Քաղաքական

24.06.2022 13:11


Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այդ հարցի վերաբերյալ Արցախում կա հստակ կոնսենսուս. Արամ Վարդևանյան

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այդ հարցի վերաբերյալ Արցախում կա հստակ կոնսենսուս. Արամ Վարդևանյան

«Դիմադրություն» շարժումն անցնում է այլ փուլի, որի շրջանակներում դիմադրության օջախներ են ձևավորվելու ՀՀ ամբողջ տարածքում և Արցախում: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ով երեկ է վերադարձել Արցախի Հանրապետությունից:

«Ըստ էության, նման բնույթի այցեր ավելի հաճախ եք տեսնելու, սա կարելի է ասել՝ առաջնային նպատակներից մեկն էր: Երկրորդ նպատակն Արցախում տրամադրություններ զգալն էր, իրական շփումների միջոցով հանրային, հասարակական, քաղաքական տրամադրությունները զգալը: Նաև «Դիմադրություն» շարժման ելակետերից մեկն այն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախի հարցի շուրջ նշաձողերի իջեցում երբեք չի կարող ընդունելի լինել. այդ հարցի վերաբերյալ Արցախում կա հստակ կոնսենսուս: Այնտեղ կան իշխանական և ընդդիմադիր խմբակցություններ, որոնց բոլորի հետ մենք հանդիպել ենք և այդ հարցի վերաբերյալ այլ կարծիք չկա ու շատ կարևոր է, որ այդքանը նաև օրվա իշխանությունները գիտակցեն»:

Արամ Վարդևանյանը նաև հավելեց, որ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցները չափազանց ոգևորված են «Դիմադրություն» շարժմամբ և այն հայտարարություններով, ելակետերով, որոնք շարժումն արձանագրել է.

«Այս անգամ մեր այցը տարբերվում էր նախորդներից, որովհետև մենք եղել ենք ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև բոլոր շրջաններում և շատ կարևոր հանդիպումներ ունեցել: Չափազանց կարևորում եմ պաշտոնաթող նախագահների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյաի հետ մեր հանդիպումը: Հանդիպումներ ենք ունեցել նաև մեր արցախցի հայրենակիցների հետ և շատ ազնիվ զրույցներ ունեցե: Բոլորն արձանագրում էին, որ նոյեմբերի 9-ի ողբերգությունից հետո առաջին անգամ Արցախում տեղի ունեցավ հանրահավաք, և շատ մեծ էր նրանց զայրույթը, որ այն պաշտոնյաներից մեկը որակել էր համերգ կամ հավաք»:

Ինչ վերաբերում է հանրահավաքներին ու երթերին, Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ իրենց մարզային և արցախյան ակտիվ այցերից Երևանում իրականացվող ակցիաները չեն տուժելու, դրանք իրականացվելու են զուգահեռաբար:

«Արցախի Հանրապետություն, ինչպես նաև մարզեր, քաղաքներ, գյուղեր լինելու ենք շատ ավելի հաճախ, շատ ավելի կազմակերպված ձևով, որովհետև պետք է լինելն դիմադրության օջախներ ամբողջ Հանրապետությունում: Մենք լինելու ենք այլ տեղերում, բայց դրանից հավաքները չեն տուժելու, այսինքն ի հաշիվ հավաքների, ակցիաների դա չի արվելու, բոլորն էլ զուգահեռաբար լինելու են»:

Այս խորագրի վերջին նյութերը