Կարծիք

13.06.2022 12:24


Իրավիճակի լրջությունը ենթադրում է շարժման փուլայնություն, կառուցվածքային և բովանդակային էական փոփոխություններ

Իրավիճակի լրջությունը ենթադրում է շարժման փուլայնություն, կառուցվածքային և բովանդակային էական փոփոխություններ

Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները տրամաբանորեն հասել են մի կետի, որից հետո պահանջվում է գրագետ վերափոխում։ Իրավիճակի միջանկյալ գնահատականները կարևոր են առաջիկա ճիշտ որոշումների համար։

Իշխանը, հարթակը և հրապարակը

Իշխան Սաղաթելյանը մի խումբ գործիչների հետ ստանձնեց շարժման համակարգողի դերը՝ ցուցաբերելով նկատելի կամք։ Այս մարդիկ իրենց գործունեությամբ վաստակել են հարգանք։ Այո, որոշ հարցեր վիճելի էին, որոշ ձևակերպումներ՝ ոչ պատեհ, որոշ բաներ կարելի էր ավելի լավ անել։ Բայց սա որևէ կերպ չի ստվերում այն հարգանքը, որ այս խումբը վաստակեց։ Նրանք արեցին մի բան, ինչի մասին շատերը խոսում են իրենց բազմոցներից՝ փորձեցին արթնացնել հասարակությանը և հասան որոշակի հաջողության։ Այս փուլում Իշխանը և իր հարթակը արել են կարևոր գործ, կարևոր ու դժվար։ Ձևավորվեց հրապարակ, որը ազգային գաղափարներով մոտիվացված հանրություն է։ Նման հանրություններըայս կամ այն կերպ միշտ հասնում են դրված խնդիրների լուծմանը։

Շարժման՝ այս պահի ձեռքբերումները

Որևէ լուրջ մարդ չէր կարող հավատալ, որ մի քանի հանրահավաքից ու երթից հետո Նիկոլը կհեռանար, միջնորդները կդառնային հայանպաստ ու Ադրբեջանը կմեղմեր իր ագրեսիան։ Անլուրջ էր ժամկետներ դնելը և հետո հիասթափվելը։ Նման իրավիճակներում, որտեղ «սև կարապի» գործոնը էական է, չի կարող լինել ժամկետ։ Հաղթում է նա, ով դնում է տրամաբանություն, և ոչ՝ ժամկետ։ Շարժումն այս պահի դրությամբ ունի հետևյալ հստակ ձեռքբերումները.

- Հասարակությունն արթացել է (նույնն է, թե՝ Լաոն), նույնիսկ եթե հրապարակում չէ։
- Միջնորդներն առաջին անգամ արձանագրեցին, որ հետպատերազմյան հայ հասարակությունը անասնաֆերմա չէ, որ ում ինչ ուզեն կարողանան հրամցնել։

Իշխանությունը

- Իշխանության մեջ տարբեր շրջանակներ առաջին անգամ արձանագրեցին, որ իշխանությունը հարատև չէ, և կան իրական ռիսկեր։
- Իշխանության մեջ տարբեր շրջանակներ արձանագրեցին, որ երկրում մեծանում է իրենց հանդեպ չարությունը, և որպեսզի մի պահից այն չդառնա անկառավարելի, պետք է անել հետևություններ։
- Իշխանության մեջ տարբեր շրջանակներ հասկացան, որ հնարավոր չի լինելու ցանկացած փաստաթուղթ կամ ցանկացած որոշում ծախել հայ հասարակության վրա։
- Իշխանության մեջ տարբեր շրջանակներ հասկացան, որ հենց իշխանության միջից հնչող ձևակերպումներն են ամենապայթյունավտանգը, ու դրանք են հիմնական թրիգերները։
- Իշխանության մեջ տարբեր շրջանակներ հասկացան, որ միաձույլ իշխանությունն էֆեկտիվ չէ. երկրում գործ չի արվում, գնում է լճացում, կառավարությունը շատ թույլ է, համարժեք չէ առկա ու ահագնացող խնդիրներին։ Առանձին ոլորտներ ուղղակի տապալված են, և այդ ոլորտների պատասխանատուներն իրենց ապահովագրում են Նիկոլ քծնելով կամ ընդդիմության վրա հարձակումներով, ինչը է´լ ավելի է սրում վիճակը։ Մայրաքաղաքի կառավարում գոյություն չունի, իսկ դա Հայաստանի գրեթե կեսն է։ Ոչ էֆեկտիվ կառավարումը բերում է ներքին սուր լարվածության։

Շարժման շարունակությունը

Իրավիճակի լրջությունը ենթադրում է շարժման փուլայնություն, ինստենսիվության տարբեր աստիճաններ։ Շարժումը պետք է գնա կառուցվածքային և բովանդակային էական փոփոխությունների։

- Ազգային պայքարի իդեան պետք է լինի ոչ թե հակաթուրքականությունը, այլ՝ Հայաստանի վերելքը, պատերազմից հետո պետության վերականգնումը:
- Մեր հասարակությունը պատերազմից ու պարտությունից հետո գտնվում է ազգային և քաղաքացիական դեմորալիզացիայի վիճակում։ Մենք սա պետք է ընդունենք որպես իրողություն և հասկանանք հրամայականը՝ փոխել աշխատելաոճը։
- Պետք է հստակ նկարագրվի Նիկոլի կողմից առաջարկվող (կամ չառաջարկվող) Հայաստանի այլընտրանքը. հետնիկոլական Հայաստանի նկարագրություն։
- Թույլ չտալ ներքին չարության անկառավարելի աճ, թույլ չտալ անձնավորված ատելություն։ Ատելության և չարության կոչերը կարող են ծափեր պոկել, բայց լայն շրջանակների և պետության օրակարգի համար դրանք վտանգավոր են։

Ինքնապարփակվելու ռիսկը

Ոչ ոք չի չեղարկել այն կենսական սպառնալիքները, որոնք կանգնած են մեր առաջ։ Կա մեծ վտանգ, որ մենք կտարվենք «ներքին ձեռնամարտով» ու մի պահ կթերագնահատենք ռիսկերը։ Իսկ դրանք ոչ միայն շատ սուր են, այլև նորերն են ավելացել։ Կա սուր վտանգ՝ նոր ագրեսիայի, մեր հաշվին տարածաշրջանային կոնսենսուսի՝ ընդհուպ մինչև պետականության ծայրաստիճան թուլացում կամ կորուստ։
Եթե մենք Նիկոլի պոպուլիզմին հակադրենք նոր տիպի հականիկոլական պոպուլիզմ, ապա լայն հանրության մոտբթանալու է վտանգի զգացողությունը։ Այդպես մենք կարող ենք մարգինալացնել բարդագույն կենսական խնդիրները և մի պահ կանգնենք փաստի առաջ։ Այս պրոցեսի առաջին նշանները կան. բարձրանում է գոչյունի, վիրավորանքի, պարզունակ խոսքի արժեքը, իսկ գրագետ և ծանրակշիռ խոսքը դառնում է ցածր պահանջարկ վայելող։Նման ազգային և պետական ճգնաժամից դուրս գալու համար շատ լուրջ հանրային, համահայկական կոնսոլիդացիա է պետք։ Մեր խորին համոզմամբ՝ այդ կոնսոլիդացիան հնարավոր է ապահովել միայն խելամտության և սոլիդության դրոշով։ Հակառակ դեպքում պրոցեսները կգնան տոտալ մարգինալացման, քաոտիկ թշնամանքի և պետության սրընթաց թուլացման ճանապարհով։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս խորագրի վերջին նյութերը