Լրահոս

23.04.2009 10:57


Արամ Սաֆարյան. «Պատկերացնում եմ այն իրական խոչընդոտները, որոնք կարող են առաջ գալ բանակցությունների ընթացքում»

Արամ Սաֆարյան. «Պատկերացնում եմ այն իրական խոչընդոտները, որոնք  կարող են առաջ գալ բանակցությունների ընթացքում»

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ համատեղ հայտարարության մասին «7 օր» -ին հայտնել է իր տեսակետը.

-Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին առաջին քայլն է։ Մենք ուշադրությամբ կսպասենք հետագա քայլերին։ Մեզ լավ ազդակ է հաղորդում ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությունը, որտեղ շեշտված է, որ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների և խելամիտ, լուրջ ժամկետներում, այսինքն՝ անվերջ երկարացնել այս խոսակցությունները, դրանք կապելով ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, այլ խնդիրների հետ, միջազգային հանրության՝ տվյալ դեպքում Միացյալ Նահանգների համար անընդունելի է։ Սա ողջունելի քայլ էր, և մենք այն ողջունում ենք։  Ինչ վերաբերում է մնացած գործընթացներին, ապա մենք զսպվածությամբ կհետևենք այդ հետագա զարգացումներին, որովհետև դրանց ընթացքում կարող են առաջանալ ինչպես դրական, այնպես էլ բացասական բազմաթիվ մանրամասներ, որոնց  մասին հիմա չարժե խոսել, որովհետև դրանք կկանխորոշեն բանակցությունները։

-Ի՞նչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը, ու՞մ հետ է այն քննարկվել։

-Տեղյակ չեմ և պատրաստ չեմ պատասխանել։ Բայց կարող եմ ասել, որ դա գործողությունների ծրագիր է, որը առաջարկվել է երկու երկրների արտգործնախարարների համար, և այդ ճանապարհային քարտեզ կոչված գործողությունների ծրագրով առաջ են գնալու բանակցությունները։

-Սա նշանակում է առաջիկայում սահմանի բացո՞ւմ։

-Ես ինձ թույլ կտամ ուղղակիորեն չպատասխանել, որովհետև պատկերացնում եմ այն իրական խոչընդոտները, որոնք  կարող են առաջ գալ բանակցությունների ընթացքում։ Բայց ես լավատես եմ, որովհետև ժամանակին արած իմ այն կանխատեսումները, որ միջազգային հանրությունը, ի դեմս Արևմտյան Եվրոպայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության, այս հարաբերությունների վրա ունեն այնպիսի հորդորիչ ազդեցություն, որ այդ ազդեցությունը կարող է լուրջ ազդակ լինել Թուրքիայի համար՝ իրականում բացելու այդ սահմանները։

-Ի՞նչ խոչընդոտների մասին եք ակնարկում։

-Բանակցությունների ընթացքում կարող են առաջադրվել մեծ ու փոքր բազմաթիվ նախապայմաններ, որոնցից յուրաքանչյուրի մասին առանձին-առանձին պետք է խոսել։

Այս խորագրի վերջին նյութերը