Քաղաքական

23.06.2022 09:36


Աննա Հակոբյանը մեկնում է Մոնակո և Նիցցա. որոշել է զվարճանա՞լ խաղատներում․ «Հրապարակ»

Աննա Հակոբյանը մեկնում է Մոնակո և Նիցցա. որոշել է զվարճանա՞լ խաղատներում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Աննա Հակոբյանը շաբաթվա վերջին պատրաստվում է մեկնել Մոնակոյի Թագավորություն, որտեղից՝ ետդարձի ճանապարհին, անցնելու է Նիցցայով, մասնակցելու է Պարսամյան վարժարանի հիմնադրման 35 ամյակին: Մեր տեղեկություններով, նրան ուղեկցելու է սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Թե ինչ նպատակով է տիկին Հակոբյանը մեկնում Մոնակո, որտեղ հայ համայնք չկա, հայտնի չէ: Գուցե Աննա Հակոբյանը որոշել է զվարճանա՞լ Մոնակոյի խաղատներում: Նրա գրասենյակն առայժմ որեւէ տեղեկություն չի հրապարակել այս մասին, իսկ Հակոբյանի օգնականը՝ Զվարթ անունով, որը տիկնոջ «սթաֆում» ԶԼՄ-ներին պատասխանող միակ աշխատողն է, սովորաբար չի պատասխանում զանգերին:

Բայց մեր տեղեկությունները հաստատեցին սփյուռքի հանձնակատարի գրասենյակից: Զարեհ Սինանյանի խոսնակը՝ Ամալյա Կարապետյանը հայտնեց, որ, այո՝ շաբաթվա վերջին նախատեսված են վարչապետի կնոջ այցեր, հանդիպումներ, որոնց ընթացքում տիկնոջն ուղեկցելու է սփյուռքի գլխավոր հանձնակատարը:

«Քանի որ օրակարգն ամբողջությամբ վերաբերում է վարչապետի տիկնոջ այցին, ճիշտ կլինի, որ հենց վարչապետի տիկնոջն ուղղեք հարցերը: Պարոն Սինանյանն ուղեկցելու է: Առիթն այն է, որ առաջին տիկինը հրավեր է ստացել՝ մասնակցելու Պարսամյան դպրոցի հիմնադրման 35-ամյակի արարողությանը: Պարոն Սինանյանը եւս հրավեր է ստացել Նիցցայի համայնքից»,-ասաց նա:

Իսկ Մոնակոյում պարոն Սինանյանն ուղեկցելո՞ւ է Աննա Հակոբյանին: «Այցի ընթացքում ծրագրված հանդիպումներին պարոն Սինանյանը ներկա է գտնվելու»,-եղավ պատասխանը: Այցի կազմակերպիչների մասին ոչ մի տվյալ հանձնակատարի գրասենյակը չի հայտնում, քանի որ առաջնային հրավերն ուղղված է եղել Աննա Հակոբյանին: Փաստորեն, տիկին Հակոբյանին հրավիրել է Նիցցայի հայ համայնքը:

Իսկ Նիցցայի հայ համայնքում մեր աղբյուրները հայտնում են, որ վարչապետի կնոջ հետ հանդիպման կազմակերպիչները թուրքահայերն են, մասնավորապես՝ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման վաղեմի ջատագով, պոլսահայ գործարար Սամսոն Օզարարատը, որը բնակվում է Ֆրանսիայում եւ արդեն 30 տարի թուրքերի լոբբինգն է առաջ տանում: Նա ղեկավարում է SOS Armeni Cote d'Azur կազմակերպությունը եւ իր ազդեցության տակ է պահում Նիցցայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ու Պարսամյան ամենօրյա դպրոցը: Սովորաբար, հենց նա է կազմակերպում ՔՊ-ական իշխանության հանդիպումները: Հունվարին Օզարարատը Երեւանում է եղել, իսկ փետրվարին Նիցցայում ընդունել է սփյուռքի գլխավոր հանձնակատար Սինանյանին, նրա՝ Ֆրանսիա կատարած անհաջող այցի օրերին: Զարեհ Սինանյանն այն ժամանակ մերժվեց Փարիզի սփյուռքահայ ավանդական կազմակերպությունների կողմից։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) նույնիսկ հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ սփյուռքի գերագույն հանձնակատարը Ֆրանսիա է եկել հայ համայնքը պառակտելու ու թուլացնելու համար՝ «փորձելով առաջ մղել փոքր խմբեր, որոնք հանդիսանում են CCAF-ի այլընտրանքը»: Չի բացառվում, որ Նիցցայում Սինանյանը Օզարարատի աջակցությամբ կփորձի սրբագրել, մեղմել փարիզյան խայտառակ ձախողումը:

Այս անգամ էլ թրքասեր լոբբիստ Օզարարատի հյուրն է լինելու «խաղաղասեր» Աննա Հակոբյանը, բայց այցի պաշտոնական պատրվակը «հայրենասիրական»՝ հայկական ամենօրյա դպրոցն է: Իրական նպատակը, կարծում ենք, պարզ է․ նրանք շատ ընդհանուր թեմաներ կունենան քննարկելու: Պարսամյան դպրոցը կարող է նաեւ հարմար առիթ լինել շրջագայելու, Մոնակոն տեսնելու, ուտել-խմելու: Նույն սերիայից էր 46 հոգանոց պատվիրակության «տուրը» Սանկտ Պետերբուրգ: Ի՞նչ վատ էր որ: Թշվառ պետբյուջեի հաշվին 46 հոգի թռան զով քաղաք, կերան, խմեցին, կենացներ ասացին: Կամ Շվեյցարիա՝ Դավոսի համաժողովին, որպես «կին քաղաքական լիդեր» այցը։ Ի դեպ, հրավիրող կողմը՝ Օզարարատը, մի բանով էլ է հայտնի․ այս անձն է Լիտվայում ՀՀ դեսպան Հովհաննես Իգիթյանի հոգեւոր հայրը, որը 30 եւ ավելի տարի տիրություն է արել նրան եւ Եվրոպայի կարեւոր երկրներից մեկում դեսպան է կարգել։

Հ․Գ. Աննա Հակոբյանի գրասենյակի հետ կապվելու մեր բազմաթիվ փորձերը ձախողվեցին: Գրասենյակն ու աշխատակիցներն այլեւս անհասանելի են լրագրողների համար: Թերեւս՝ այցից հետո գոնե պաշտոնական հաղորդագրությամբ կամ Հ1-ի ռեպորտաժով ցույց կտան, որ տիկինը շատ կարեւոր գործերով այցելել է Նիցցայի հայկական համայնք եւ շատ կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերել:

Այս խորագրի վերջին նյութերը