Քաղաքական

25.06.2022 14:32


Վիճաբանությանը ներկա են եղել Արագածոտնի փոխմարզպետ Փարվանյանի հորեղբոր տղաները և ՔՊ–ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբայրը․ Ապարանում սպանվածի հայր

Վիճաբանությանը ներկա են եղել Արագածոտնի փոխմարզպետ Փարվանյանի հորեղբոր տղաները և ՔՊ–ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբայրը․ Ապարանում սպանվածի հայր

Կրակոցներից մեկ օր առաջ վիճաբանություն է եղել, որի մասին տեղյակ է եղել ամբողջ ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ, այնուհետև այդ վիճաբանությունը շարունակվել է փոխմարզպետին պատկանող գազալցակայանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ապարանում կրակոցներից սպանված Տիգրան Հարությունյանը հայրը։

«Վիճաբանությանը ներկա են եղել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաները և Մաթևոս Ասատրյանի եղբայրը։ Մեր պահանջն այն է, որ արդար քննություն ընթանա և բոլոր մեղավորները պատժվեն։ Բոլորի համար տարօրինակ է, որ սպանությունից մեկ շաբաթ անցել է, բայց ձերբակալվել է ընդամենը 1 հոգի»,-ասաց նա, հավելելով, որ պահանջատեր են լինելու, որ բոլոր մասնակիցները պատժվեն։

Հարցին, թե իրավապահ համակարգը քիչ լուր է հայտնում, իշխանավորները լռում են, սպանվածի հայրն ասաց, որ պետք չէ քաղաքականացնել, իրենց պահանջը մեղավորներին պատժելն է։

Հարցին՝ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը և իշխանության այլ ներկայացոցիչներ եղե՞լ են հոգեհանգստին, սպանված Տիգրան Հարությունյանի հայրն ասաց․

«Ոչ, միայն մարզպետն է եղել։ Ասում են, որ միջադեպի տեսագրությունը եղել է, բայց ջնջվել է Էդգար Փարվանյանի պատկանող գազալցակայի տեսախցիկներից, հանել, տարել են։ Հիմա մենք կսպասենք ինչ գործողություններ են կատարում Քննչական կոմիտեն և ոստիկանությունը»։

Հարազատներից մեկն էլ նշեց, որ մինչև Փարվանյանները չհեռանան Ապարանից, իրենք հանգիստ չեն ապրելու։

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով սպանվել է երկու երիտասարդ։ Դեպքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև: Ըստ այդ լուրերի`վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները ավտոմատներով կրակել են երիտասարդների վրա:

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը գրառում արեց ֆեյսբուքյան իր էջում` վստահեցնելով, որ դա բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ։

Ոստիկանությունն էլ հաղորդագրություն տարածեց` ընդգծելով, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի։

Այժմ հարազատները օբյեկտիվ քննություն են պահանջում, և պահանջում են, որպեսզի բացահայտվեն մեղավորները ու որ նրանք չապրեն ապարանում։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը