խոչնդոտը եւ առաջարկեց շարունակել օրակարգային հարցով բովանդակային քննարկումները»: Ահա այսպես, եւ հիմա որեւէ մեկը չի կարող ասել, թե ակտիվիստի ձերբակալումից հետո Կոնգրեսն այնքան սկզբունքային է եղել, որ դադարեցրել է «երկխոսությունը»: Ավելին, մենք կարող ենք արձանագրել, որ Կոնգրեսը պարզապես փակ դռների ետեւում ժողովրդից գաղտնի պայմանավորվածությունների է փորձել հասնել: Եւ հավանաբար այս հայտարարությունն ընդունելուց կոնգրեսականներն այնքան են հուզված եղել, որ նույնիսկ «խոչընդոտ» բառն առանց «ը» տառի են գրել: Ցայտնոտի պահին այսպիսի բաներ էլ են լինում:

Եւ այսքանից հետո Կոնգրեսի ղեկավարության հայտարարությունները, թե իշխանությունները, մտահոգված լինելով «երկխոսության» արդյունքներով, տորպեդահարում են այն, ընդամենը ծիծաղ են առաջացնում: Սպասենք, թե Կոնգրեսը «Վիքիլիքսի» օրինակով էլ ինչ բացահայտումներ կանի` ցույց տալու համար, թե այդ ինչ արդյունքներ են եղել, որից վարչախումբը վախեցել է:

Եւ հերթական անգամ ստիպված ենք կրկնել, որ Կոնգրեսը եւ Սերժ Սարգսյանի թիմը մի շարք հասկանալի պատճառներով պետք է հրաժարվեն պետությունը ղեկավարելու ցանկությունից եւ հեռանան քաղաքականությունից: Սա բխում է մեր ժողովրդի շահերից: Իսկ նրանց խաղերը արդեն վտանգավոր են դարձել: Յուրաքանչյուր նոր օր Հայաստանն ավելի թույլ եւ խոցելի է դառնում, իսկ ժողովուրդն էլ ավելի վատ է ապրում:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը