Լրահոս

14.06.2022 22:52


Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երևանում խոշոր հաշվով զիջեց Շոտլանդիային

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երևանում խոշոր հաշվով զիջեց Շոտլանդիային

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի չորրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Շոտլանդիայի ընտրանուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեին Հայաստանի հավաքականն օգտագործեց առաջին իսկ հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը:

Շոտլանդիայի հավաքականից 9 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ստյուարդ Արմսթրոնգը: Խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Արման Հովհաննիսյանը: Շոտլանդիան անմիջապես օգտվեց ստացած առավելությունից և խաղակեսի ավելացված րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Արմսթրոնգը: Առաջին կես` Հայաստան-Շոտլանդիա` 1:2:

Երկրորդ կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին, Շոտլանդիան Հայաստանի դարպասն ուղարկեց նաև երրորդ գնդակը: Տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Ջոն Մըքքինը: Ընդամենը 4 րոպե անց` հյուրերը խփեցին նաև 4-րդ գնդակը: Աչքի ընկավ Չէ Ադամսը: Հանդիպման վերջում էլ կարմիր քարտ ստացավ նաև Կամո Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականը խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով:

Հայաստան-Շոտլանդիան` 1:4:

Ազգերի լիգայի շրջանակներում Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն սեպտեմբերի 24-ին` Երևանում հյուրընկալելով Ուկրաինային:

Այս խորագրի վերջին նյութերը