Մեկնաբանություն

14.06.2022 12:18


Ինչո՞ւ են արժեզրկվում դոլարն ու եվրոն և ովքե՞ր են Հայաստանում տուժում դրանից

Ինչո՞ւ են արժեզրկվում դոլարն ու եվրոն և ովքե՞ր են Հայաստանում տուժում դրանից

Համաշխարհային շուկայում գնաճային երևույթներ են։

Ուկրաինական ճգնաժամով, ՌԴ–ի դեմ պատժամիջոցներով, նոր աշխարհակարգի ձևավորման ցավոտ գործընթացներով պայմանավորված տարատեսակ արժույթները գերանկայուն վարքագիծ են դրսևորում։

Ուկրաինական պատերազմի սկզբում ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվեց դոլարի ու եվրոյի համեմատ, հետո նույնքան կտրուկ արժեվորվեց։ Պատճառն այն է, որ ՌԴ–ում արևմտյան տարադրամների նկատմամբ պահանջարկը, հասկանալի պատճառներով, իջել է։ Բացի այդ՝ ՌԴ իշխանությունները հատուկ քաղաքականություն են վարում ռուբլու վճարային համակարգի մասով, ինչն էլ բերում է այդ երկրում դոլարի ու եվրոյի պահանջարկի նվազեցմանը։

Ինչ վերաբերում է դոլարի նկատմամբ եվրոյի արժեզրկմանը, ապա սա էլ ուղղակիորեն պայմանավորված է ուկրաինական ճգնաժամով։

Դրամն՝ ընդդեմ դոլարի ու եվրոյի

Հայաստանում ուկրաինական ճգնաժամից հետո դրամն «ուժեղացել» է դոլարի ու եվրոյի նկատմամբ։

1 դոլարի արժեքը տատանվում է 410–ից 420 դրամի միջակայքում։ Պատճառները տարբեր են։ ՌԴ–ից դեպի Հայաստան եկող արտարժույթի ծավալները մեծացել են «ռուսական» դոլարի ու եվրոյի փախուստի պատճառով։ Այսինքն՝ բացի մասնավոր տրանսֆերտներից նաև ռուսներն են իրենց հետ գումար բերում Հայաստան։ Դրամի արժեվորման գործընթացի վրա նույն ուկրաինական ճգնաժամը ևս ունի ազդեցություն։

Դոլարն ու եվրոն դրամի համեմատ էժանցել են, բայց ներկրվող ապրանքների գները չեն իջնում, ավելի ճիշտ՝ բարձրանում են։ Հայաստանում շատ բարձր գնաճ կա, ինչը լրջագույն սոցիալական խնդիրներ է առաջացնում։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրամի «ուժեղացումը» լավ բան է, բայց դա միայն առաջին հայացքից։

Դրամի «ուժեղացումից» տուժող հիմնական շերտերն են՝

արտադրող–արտահանողները, քանզի դրսում մեր արտադրանքի գինը սկսում է մրցունակ չդառնալ․ սա ամենավտանգավորն է, որովհետև դրսի շուկայում եթե մենք տեղ կորցնենք, հետո դժվար է լինելու վերականգնվելը,

դոլարով կամ եվրոյով մասնավոր դրամական փոխանցումներ ստացողները, քանզի նույն չափի տարադրամը դրամի փոխանակելիս ավելի քիչ են ստանում ու ավելի քիչ ապրանքներ ու ծառայություններ կարող են սպառել, հատկապես որ դրանց գներն իրենց հերթին թանկանում են նաև դրամով,

IT ոլորտի ներկայացուցիչները, որոնց եկամուտները ձևավորվում են դրսից եկող փոխանցումներով,

դոլարով կամ եվրոյով եկամուտ ստացող, բայց դրամով վարկային պարտավորություն ունեցողները։

Կենտրոնական բանկի խնդիրն այս պայմաններում պետք է լինի արտարժույթային ներհոսքը կառավարելն ու դրամի «գերուժեղացումը» կանխելը։ Կարճաժամկետում միգուցե որոշակի էֆեկտներ առաջանում են դրամի արժեվորումից, բայց միջնաժամկետում ու հատկապես երկարաժամկետում դա հիմնականում վնասաբեր է։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը