Լրահոս

24.06.2022 17:29


Ոստիկանները բացահայտել են «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գրքի և երկաթե զանգի գողությունները. գողոնը գտել են

Ոստիկանները բացահայտել են «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գրքի և երկաթե զանգի գողությունները. գողոնը գտել են

Ահազանգը հունիսի 20-ին էր: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրենը հայտնել էր, որ շենքի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակից գողացել են գիրքը: Եվ սա այն դեպքը չէ, երբ գրքի գողը գող չէ: Գիրքը լատունից էր: Դեպքը կատարվել էր վերջին չորս օրվա ընթացքում, պարզապես այդ օրն էին նկատել գրքի բացակայությունը:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրերին նմանատիպ մեկ այլ գողություն էլ Սայաթ-Նովայի պողոտայում էր եղել: Գողացել էին Տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրված զանգը՝ երկաթե զանգը:

Կենտրոնականի քրեական հետախույզները, համագործակցելով Արաբկիրի գործընկերների հետ, պարզեցին, որ գողություններն արել է Վեդի քաղաքի Կասյան փողոցի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Հետագա միջոցառումների արդյունքում, հունիսի 23-ի ցերեկը, նա հայտնաբերվեց մայրաքաղաքի Ազատության հրապարակում և բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Ամենակարևորը` գողոնը հայտնաբերվել է:

Իսկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները պարզել են նաև, որ Վեդիի բնակչի հետ գողություններին մասնակցել էր հաշվառման վայր չունեցող 38-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա ևս հայտնաբերվել է Երևանի Տիտոգրադյան փողոցում, բերման ենթարկվել և տվել բացատրություն:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը