Տնտեսական

18.06.2022 10:34


ԿԲ-ն մեծ գումար է գնել. դոլարի էժանացման վնասնե՞րն են շատ, թե՞ օգուտները

ԿԲ-ն մեծ գումար է գնել. դոլարի էժանացման վնասնե՞րն են շատ, թե՞ օգուտները

Կար ժամանակ, երբ մարդիկ անհանգստանում ու խուճապի էին մատնվում դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումից։ Երբ դրամն արժեզրկվում էր, շատերը վազում էին փոխանակման կետեր և փորձում իրենց դրամային միջոցները փոխարկել դոլարի։

Վերջին ամիսներին հակառակ երևույթն է տեղի ունենում. հիմա էլ մարդիկ սկսել են անհանգստանալ դրամի ամրապնդումից ու դոլարի թուլացումից։

Դա, անշուշտ, ունի իր պատճառները, ինչպես դրամի թուլացման պարագայում։

Հայաստանում շատ բարձր է դոլարիզացիայի մակարդակը։ Շատերն իրենց գումարները պահում են դոլարով, ու հիմա, երբ այն արժեզրկվում է, արժեզրկվում են նաև մարդկանց խնայողությունները։

Վերջին տվյալներով, քաղաքացիների տարադրամային ավանդներն անցնում են 2 մլրդ դոլարից։

Փոքր-ինչ քիչ են իրավաբանական անձանց ու ոչ ռեզիդենտների տարադրամային խնայողությունները։

Սա դեռ միայն բանկային խնայողություններն են։ Բայց ինչքան դոլարային խնայողություններ կան, որոնք դուրս են բանկային համակարգից։ Ու հիմա, երբ դոլարը արժեզրկվում է, դրամով արտահայտված նվազում են նաև մարդկանց խոնայողությունները։ Վերջին 2 ամսում դոլարի գինն իջել է ավելի քան 15 տոկոսով։

Մարտի վերջի-ապրիլի սկզբի համեմատ՝ դոլարն էժանացել է առնվազն 70-80 դրամով։

Սա նշանակում է, որ դոլարային խնայողություն ունեցողները 1 դոլարի մեջ 2 ամսում այդքան կորուստ են կրել։

10 հազար դոլարի պարագայում դա համարժեք է 700-800 հազար դրամի, ինչը լուրջ գումար է շատերի համար։ Պատկերացրեք՝ մարդը տարիներ շարունակ գումարներ է կուտակել տարադրամով՝ բնակարան գնելու համար, ու երբ եկել է գործարքն իրականացնելու պահը, բախվել է նման երևույթի հետ։

Մյուս խնդիրն այն է, որ ազգային արժույթի նկատմամբ դոլարի արժեզրկման պարագայում նվազել է նաև դրամի գնողունակությունը։ Ամրապնդումը չի բերել դրամի գնողունակության բարձրացման։ Նույն քանակությամբ դրամով հիմա անհամեմատ ավելի քիչ գնումներ կարելի է կատարել, քան 2 ամիս առաջ։

Պատճառը բարձր գնաճն է։

Թեև դոլարի թուլացումը նպաստավոր գործոն է ներմուծման էժանացման համար, այնուհանդերձ այդ երևույթը սպառողական շուկայում հիմնականում չի նկատվում։ Ընդհակառակը՝ ներմուծման գները ոչ միայն չեն իջնում, այլև շարունակում են բարձրանալ։ Դրա հետևանքով ևս տուժում են դոլարային խնայողություն ունեցողները։

Թեև խնդիրը միայն տարադրամային խնայողություններ ունեցողիներին չի վերաբերում։

Տարադրամի նկատմամբ դրամի ամրապնդման հետևանքով տուժում են նաև այն քաղաքացիները, որոնց եկամուտների մեջ քիչ չեն տրանսֆերտների տեսքով ստացվող գումարները։

Սրանք այն երևացող հետևանքներն են, որոնք քաղաքացիներն իրենց վրա կրում են դոլարի փոխարժեքի անկման պատճառով։ Բայց դա միայն քաղաքացիներին չի վերաբերում։

Տուժող կողմ է նաև տնտեսությունը և առաջին հերթին՝ տնտեսության արտահանելի հատվածը։ Եթե 2 ամիս առաջ 10 հազար դոլարի ապրանք արտահանելու դեպքում տնտեսվարողը ստանում էր, ենթադրենք՝ 5 մլն դրամ, հիմա ստանում է 4,2-4,3 մլն դրամ։

