Կարծիք

31.08.2011 14:11


Ինչու են թաց նրանց աչքերը

Ինչու են թաց նրանց աչքերը

Վերջին օրերին Երեւանում կարելի է տեսնել մտահոգ դեմքով քայլող մարդկանց: Ավելի ճիշտ, մտահոգ եւ զարմացած հայացքներով մարդկանց: Եթե նրանցից ոմանց  կանգնեցնենք, մի փոքր զրուցենք, ապա կպարզենք, որ նրանք Հայ ազգային կոնգրեսի համակիրներ են, որոնք չեն կարողանում հասկանալ, թե ինչու իրենց այսքան դաժան ձեւով խաբեցին:

Իհարկե, դեռ կան Կոնգրեսի համակիրներ, որոնք ինչ էլ լինի կարծում են, թե իրենց առաջնորդը երկիրը տանում է դեպի լուսավոր ապագա: Նրանց չի էլ հուզում այն հարցը, որ արդեն սեպտեմբերն է, բայց արտահերթ ընտրությունների մասին որոշում չի կայացվել: Նրանց չի հուզում նաեւ այն, որ երբ մոտեցավ սեպտեմբերը, Կոնգրեսի առաջնորդները հայտարարեցին, թե իշխանություններն իրենց պատասխան պետք է տան ոչ թե մինչեւ սեպտեմբեր, այլ մինչեւ հոկտեմբերի 1-ը:

Կարելի է կռահել, որ նույն այս զոմբիացված զանգվածը կրկին կհավատա լուսավոր ապագային, եթե հոկտեմբերի կեսերին կոնգրեսական առաջնորդները հայտարարեն, թե իրենց ճիշտ չեն հասկացել, եւ որ նրանք վարչախմբից պատասխանի են սպասվում դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը` Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձում: Ակամա հիշեցինք այն հին մուլտֆիլմի գորտ հերոսին, որը խոստանում էր, որ իր բադերը կգան վաղը կամ մյուս օրը, կարճ ասած`առաջիկա օրերին: Հիմա Կոնգրեսի ղեկավարների վարքագիծը հիշեցնում է այս գորտի արածներին:

Այս շերտի հետ ամեն ինչ պարզ է: Պարզ է նաեւ Կոնգրեսի դիրքորոշումը: Նրանք հույսը դրել էին վարչախմբի աջակցության, ժողովրդի միամտության եւ կարճ հիշողության վրա: Բայց, ինչպես ասում են, ուզում էին, որ իրենց ուզածով լինի, բայց եղավ այնպես, ինչպես պետք է որ լիներ: Իրավիճակը հիմա դուրս է եկել ոչ միայն Կոնգրեսի, այլ նաեւ Սերժ Սարգսյանի թիմի վերահսկողությունից: «Երկխոսողները» դարձել են անեկդոտի հերոսներ: Այստեղ տեղին է հիշել նման անեկդոտներից մեկը եւ անցնել առաջ: Այսպես, երեխան լալով մտնում է տուն եւ մորն ասում, թե բակի երեխաներն իրեն երկխոսող են անվանում: Մայրն էլ բարկացած նայում է որդուն եւ ասում, թե դու բան չարեցիր՝  երեխաներն էլ քեզ անտեղի վիրավորեցին:

Բոլոր տեսակի դիտարկումները վկայում են, որ «երկխոսության» ընթացքում Կոնգրեսի վարկանիշը կտրուկ անկում է ապրել: Վստահաբար կարելի է ասել, որ Խորհրդային Միության փլուզման պահին Գորբաչովն ավելի բարձր վարկանիշ ուներ, քան այսօր Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը: Զարմանալու ոչինչ չկա: Այսպես է լինում նրանց հետ, ովքեր փորձում են խաղալ ժողովրդի հույզերի հետ եւ նեղ անձնական խնդիրներ լուծել:

Զարգացումներն էլ հուշում են, որ շուտով Կոնգրեսը կլքեն նրանք, ովքեր հույս ունեն պահպանել իրենց քաղաքական դեմքը եւ խուսափել վերջնական կործանումից: Հիմա ավելորդ է անուններ նշելը, բայց առաջիկայում ամեն ինչ շատ ավելի պարզ կդառնա: Ավելին, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Կոնգրեսում դեռ կան մարդիկ, որոնք ի վիճակի են իրենց գիտելիքներով եւ փորձով նպաստել մեր պետության առողջացմանը:

Ինչ վերաբերում է «երկխոսության» հետագա ընթացքին, ապա երբ այն վերսկսվի, ապա այն որեւէ մեկի ուշադրությանը չի արժանանա, քանի որ երկրում այլ իրավիճակ է լինելու: Ինչ վերաբերում է այն հարցին, թե երկխոսությունը կվերսկսվի՞, թե՞ ոչ, ապա դա կախված է զուտ Սերժ Սարգսյանի ցանկությունից: Կոնգրեսը հիմա այն վիճակում է, որ միայն պետք է ենթարկվի Սարգսյանի թելադրած խաղի կանոններին: Իսկ Սարգսյանը երկխոսությունը չի վերսկսի, եթե համոզվի, որ ՀԱԿ-ից այլեւս իրեն վտանգ չի սպառնում կամ գտնի, որ երկխոսության վերսկսումով իր դաշնակից ՀԱԿ-ի վարկանիշն ավելի կընկնի: Այսպես, թե այնպես, որոշողը լինելու է նույն Սերժ Սարգսյանը, իսկ Կոնգրեսին մնում է նախապատրաստվել «ցասման» հանրահավաքին եւ շեֆի հետ ճշտել, թե նրա խոսքի, որ հատվածները պետք է ցիտվեն հանրահավաքի ժամանակ, եւ թե որ պաշտոնյաներին պետք է անարգանքի սյունին գամել: Մի խոսքով, ՀԱԿ-ին լարված օրեր են սպասում: Համաձայնեք, որ «ցասման» հանրահավաքը նախապատրաստելը հեշտ գործ չէ:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը