Կարծիք

31.08.2011 09:29


Թուրքական նույն հնացած խաղը՝ խոստումներ տալ, գովեստի արժանանալ, սակայն ոչինչ չանել

Թուրքական նույն հնացած խաղը՝  խոստումներ տալ, գովեստի արժանանալ, սակայն ոչինչ չանել

Անցյալ շաբաթ թուրք ղեկավարները դիմեցին մի նոր խորամանկության՝ փորձելով իրենց երկրի՝ բազմիցս ճնշված փոքրամասնությունների նկատմամբ կեղծ վեհանձնությամբ դրական տպավորություն թողնել միջազգային հանրային կարծիքի վրա։

Անցյալ շաբաթ վարչապետ Էրդողանը ստորագրեց մի հրամանագիր, որով իբրթե պետք է վերադարձվեին քրիստոնյա ու հրեական համայնքների հիմնադրամներին կամ բարեգործական կազմակերպություններին պատկանող հարյուրավոր կալվածներ։ Ներկայումս Թուրքիայի Հանրապետությունում գոյություն ունի 162 նմանատիպ հիմնադրամ (vakf):

Դեռևս 1936 թվականին Թուրքիայի կառավարությունը պահանջեց, որ բոլոր ոչ մուսուլմանական հիմնադրամները հայտարարագրեն իրենց սեփականությունը։ 1974 թվականին Թուրքիայի դատարանները ապօրինաբար խլեցին այս հիմնադրամներից 1936 թվականից հետո ձեռք բերված կալվածները և նույնիսկ մինչ այդ նրանց պատկանող գույքի որոշ մաս։ Անցյալ շաբաթվա որոշման համաձայն հիմնադրամներից պահանջել են 12 ամսվա ընթացքում կառավարություն ներկայացնել նրանցից առգրավված գույքը (այժմ միլիարդավոր դոլար արժողությամբ)` ներառյալ դպրոցներ, հիվանդանոցներ, մանկատներ և գերեզմանատներ։ Եթե և երբ պառլամենտը ընդունի որոշումը, Թուրքիայի կառավարությունը պարտավորվում է կամ վերադարձնել առգրավված գույքը կամ վճարել փոխհատուցում այն գույքի դիմաց, որը վաճառվել է երրորդ անձանց։ Հատկանշական է, որ այս որոշումը չի տարածվում Թուրքիայի իշխանությունների կողմից հայերից և այլ փոքրամասնություններից առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո առգրավված հարյուր հազարավոր մասնավոր սեփականության վրա։

Մինչև Թուրքիայի ղեկավարությանը իր փոքրամասնությունների հանդեպ «բարի» կամ «արդար վերաբերմունքի» համար շնորհակալություն հայտնելը, անհրաժեշտ է  պրպտել Անկարայի դրդապատճառները և հնարավոր հետագա քայլերը։

Թեև Էրդողանի իշխող կուսակցությունն ունի Պառլամենտում առաջարկված որոշումն անցկացնելու համար անհրաժեշտ ձայները, այնուամենայնիվ չպետք է զարմանալ, եթե այս «առատաձեռն» առաջարկը զգալիորեն թուլանա դրանում ընդգրկված գույքի քանակի և տեսակի, ինչպես նաև ընթացիկ արժեքի առումով՝ մեղարդրելով այդ սահմանափակումների համար ընդդիմադիր կուսակցություններին։  Փոքրամասնությունների հիմնադրամներին առգրավված գույքը վերադարձնելու Էրդողանի նախկին խոստումները, սուզվելով «բյուրոկրատական ճահիճի մեջ», երկարատև ձգձգումներից հետո չեն իրականացվել։

Ամենայն հավանականությամբ թուրք պաշտոնաարները որոշել են արձակել այս որոշումը այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց հայկական և հունական հիմնադրամների կողմից ներկայացված մի քանի խոշոր գույքային հայցերը։  Ակնհայտորեն, Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ կորցնել նմանատիպ հարյուրավոր հայցեր։ Թուրքիայի բարեգործական հիմնադրամների վարչակազմի ղեկավար Ադնան Էրթեմն ասել է «Սաբահ» թերթին, որ ոչ մուսուլմանական հիմնադրամների հետ հարցերը ներքին ձևով լուծելով՝ կառավարությունը կխուսափի ավելի մեծ գումարներ վճարելուց, ներառյալ վնասի հատուցումից և դատական ծախսերից, եթե Եվրոպական դատարանում գործերը տանուլ տա։ Էրթեմը նշեց, որ կան թվով 370 առգրավված գույք, որոնք պետք է վերադարձվեն փոքրամասնությունների հիմնադրամներին։

Գումար խնայելուց բացի, ինչն առավել կարևոր է, Թուրքիան կարող է խույս տալ հարյուրավոր դատական գործեր տանուլ տալու խայտառակությունից, որը վարկաբեկում է նրան աշխարհի աչքերում, հատկապես այն ժամանակ, երբ փորձում է անդամակցել Եվրոպական միությանը։ Ավելին, Թուրքիան արդեն իսկ քարոզչական մեծ հաջողության  է հասել՝ կալվածները վերադարձնելու լոկ խոստում տալով։ Միջազգային լրատվամիջոցները Թուրքիայի այս «վեհանձն» արարքը գունեղ ներկայացրեցին նախքան փոքրամասնություններին գույքի որևէ կտոր վերադարձնելը։ Պետք է չէ զարմանալ, եթե Թուրքիան այս նոր որոշումը դարձնի քարոզչության գործիք ընդդեմ ԱՄՆ կոնգրեսականների կողմից վերջերս ներկայացրած՝ եկեղեցական գույքը իրենց օրինական տերերին վերադարձնելու պահանջին։

Նմանապես, չպետք է զարմանալ, եթե թուրք ղեկավարները անամոթաբար պահանջեն, որ Հայաստանի, Հունաստանի և Իսրայելի կառավարությունները փոխադարձ ժեստ անեն Թուրքիայի նկատմամբ։ Պետք է հիշեցնել թուրք պաշտոնյաներին, որ առգրավված գույքը վերադարձնելով, նրանք բարեգործություն չէ, որ անում են կրոնական փոքրամասնությունների համար։ Նման անտեղի շնորհակալությունը նման է այն բանին, որ կողոպտված անձը շնորհակալություն հայտնի գողին, ով, անձնական նկատառումներից ելնելով, որոշում է վերադարձնել նրանից գողացված գույքի մի փոքր մաս։

Թեև թուրքական մամուլը շտապեց բնութագրել Էրդողանի որոշումը որպես «պատմական» և «հեղափոխական», այնուամենայնիվ, գործնականում այն ավելի նվազ կիրառելի է, քան Լոզանի համաձայնագրով ստանձնած Թուրքիայի կառավարության պարտավորությունները, որն ավելի մեծ պաշտպանություն է ապահովում հայ, հույն և հրեա փոքրամասնությունների համար միջազգային իրավունքի ներքո։ Թեև ներքին օրենքները կարող են փոփոխվել ցանկացած ժամանակ, Թուրքիայի միջազգային պայմանագրի պարտավորությունները չեն կարող սահմանափակվել կառավարության որոշմամբ։ Վախենալով իրենց կյանքը վտանգելուց՝ ոչ մուսուլմանական համայնքներից ոչ մեկը չի համարձակվել բողոք ներկայացնել Միավորված Ազգերի Կազմակերպություն կամ միջազգային ատյաններ, չնայած այն փաստին, որ հաջորդական բոլոր թուրքական կառավարությունները խախտել են Լոզանի պայմանագրի դրույթները՝ 1923 թվականին դրա վավերացումից ի վեր։

Իմ խորհուրդը Թուրքիայի փոքրամասնություններին՝ ետ չվերցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված իրենց դատական պահանջները մինչև չստանան իրենցից առգրավված գույքը կամ համապատասխան ֆինանսական հատուցում։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը