Քաղաքական

17.06.2022 10:49


Ինչ է կառուցվելու հայտնի ՊՈԱԿ-ի տարածքում․ «Հրապարակ»

Ինչ է կառուցվելու հայտնի ՊՈԱԿ-ի տարածքում․ «Հրապարակ»

Կառավարությունը որոշել է օտարել Երեւանի Օրբելու փողոց 23 հասցեում գործող «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը՝ հարակից հսկայական հողատարածքով եւ շինություններով։ Խոսքը 9905.21 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները եւ դրանց օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով եւ 0.00436 քառ. մետր մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերի մասին է, ինչը հսկայական տարածք է՝ Երեւանի սրտում։ Նախագիծը ներկայացված է կառավարության այսօրվա նիստում։ Նշենք, որ նշված հասցեում ներկայումս միայն «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է գործունեություն իրականացնում, իսկ հետեւի հսկայական տարածքը դատարկ է՝ չի շահագործվում։ Նախկինում այնտեղ զինվորական հիվանդանոց է եղել։ Հիմա ուզում են օտարել, եւ գնորդը, ըստ ամենայնի, արդեն հայտնի է, քանզի գինն էլ է արդեն հրապարակված՝ 6 միլիարդ 613 միլիոն դրամ, որը կարող է նաեւ տարաժամկետման կարգով վճարել՝ 5 տարում։ Մեզ ասացին, որ այստեղ հնարավոր է մի ամբողջ էլիտար թաղամաս կառուցել՝ դրանից բխող բազմամիլիոն եկամտով հանդերձ։

Մեկ անգամ ՀՀ կառավարության 30.07.2020թ. N 1276-Ա որոշմամբ գույքը ներկայացվել է օտարման մրցույթով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով, այսինքն՝ գնորդ չի գտնվել։ Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը, այս անգամ որոշել են տարածքն օտարել մրցույթով՝ գնահատված արժեքի 80 տոկոսի չափով։ Այսինքն՝ ավելի պակաս գնով, քան նախապես սահմանված էր։ Օտարումից հետո եւս վեց ամիս վերոնշյալ ՊՈԱԿ-ի աշխատակազմը դեռ կշարունակի մնալ այդ տարածքում, մինչեւ կառավարությունը նրանց նոր տարածք հատկացնի։

Դատելով վերջերս Նիկոլ Փաշինյանի արած մի հայտարարությունից, թե մեծ թվով պետական գույք չի օգտագործվում, եկամուտ չի ապահովում եւ այլն, պետք է սպասել, որ առաջիկայում աճուրդներ եւ ունեցվածքի վերաբաշխումներ տեղի կունենան։ Դե, իշխանության եկած նորելուկները հո աշխատավարձի հույսին չե՞ն մնալու՝ նրանք էլ են ուզում լավ ապրել, ունեցվածք դիզել, սեփականություն եւ բիզնես ունենալ։

Այս խորագրի վերջին նյութերը