Քաղաքական

15.06.2022 11:22


«Փաշինյանը մոռացավ սահմանամերձ համայնքների մասին». Փաշինյանը խաբել է. մաս 29. «Ժողովուրդ»

«Փաշինյանը մոռացավ սահմանամերձ համայնքների մասին». Փաշինյանը խաբել է. մաս 29. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2019-ի սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր, որ սահմանապահ գյուղերի կյանքն ու այնտեղի բնակիչների առօրյան ոչ միայն իրեն, այլ նաեւ իր ընտանիքի համար է կարեւոր ու առաջնային: Վստահեցնում էր՝ սահմանապահ համայնքների երեխաներն ու, առհասարակ, բնակիչները մշտապես զգալու են կառավարության ուշադրությունը:

«Սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտների «Վերջին զանգի» «փարթին» տեղի է ունեցել կառավարական առանձնատների «Կոնդ» համալիրում: Շրջանավարտների համար ելույթ են ունեցել Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Արամ MP3-ը, Սեւակ Ամրոյանը, Նարե Գեւորգյանը, «Դետք» խումբը, DJ Smoke-ը։ Համանման միջոցառում իրականացվել է նաեւ նախորդ տարի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ եւ կառավարության ֆինանսավորմամբ՝ վարչապետի հիմնադրամից ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաներ այցելել են երեւանյան զվարճանքի կենտրոններ, այգիներ, թանգարաններ։ Այս տարի սեպտեմբերի 1-ին մենք՝ ես ու Աննան, այցելել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին։ Վերջին՝ որպես 100-րդ փաստ՝ սա եմ ընտրել՝ ցույց տալու համար մեր առանձնահատուկ վերաբերմունքը սահմանապահ գյուղերի նկատմամբ, եւ այդ վերաբերմունքը շարունակվելու է»,-հպարտորեն հայտարարում էր վարչապետ Փաշինյանը:

2019-ից ուղիղ մեկ տարի անց, սակայն, առ այսօր ՀՀ սահմանամերձ գյուղեր վարչապետ Փաշինյանը, կարելի է ասել, չի այցելել՝ առաջին հերթին անվտանգային նկատառումներից ելնելով: ՀՀ պետական սահմանը, որ 44-օրյա պատերազմից հետո երկարել է 410 կմ-ով, հսկել ու շարունակում են հսկել հողից կառչած, քարից հաց քամող ու իրենց եզերքին հավատարիմ գյուղացիները, որոնք, որպես կանոն, ի տարբերություն պետպաշտոնյաների՝ մեծ-մեծ չեն խոսում: Փաշինյանը, որ խոստանում էր, թե սահմանապահ համայնքները մշտապես իր ուշադրության տակ են լինելու, պատերազմից հետո այնպիսի թիկնազորով է շրջում, որ նրան անգամ մենք՝ լրագրողներս չենք կարողանում հարց ուղղել մի քանի մետր հեռավորության վրա, էլ ուր մնաց թե շրջանավարտների հետ «Վերջին զանգ» նշի: Սահմանապահ համայնքների բնակիչները նախկինի նման մտածում են՝ ինչպես մարել գյուղատնտեսական նշանակության ծախսերի համար վերցրած վարկերի տոկոսները, ինչպես պարատանյութ գնել, իրացնել մթերքը, երբ դաշտ գնալ, որ հակառակորդի թիրախում չհայտնվեն, կամ ինչպես անել, որ վայ-հարեւանը անասուններին չգողանա տանի:

Սրան զուգահեռ՝ Փաշինյանի կառավարությունը շարունակում է խելացի անասնագոմերի, էժան պարարտանյութերի ու այլնի մասին խոսել, այնինչ այդ ամենից գյուղացիների կյանքը չի հեշտանում: Հետեւաբար Փաշինյանի՝ սահմանամերձ համայնքների բնակիչների նկատմամբ առավել ուշադիր լինելու մասին հայտարարությունը հերթական սուտն էր:

Այս խորագրի վերջին նյութերը