Քաղաքական

14.06.2022 21:53


Իշխան Սաղաթելյանը թվարկեց «Դիմադրություն» շարժման հաջողությունները (տեսանյութ)

Իշխան Սաղաթելյանը թվարկեց «Դիմադրություն» շարժման հաջողությունները (տեսանյութ)

Հատված Իշխան Սաղաթելյանի՝ Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթից․

«Սիրելի՛ հայրենակիցներ, շարժան ներուժը մեծացնելու, աշխարհագրությունը ընդլայնելու, գործիքակազմը հարստացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հարթակը ընդլայնելու, հստակ գործողությունների ծրագրով պայքարը շարունակելու նոր հանգրվանի առջև ենք։

«Դիմադրության» շարժման ղեկավարները որոշել են․

Նախ անհրաժեշտ է որոշակի վերափոխման ենթարկել «Դիմադրություն» շարժման կառուցվածքը և մարտավարությունը՝ միաժամանակ կապիտալիզացնելով արձանագրած ձեռքբերումները։

Ըստ այդմ`

  1. Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը՝ քաղաքական, կազմակերպական, քարոզչական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար։
  2. Շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային կառուցվածքային միավորներ։

Սա իրենից ենթադրոմ է որ շարժումը ունենալու է ենթակառուցվածքներ, այսինքն` կոմիտեներ, ոլորտային հանձնախմբեր, սրանով մենք լուծելու ենք քաղաքական, կազմակերպական, քարոզչական ուղղություններով կադրային ներուժը մեծացնելու, նորանոր խմբերի ու կարող անհատների ընդգրկելով՝ շարժումը ավելի ընդլայնելու և նոր ուժ տալու հարցը:

Իսկ հիմա, սիրելի՛ հայրենակիցներ, Շարժման առաջիկա անելիքների մասին։ Նախ` այս հրապարակում տեղադրված վրանների մասին։ Գիտեմ, որ այս թեմայով հարցադրումները շատ են, կարծիքներն էլ՝ տարբեր։ Բայց պարզ իրողություններ կան, որ պետք է հաշվի առնենք։ Եվ դրանցից ամենակարևորն այն է, որ ամեն բան պետք է շատ հստակ նպատակի ծառայի։

Մենք վրանային ավանը հիմնեցինք՝ մշտական գործող հավաքատեղ, հասցե և դիմադրության առաջին օջախ ունենալու համար։ Մենք այդ խնդիրը լուծել ենք գիշեր-ցերեկ այստեղ հերթապահություն իրականացնող մեր գաղափարակից ընկերների, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ։

Ֆրանսիայի հրապարակն այլևս դիմադրության շարժմանն է պատկանում։ Անկախ նրանից` այստեղ վրաններ կլինեն թե ոչ: Եվ ոչ միայն Ֆրանսիայի հրապարակը։ Մեր ժողովուրդն արդեն նվաճել է Հայաստանի բոլոր քաղաքների փողոցներն ու հրապարակները։ Այս ողջ ընթացքում մենք ցույց տվեցինք, որ մեզ համար փակ փողոցներ գոյություն չունեն, այս պահի դրությամբ կարող ենք վստահ պնդել, որ վրանային այս ավանը լիարժեք կատարել է իր գործը, որի համար շնորհակալ և երախտապարտ եմ այստեղ հերթապահած մեր բոլոր արժանապատիվ ընկերներին։ Դուք նվիրյալներ եք և անգնահատելի գործ եք արել, բայց հիմա ձեր ներուժը մեզ այլ տեղերում է պետք:

Մենք առաջարկում ենք, հաշվի առնելով նաև մեր առաջիկա մարտավարությունը, վաղվանից հավաքել այս վրանները, բայց միշտ նկատի ունենալով, որ ցանկության և անհրաժեշտության դեպքում վրանային ավանը կրկին կվերականգնվի այս և ցանկացած այլ հրապարակներում։ Ես գիտեմ, որ Մեր պայքարի ընթացքում մեր վրանների ավանը լրջագույն հարց է լուծել, բայց մեր պայքարի հետագա արդյունավետությունը վրաններով պայմանավորված չէ։ Ես գիտեմ, որ տարբեր խոսակցություններ ե առաջանալու, բայց կրկնում եմ՝ մեր հետագա պայքարի արդյունավետությունը վրաններով պայմանավորված չէ․ ովքեր հակառակն են մտածում, առաջիկա օրերին կհամոզվեն դրանում»:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը