Քաղաքական

21.06.2022 19:04


ՔՊ-ական պատգամավորի միլիոնների ունեցվածքը

ՔՊ-ական պատգամավորի միլիոնների ունեցվածքը

ArmLur.am-ը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է ոչ միայն իր, այլեւ կնոջ՝ Օլյա Հայրապետյանի 2021 թվականի դրամական միջոցների ու ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը:

ArmLur.am-ը նախ ուսումնասիրեց Հայկ Սարգսյանի 2020 թվականի տարեկան հայտարարագիրը: Ըստ որի՝ Սարգսյանն Արաբկիր վարչական շրջանում ունի ինքնակամ շինություններ, որոնք նա նվեր է ստացել 2017 թվականին: Պատգամավորը 2020 թվականին հայտարարագրել է, որ ունի երկու՝ Mercedes-Benz եւ Lexus մակնիշի ավտոմեքենա: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ 2013 թվականի արտադրության Lexus-ը Սարգսյանը գնել է 2019 թվականին, իսկ Mercedes-ը՝ 2017 թվականին: Բանկային հաշվին առկա մնացորդը 2020 թվականի վերջին կազմել է 3 մլն 592 հազար դրամ:

Բացի այս, 2020 թվականի հայտարարագրում նշված է, որ պատգամավորը տարեսկզբին ունեցել է 0.36 բիթքոին, որը տարեվերջին դարձել է 0.16: Հիշեցնենք, որ պատգամավորն այս մասին մի առիթով հայտարարել էր, որ դեռևս 2017 թվականից ունի բիթքոին արտադրող սարքավորումներ: Սակայն 2021 թվականի տարեկան հայտարարագրում բիթքոինի մասին որեւէ տեղեկություն չկա: Ենթադրվում է, որ պատգամավորն իր բիթքոինները վաճառել է կամ էլ վերածել է դոլարի:

Քանի որ պատգամավորի կանխիկ գումարը կազմել է 24 մլն դրամ եւ 55 հազար դոլար: Նրա եկամուտը սեփական աշխատավարձն է եղել, որը ստացել է ազգային ժողովից՝ ամսական 683 հազար դրամի չափով: Բացի այս, նա բանկերից մեկից 77 հազար դրամի չափով եկամուտ էլ է ստացել:

2021 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ բանկային հաշվին մնացորդը կազմել է 4 մլն 385 հազար դրամ: Իսկ կանխիկ գումարը՝ 24 մլն դրամ եւ 55 հազար դոլար: Նա բանկերից մեկից ստացել է 82 հազար դրամի եկամուտ, իսկ ամսական աշխատավարձը կազմել է 698 հազար դրամ: 2021 թվականի տարեկան հայտարարագրի ծախսերի վերաբերյալ հատվածում ոչինչ նշված չէ:

Ուշագրավն այն է, որ պատգամավորը եւ 2021 եւ 2022 թվականների հայտարարագրերում ոչ մի տող չի հիշատակել Սեւանա լճի ափին գործող «White Shorja» ամառային լողափի, սրճարանի մասին: Այն, որ ՙWhite Shorja՚-ն պատկանում է Սարգսյանին, այս մասին բազմաթիվ լրատվամիջոցներ գրել են: Ավելին, Սարգսյանի կինն է պարբերաբար լուսանկարներ է հրապարակում այդ լողափից: Բայց չգիտես ինչու Սարգսյանը գերադասել է լողափի մասին հայտարարագրերում չնշել:

Սարգսյանի կինը՝ Օլյա Հայրապետյանը անշարժ եւ շարժական գույք չունի: Բայց չնայած սրան՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ կանխիկ գումար է ունեցել 10 մլն դրամի, 25000 դոլարի չափով: Իսկ եկամուտը «Կիեւ» ընկերությունից ստացած աշխատավարձն է, որը կազմել է 831 հազար դրամ: Պատգամավորի կինը եւս ծախսերը չի ներկայացրել»:

Այս խորագրի վերջին նյութերը