Պարզ է, որ արտահանման ժամանակ խոսքը ոչ թե 10 հազար, այլ միլիոնավոր դոլարների մասին է։ Դժվար չէ հաշվել, թե այդ պարագայում ինչպիսի կորուստներ է կրում արտահանողը. 1 միլիոն դոլարի մեջ դա կարող է հասնել 70-80 մլն դրամի։

Արտահանված ապրանքի համար ստացված տարադրամի գոնե մի մասը տնտեսվարողը փոխարկում է դրամի՝ արտադրական և այլ ծախսեր կատարելու, աշխատավարձ ու հարկեր վճարելու համար։ Եթե արտահանված ապրանքի ինքնարժեքի ու գնի տարբերությունը 15 տոկոսից ցածր է, արդեն արտադրողը սկսում է վնասով աշխատել միայն ազգային արժույթի ուժեղացման և դոլարի թուլացման հետևանքով։ Գուցե և դրսում նա իր ապրանքը շարունակում է իրացնել նույն գնով, ստանում է նույնքան տարադրամ, որքան 3 կամ 4 ամիս առաջ, բայց դա արդեն բավարար չի լինի ծածկելու արտադրության ծախսերը։

Մնում է այն տարբերակը, որ արտաքին շուկաներում բարձրացնի ապրանքի իրացման գները, ինչը, սակայն, ստեղծում է բարդություններ՝ մրցունակության հետ կապված։

Ահա այսպիսի խնդիրների են բախվում քաղաքացիներն ու տնտեսությունը դրամի ամրապնդման ու դոլարի արժեզրկման պատճառով։

Առայժմ, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ մոնետար իշխանությունները պատրաստ չեն կանխել ֆինանսական շուկայում ի հայտ եկած այս երևույթները։ Ճիշտ է, երկար դադարից հետո ապրիլին Կենտրոնական բանկը շուկայից բավական մեծ քանակությամբ տարադրամ է գնել, բայց դա բավարար չի եղել դրամի ամրապնդումը կանգնեցնելու համար։

Պաշտոնական տվյալներով, ապրիլին ԿԲ-ն 67 մլն դոլար է ներքաշել։ Այդ պահին դոլարի գինը եղել է 456 դրամ։ Դրանից հետո էլ դրամը շարունակել է արժևորվել։

Մայիսի տվյալները դեռ չեն հրապարակվել։ Չի բացառվում, որ այդ ամսին ևս ԿԲ-ն շուկայից դոլար է գնել և այսօր էլ գնում է։

Դոլարի թուլացումը լավ նախադրյալ է ավելացուկային տարադրամը հավաքելու և երկրի արտաքին պարտքն առաջանցիկ տեմպերով մարելու համար։

Սա այն հատվածն է, որը կարող է շահել արժութային շուկայում տեղի ունեցող իրավիճակից։ Բայց այդ ուղղությամբ քաղաքական իշխանության քայլերը նկատելի չեն։

Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի հետաքրքրություններին, ապա վերջինիս համար ազգային արժույթի ամրապնդումը միանշանակ դրական գործոն է՝ հատկապես արտաքին հատվածից թելադրված գնաճը մեղմելու տեսանկյունից։ Թեև դա հիմնականում գների նվազեցման չի հանգեցնում, այնուհանդերձ, գործոն է գների հետագա բարձրացումներն ինչ-որ չափով կանխելու համար։

Անկախ նրանից, թե փոխարժեքի շուկայում տեղի ունեցող այս դրսևորումներից ով է տուժում կամ ով շահում, նման կտրուկ տատանումները ոչ մի պարագայում նպատակահարմար չեն՝ ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ հատկապես տնտեսության համար։ Տնտեսությունը գերադասում է ֆինանսական շուկայի կայունությունը և սովորաբար իր գործունեությունը կառուցում է դրա հիման վրա։

Նման կտրուկ դրսևորումներն արժութային շուկայում ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան օգուտներ տալիս։ Դա նույնքան վերաբերում է՝ ինչպես ազգային արժույթի թուլացմանը, այնպես էլ՝ ամրապնդմանը։

Այն, ինչ վերջին շրջանում տեսնում ենք փոխարժեքների հետ կապված՝ անշուշտ, տարբեր գործոնների հետևանք է։ Այդ գործոնների ազդեցությունը հանգեցրել է շուկայում տարադրամային միջոցների ավելցուկի, ինչն էլ նպաստել է ազգային արժույթի ամրապնդմանը։ Հետագա զարգացումները բարդ է կանխատեսել, բայց պարզ է, որ ամերիկյան արժույթը կորցրել է գրավչությունը և հազիվ թե այլևս կարողանա վերականգնել իր երբեմնի ունեցած դիրքերը համաշխարհային տնտեսության մեջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը