Քաղաքական

08.06.2022 11:39


Բանակը բարեփոխելու համար պետք է իշխանության գան բանակից հասկացող մարդիկ․ ծանրագույն վիճակում ենք․ Սենոր Հասրաթյանը՝ Սուրեն Պապիկյանի՝ բանակում փոփոխություններ անելու հայտարարության մասին․ «Հրապարակ»

Բանակը բարեփոխելու համար պետք է իշխանության գան բանակից հասկացող մարդիկ․ ծանրագույն վիճակում ենք․ Սենոր Հասրաթյանը՝ Սուրեն Պապիկյանի՝ բանակում փոփոխություններ անելու հայտարարության մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին Հանրային հեռուստատեսության եթեր է գնացել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և խոսել բանակի մասին։

Մասնավորապես ասել է, որ պաշտպանության համակարգում գլոբալ փոփոխություններ են անելու, և Գլխավոր շտաբն այսուհետ զբաղվելու է միայն բանակի հարցերով, չնայած չի հասկացվում, թե նախկինում ինչով է զբաղվել ԳՇ-ն։ Ապա ասել է, որ տարբերություն չկա՝ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատա՞րն է աշխատում, թե՞ ԳՇ պետը և այլն։ Մենք զրուցեցինք գնդապետ, Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի հետ:

- ՀՀ պաշտպանության նախարարը խոսում է բանակում համակարգային փոփոխություններից: Նշում է, թե հայկական բանակում այժմ օրգանական փոփոխություններ են արվում` բանակը պրոֆեսիոնալ դարձնելու նպատակով: Սակայն հայտնի է, որ պրոֆեսիոնալ բանակը թանկ հաճույք է, և շատ երկրներ իրենց նման բան թույլ չեն տալիս։ Իսկ կենցաղային մակարդակով էլ նախարարի խոսքից կարելի է եզրակացնել, որ մեր բանակը պրոֆեսիոնալ չէ: Համաձա՞յն եք նրա դիտարկումներին:

- Ես, ճիշտն ասած, դրանց ասածների մասին անգամ կարծիք չունեմ: Մեր բանակն իրականում կար որպես հայրենական բանակ, սակայն այսօր մենք բանակ չունենք:

- Ինչո՞ւ:

- Ունենք բանակ, ուղղակի բանակը ղեկավարում է մեկը, ով ռազմական գործից անտեղյակ է, նման մարդն ինչպե՞ս կարող է ղեկավարել Հայաստանի զինված ուժերը: Հենց այս ամենն էլ կասկածի տակ է դնում՝ մենք ունե՞նք բանակ, թե՞ չունենք:

- Պապիկյանի խոսքից կարելի է ենթադրել, որ մեր բանակը բավականին թույլ է, անկազմակերպ, և այն տեսակետները, թե ուժեղ բանակ ենք ունեցել, միֆ է եղել....

- Եկեք պապիկյանների ասածների մասին չխոսենք, եթե նրա ու նրա նմանների մասին սկսենք դատողություններ անել, կստացվի, որ մենք ընդհանրապես պետություն չենք ունեցել: Ավելորդ եմ համարում դրանց ասածների մասին քննարկումներին մասնակցելը:

- Նախարար Պապիկյանը նաև նշում է, որ իրենք առաջիկայում հանդես են գալու ծավալուն օրենսդրական նախաձեռնությամբ: Բանակում օրենսդրական փոփոխությունները չե՞ն ենթադրում նաև սահմանադրական փոփոխություններ:

- Բանակը բարեփոխելու կամ, առհասարակ, փոխելու համար պետք է իշխանության գան բանակից հասկացող մարդիկ: Խնդիրն այն է, որ նրանք, ովքեր բանակում առկա խնդիրներից և բարեփոխումներից են խոսում, անգամ տեղյակ չեն ռազմական գործից: Ասում են` ԳՇ պետ չկա, կա պաշտոնակատար, գործ ա, անում ա, էլի.... եթե մարդիկ նման կերպ են մտածում, էլ ի՞նչ ենթադրություններ անենք մենք: Ծանրագույն վիճակում ենք այսօր:

- Փաստորեն, ունենք ոչ պրոֆեսիոնալ նախարար, գործից անտեղյակ վարչապետ: Ձեր կարծիքով` այս ծանրագույն իրավիճակից ինչպե՞ս կարող ենք դուրս գալ:

- Երկիրը պետք է ղեկավարի կառավարումից հասկացող մարդ:

- Հետևո՞ւմ եք ընդդիմադիրների պայքարին, ոստիկանության գործողություններին, ակնկալիքներ ունե՞ք ընդդիմության պայքարից:

- Ես այսօր հույսեր կապում եմ բոլոր նրանց հետ, ովքեր բարձրաձայնում են Հայաստանում առկա իրավիճակի մասին:

- Անվերջ կարելի է վարչապետի հասցեին լսել քննադատություններ, սակայն փաստ է, որ զինվորականությունը ենթարկվում է վարչապետին:

- Քանի որ ես հիմա պահեստազորի սպա եմ, բանակում չունեմ այդքան կապեր, չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել:

- Ձեր խոսքից ենթադրում եմ, որ Սուրեն Պապիկյանին լուրջ չեք վերաբերվում: Կարո՞ղ է ստացվել այնպես, որ այս իշխանությունների հետ համատեղ ռազմական ոլորտը ներկայացնի առավել կայացած, փորձառու մեկը, և իրապես բանակում առարկայական փոփոխություններ տեղի ունենան:

- Ես չեմ պատկերացնում այս իշխանության պարագայում մի այնպիսի մարդու, ով առանց իշխանության միջնորդության կարողանա համալիր փոփոխություններ կատարել»:

Այս խորագրի վերջին նյութերը