Աշխարհ

25.06.2022 15:31


Խաչքարի մեջ էլ գանձ են փնտրում․ թուրք գանձախույզներն ավերում են հին հայկական գերեզմանները

Խաչքարի մեջ էլ գանձ են փնտրում․ թուրք գանձախույզներն ավերում են հին հայկական գերեզմանները

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը Sputnik Արմենիայի եթերում պատմել է Թուրքիայում հայկական գերեզմանատների ու եկեղեցիների վիճակի մասին

Թուրքիայում բոլոր, այդ թվում՝ Կարսի նահանգում հայկական գերեզմանոցները և՛ ավերման, և՛ գանձախուզության թիրախ են, իսկ պետությունը որևէ կերպ չի կանխում։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։

Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթը նախօրեին գրել էր, որ Կարսի Ուչլեր թաղամասի հին հայկական գերեզմանոցը գանձախույզների կողմից ավերվում է, իսկ գերեզմանատան դիմաց եղած հին եկեղեցին ամբողջովին փլուզման եզրին է։ Այս կապակցությամբ տեղի բնակչությունը պահանջում է, որպեսզի պատմական հուշարձաններն ու խաչքարերը պետական պահպանության տակ առնվեն։

«Պետական հոգածություն չկա, թուրքական պետությունն ընդհանրապես հետաքրքրված չէ այդ հուշարձաններով, հետևաբար այդ բարձիթողի վիճակը խրախուսում է գանձախույզներին իրենց գործն անել»,-պատմեց Քորթոշյանը։

Կարսում մի քանի եկեղեցի կա, որոնցից մեկը՝ սուրբ Առաքելոց եկեղեցին, արդեն մզկիթի է վերածված, սակայն շինությունը լավ վիճակում է։ Մյուս եկեղեցին, որի անունը Քորթոշյանը չմտաբերեց, կիսով չափ փլուզված է արդեն, պահպանվել են միայն արևելյան հատվածը, այսինքն՝ խորանի մասը, և հյուսիսային պատի մի հատվածը։ Առաստաղն ու արևմտյան և հարավային պատերն ամբողջությամբ փլուզված են։ Քորթոշյանի խոսքով՝ եկեղեցին արդեն մոտ 50-60 տարի է՝ այդ վիճակում է։

«Անընդհատ լինում են գանձախուզություններ ու ավերածություններ։ Մի քանի անգամ այցելել ենք ու ամեն անգամ տեսնում ենք նման դեպքեր՝ արձանագրությունների տեղահանում, խաչքարերի վնասում և այլն»,-նշեց Քորթոշյանը։

Նա շեշտեց, որ թուրքական թերթի հայտնած լուրը նոր բան չէ, և առաջին անգամ չէ, որ հայկական հուշարձանների նկատմամբ նման բաներ են տեղի ունենում ամբողջ Թուրքիայի տարածքում, ոչ միայն Կարսում։ Պարզապես այս անգամ մեդիայում բարձրաձայնվել է հենց Կարսի գերեզմանոցի մասին։

Ուշագրավ է, որ գանձախույզները կոտրում ու ավերում են ամեն ինչ, հատկապես՝ խաչքարերը։ Քորթոշյանի տվյալներով՝ նրանք նույնիսկ կարծում են, որ հայերը խաչքարի ներսում են ինչ-որ բան են թաքցրել, դրա համար էլ քանդում ու կոտրում են։ Թեպետ այս երևույթը, ըստ նրա, ոչ միայն պարզ գանձախուզություն է, այլ նաև՝ հայատյացություն։

«Նրանք նույնիսկ քերում, կտրտում են արձանագրությունները։ Գործ ունենք նաև հայերեն արձանագրությունների կամ խաչքարերի նկատմամբ ատելության հետ։ Գանձախուզությունը, որպես վատ երևույթ, ամբողջ աշխարհում կա, բայց Թուրքիայում դրանից առավել է, այսինքն, գանձախույզը նաև ատում է խաչքարը կամ եկեղեցին, քրիստոնեական ու հայկական հուշարձանը, ու քանի որ ձեռքին գործիքն էլ ունի, փորելու հետ փշրում է դրանք»,-ասաց Քորթոշյանը։

Հայկական այս հուշարձանների պահպանությամբ պետք է հենց թուրքական պետությունը զբաղվի, որը Լոզանի պայմանագրով պարտավորություն է ստանձնել պաշտպանելու փոքրամասնությունների ու նամանավանդ հայերի և՛ պաշտպանմունքային կառույցները, և գերեզմանական հուշարձանները, սակայն արդեն 100 տարի է՝ չի կատարում դրանք։

Այն պատմամշակութային ժառանգությունը, որը Պոլսո Հայոց պատրիարքարանի ենթակայության տակ է, պատրիարքարանը փորձում է պահպանել, բայց դրանք բոլորը Ստամբուլի տարածքում են, իսկ դրանից դուրս քիչ գերեզմանոցներ կան, որ պատրիարքարանի ենթակայության տակ են, հետևաբար միայն պետությունը կարող է դրանք պահել։

«Լոզանի պայմանագրի տակ ստորագրած պետությունները, եթե ցանկանան, կարող են Թուրքիային պարտադրել պահել եղածը, թեկուզ ոչ մի բան չի մնացել, ու 100 տարվա ընթացքում Թուրքիան վերացրել է հայկական եկեղեցիների ու գերեզմանատների 99 տոկոսը, եթե ոչ ավելին»,-նշեց Քորթոշյանը։

Այս խորագրի վերջին նյութերը