Քաղաքական

17.06.2022 20:33


31 անձ կալանավորված է, 300 անձ էլ անցնում է ամենատարբեր քրեական գործերով․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

31 անձ կալանավորված է, 300 անձ էլ անցնում է ամենատարբեր քրեական գործերով․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

«Դիմադրություն» շարժմանը մասնակցած բազմաթիվ քաղաքացիներ են կալանավորվել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը շեշտում է՝ ապօրինի, շինծու գործերով։ Այս պահի դրությամբ շուրջ 31 անձ կալանավորված է, 300 անձ էլ անցնում է ամենատարբեր քրեական գործերով՝ վկայից կասկածյալ, կասկածյալից մեղադրյալ կարգավիճակով։

«200-ից ավելի անձակցիաների ընթացքում տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել ոստիկանության բիրտ և ապօրինի գործողությունների, ինչպես նաև ՊՊԾ մարմնի ապօրինի գործողությունների հետևանքով։ Կալանավորումներն այս գործերի շրջանակներում եղել են 34-ը։ Երեք հոգի ազատ է արձակվել՝ ժամկետները լրանալու համար»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորը շեշտում է՝ առերևույթ փաստեր կան ոստիկանական ուժերի ապօրինի գործողությունների մասին, բայց գեթ մեկ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։ «Կարգապահական վարույթներ են իբրև թե հարուցել՝ առանց հանրայնացման։ Ցավն այն է, որ բոլորի համար տեսանելի պայմաններում, երբ ոստիկանի համազգեստով անձը բիրտ ուժ է կիրառում քաղաքացու նկատմամբ,իրավապահ և քննչական մարմինների կողմից անտարբերության է մատնվում, փոխարենը հարուցված են ապօրինի քրեական գործեր, որոնցում իբրև թե իրավահպատակ վարքագիծ չի դրսևորվել»,-ընդգծում է Մինասյանը։

Ամենամեծ երկու քրեական գործերը, որոնք համարում է ապօրինության գագաթնակետ, մայիսի 30-ի և հունիսի 3-ի բախումներն են։ «Ակնհայտ սադրիչ գործողություններով՝ իրավապահ համակարգի և առանձին դրվագներով քաղաքական անձ համարվող անձանց վարքագծի հետևանքով բախումներն են, որ տեղի են ունեցել մի դեպքում կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ, մյուսը՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Այս երկու դեպքերով էլ քրեական գործեր են հարուցվել իբր զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար։ Այս պահին էլ են մեղադրանքներ առաջադրվում, քննչական մարմիններ են հրավիրվում այն քաղաքացիները, որոնք ոչ մի առնչություն չունեն բախումների հետ»,-ասաց պատգամավորը։

Մինասյանն ընդգծում է՝ այդ ցույցերի ընթացքում ոստիկանները կրում են իրենց հանդերձանքին անհամապատասխան իրեր, ինչը, ըստ նրա, քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ուղղակի ցուցիչ է։

Ինչո՞ւ են վերը նշված քրեական գործերն ապօրինի։ «Առաջին հերթին այն պարզ պատճառով, որ դրա հիմքում օրինականություն չկա։ Երբ քննչական մարմինը՝Քննչական կոմիտեն, հարուցում է քրեական գործ, պետք է հիմքում դնի առանց խտրականության հենքի կոնկրետ փաստն ու դեպքը, և եթե անձ կա՝ կոնկրետ գործողություններով, ապա՝ անձի վարքագիծը։ Մինչդեռ երկու դեպքում էլ՝ թե՛ մայիսի 30-ի, թե՛ հունիսի 30-ի քրեական գործերում ուղղակիորեն նշված է՝ «քաղաքական ընդդիմության իրականացրած գործողություններ»ձևակերպումը»,-ասում է Մինասյանը՝ նշելով, որ սա ցույց է տալիս քննչական մարմինների ոչ օբյեկտիվ և կանխակալ մոտեցումը։

Պատգամավորը շեշտում է՝ հակաիրավական վարքագիծ են դրսևորել ոչ թե քաղաքացիները, այլ իրավապահ մարմինները՝ առանձին դեպքերում ուժ գործադրելով քաղաքացիների նկատմամբ։

«Մենք ունենք Արցախյան բոլոր պատերազմների մասնակից անձինք, որոնք անհասկանալի կերպով ենթարկվում են կալանավորման։ Մեկ այլ դրվագում մենք տեսնում ենք, թե ինչպես են իշխանական մամուլը, ինչպես նաև ՔՊ-ական պատգամավորները կեղծում իրականությունը՝ձեռնափայտը որպես մուրճ ներկայացնելով։Հանրության մոտ ձևավորվում է պատկերացում, թե իբր մարդիկ մուրճով մասնակցել են հավաքին։ Այս մանիպուլյատիվ, կեղծ ապացույցներ ստեղծելու գործին ակտիվորեն մասնակցում են նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք անամոթաբար փորձում են ոչ միայն իրականությունը գլխիվայր ներկայացնել, այլև ուղիղ կատարում են քրեական օրենսգրքով արգելված արարք, այն է՝ սուտ մատնություն, կեղծ ապացույցների ստեղծում»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ կեղծ ապացույցներին և սուտ մատնությանը ընթացք են տալիս քննչական մարմինները։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը