Մեկնաբանություն

10.06.2022 13:55


Ինչու է իրեն կամ հայ ժողովրդին էշի տեղ դնում Արարատ Միրզոյանը

Ինչու է իրեն կամ հայ ժողովրդին էշի տեղ դնում Արարատ Միրզոյանը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար աշխատող Արարատ Միրզոյանն իր դժգոհությունն է հայտնել թուրքական կողմի վարքագծի կապակցությամբ։

«Մի կողմից Թուրքիան հայտարարում է առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, մյուս կողմից՝ կապ ենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի եւ Ադրբեջանի միջեւ։ Սա չի կարելի կառուցողական մոտեցում համարել»,– հայտարարել է Միրզոյանը։

Միրզոյանը Թուրքիայի դիրքորոշումը գնահատում է ապակառուցողական և համարում, որ այդ երկիրը նախապայմաններ է առաջ քաշում։

Թվում է, թե ճիշտ մտահոգություն հայտնում Միրզոյան Արարատը, որը Թուրքիայում բերանը մինչև ականջները բացել էր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ և որին Թուրքիայում դարձրել էին «Arabat»: Միրզոյանը «մուննաթ» է գալիս, բայց դա կեղծ ու դեմագոգիկ «մուննաթ» է։

Նախքան հայ–թուրքական, այսպես կոչված, երկխոսությունը Թուրքիան հրապարակավ ու բազմաթիվ անգամներ հայտարարեց, որ հայ–թուրքական գործընթացը շաղկապված է հայ–ադրբեջանականի հետ, և որ Թուրքիան Ադրբեջանի հետ 100 տոկոսով համաձայնեցված է շփվելու պաշտոնական Երևանի հետ։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համար ՀՀ–ն պետք է բավարարի ադրբեջանական կողմի պահանջները, այն է՝ Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, տրամադրել Զանգեզուրի միջանցքը։ Այս պահանջներն, ի դեպ, կան նաև Էրդողանի ու Ալիևի՝ Շուշիում կնքած հռչակագրի մեջ։ Հռչակագիր, որը նիկոլենք չդատապարտեցին և բոյկոտեցին այդ հռչկագրի դեմ բերված ընդդիմության հայտարարությունը։

Երբ քաղաքական գործիչները, վերլուծաբանները Նիկոլ Փաշինյանին, թուրքերի հետ բանակցող–քիրվա նշանակված Ռուբեն Ռուբինյանին և մյուս քայլարածներին ցույց էին տալիս թուրքական իշխանությունների հայտարարությունները և նշում, որ Թուրքիան ոչ միայն հին, այլ նաև նոր նախապայմաններով է հարաբերվում ՀՀ–ի հետ, Նիկոլը և մյուսները պնդում էին, թե բա՝ հրե՛ն, պաշտոնական Անկարան հայտարարել է, որ հայ–թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների են։ Մեր բոլոր հիմնավոր փաստարկները թուրքական նախապայմանների մասին չլսելու էին տրվում նիկոլենց կողմից, թե բա՝ թողեք, թող բանակցենք, սահմանը բացենք ու լավ ապրենք։

Թուրք–ադրբեջանական նախապայմաններն ակնհայտ էին, բայց նիկոլենք խաբում էին հայ ժողովրդին, թե, իբր, նախապայման չկա։ Նրանք հանուն իրենց շահի զոհաբերում են Հայաստանի ու Արցախի շահը՝ աթոռը պահելու բանալի փնտրելով Բաքվում ու Անկարայում, քանզի միայն այդ մայրաքաղաքներում են շահագրգռված Նիկոլի իշխանության պահպանությամբ։

Հիմա, երբ Արարատը/Arabat–ը նեղսրտում է Թուրքիայի պահվածքից, դա դեմագոգիա է։ Թող ինքն իրեն կամ հայ ժողովրդին էշի տեղ չդնի։

Եթե նիկոլենք հայ–թուրքականը սկսելուց առաջ չէին հասկանում, որ Թուրքիան զուտ ֆորմալ է հայտարարել առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու մասին և իրականում առաջնորդվում է նախապայմաններով, ապա ավարտված դեբիլ են։ Իսկ եթե շատ լավ հասկանում էին, որ Թուրքիան ձևականորեն է «առանց նախապայմաններ» ձևակերումն օգտագործում, բայց հայ ժողովրդին խաբում էին, որ Թուրքիան, իբր, առանց նախապայման է բանակցում, ապա նիկոլենք ավարտված դավաճան են։ Երկու դեպքում էլ Նիկոլը, Արարատը/Arabat–ը և նրանց թիմակիցներն անելիք չունեն պետական կառավարման համակարգում։

Իսկ Արարատ Միրզոյանն ինքն իրեն կամ հայ ժողովրդին էշի տեղ է դնում, քանզի զգում է, որ գալիս է բացատրություններ (նաև՝ ցուցմունքներ) տալու ժամանակը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը