Քաղաքական

20.06.2022 11:23


Նիգավանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է ևս մեկ երիտասարդ

Նիգավանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է ևս մեկ երիտասարդ

Tert.am—ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 19-ին, Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է վնասվածքներ ստացած ևս մեկ քաղաքացի։

Նրան նախ բուժօգնություն են ցուցաբերել «Ապարան» բժշկական կենտրոնում, ապա տեղափոխել Երևան, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Մահացածը 28–ամյա Տ․ Հ․–ն է։

Մինչ այդ, լրատվամիջոցները հայտնել էին ևս մեկ քաղաքացու մահվան մասին։ Shamshtyan.com-ի փոխանցմամբ՝ կրակոցներից մահացել է նաև Ապարան քաղաքի բնակիչ ՝ 27-ամյա Հ․ Մ․–ն։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը դեպքի վերաբերյալ երեկ հայտնել է, որ Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է, և նշել, որ հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել է կրակոց։

Նշենք, որ ի տարբերություն ոստիկանության, լրատվամիջոցները հայտնում են, որ կրակոցներ հնչել և վեճ տեղի է ունեցել ՔՊ֊ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների, ՔՊ֊ական Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդու և ապարանցի մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կրակել են երիտասարդների վրա։ Լրատվամիջոցները նշում են, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ ունի։

Այս խորագրի վերջին նյութերը