Աշխարհ

27.06.2022 11:15


Ալիևն այցելել է Քարվաճառ և կրկին սպառնացել Հայաստանին

Ալիևն այցելել է Քարվաճառ և կրկին սպառնացել Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի կողմից օկուպացված Քարվաճառի շրջան, որտեղ մասնակցել է «Քալբաջար-1» փոքր հիդրոէլեկտրակայանի բացմանը, գրում է Minval.az-ը։

Նշվում է, որ Լև գետի վրա կառուցված կայանն օկուպացված Քարվաճառում Բաքվի կողմից կառուցված և շահագործման հանձնված առաջին հիդրոէլեկտրակայանն է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանի զորամասերից մեկում հայտարարել է, որ «պատերազմից հետո ադրբեջանական բանակն էլ ավելի է ուժեղացել թե՛ մատակարարումների, թե՛ մարտունակության առումով», գրում է Minval.az-ը։

«Մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել մեր բանակը զարգացնելու ուղղությամբ: Նոր պայմանագրեր են կնքվել ամենաժամանակակից զենքի գնման համար։ Այդ պայմանագրերն արդեն կատարվում են, նոր սպառազինություններ ու ամենաժամանակակից տեխնիկա են մատակարարվում ու կմատակարարվեն Ադրբեջանին։ Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն: Եթե Հայաստանը սահմանների հստակեցման հարցում կրկին դիմի «իր մարտավարությանը» (չակերտները՝ Tert.am), փորձի ժամանակ ձգձգել, ապա ի վերջո կզղջա: Մենք ուշադիր հետևում ենք «ռևանշիստական ուժերի» (չակերտները՝ Tert.am) գործողություններին, որոնք փորձում են գլուխ բարձրացնել Հայաստանում»,-ասել է Ալիևը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը