Քաղաքական

08.06.2022 10:24


Այսօրվա քաղաքական վախերն են պատճառը, ՀՌՀ–ին սերիալի քաղաքական կոնտեքստն է անհանգստացրել․ «Երկիր մեդիա»-ի տնօրեն

Այսօրվա քաղաքական վախերն են պատճառը, ՀՌՀ–ին սերիալի քաղաքական կոնտեքստն է անհանգստացրել․ «Երկիր մեդիա»-ի տնօրեն

Սերիալի ընդամենը 1/8-րդ մասն է ցուցադրվել. 24-ից ընդամենը 3 սերիան է ցուցադրվել։ Սա աննախադեպ է, երբ որևէ տեսարան ընդհանուր կոնտեքստից կտրվում է և փորձ արվում սրա շուրջ աղմուկ բարձրացնել, այս մասին հայտարարել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարությանը, թե ՀՌՀ-ն բողոքներ է ստանում «Երկիր մեդիա»-ով ցուցադրված Գոռ Վարդանյանի հեռուստասերիալի մասին։

«Ըստ հայտարարության, որ ստացվել են բազմաթիվ բողոքներ հեռուստադիտողների կողմից, գիտեմ, որ սա որոշակի սադրված հայտարարություն էր։ Չեմ ուզում սերիալի բովանդակությանն անդրադառնալ։ Ինչ վերաբերում է հայտարարությանը, ապա դա հանցավոր բարքերի ռոմանտիզացումն է։ Վստահեցնում եմ, որ այդպիսի բան չկա։ Հատկապես, որ ֆիլմի ընդամենը 3 սերիա է ցուցադրվել։ ՀՌՀ-ը չէր կարող իմանալ՝ հետագա սերիաներում ինչ է նախատեսվում»,-ասել է նա։

Բագրատ Եսայանը նշել է, որ իր համար զարմանալի է հայտարարության այն հատվածը, որում ասվում է, թե այդ սերիալը հեղինակազրկում է Հայ առաքելական եկեղեցին, որովհետև «Երկիր մեդիա»-ն իր արժեհամակարգով և դիրքորոշումներով հայտնի է, և կոնկրետ մեկ պատկերը փորձել են շահարկել, կոնտեքստից կտրել։

«Վերջին տարիների ընթացքում ականատես ենք եղել այնպիսի իրավիճակի, երբ կոնկրետ գործիչներ իրենց նույնացրել են Հիսուս Քրիստոսի հետ։ Կարծում եմ՝ սա շատ ավելի մեծ անաստվածություն և կռապաշտություն է, քան այդ սերիալում բացասական հերոսի անճաշակության ընդգծումը»,-ասել է նա։

«Նկատի ունենալով այն ռիսկային իրավիճակը, որում հայտնվել է «Երկիր մեդիա»-ն՝ իր դիտողականության կտրուկ աճի շնորհիվ, որպես հեռուստաընկերության տնօրեն՝ որոշում կայացրի այդ սերիալը տեղափոխել այն ժամային գոտի, որը թույլատրելի է նման բռնություն կամ ոչ ընդունելի տեսարաններ ունեցող ֆիլմերի համար։ Չնայած նրան, որ չկա բռնություն, չկան տեսարաններ, որոնք կարող են ազդել երեխայի հոգեվիճակի վրա»,-նշել է նա։

Հարցին, թե արդյոք սերիալի քաղաքական կոնտեքստն է անհանգստացրել ՀՌՀ-ին, «Երկիր մեդիա» Հ/Ը տնօրենն ասել է․ «Կարծում եմ, որ իսկապես հենց դա է, որ անհանգստացրել է, որովհետև անոնսները և ամբողջ ենթատեքստը տրամաբանական ընթացքը սցենարի, երբ խոսվում է դավաճանված պատերազմի, թշնամի պետության փողերով իշխանություն վերցնելու գեղարվեստական մեկնաբանության մասին։ Կարծում եմ՝ այսօրվա քաղաքական վախերի պատճառով գործիչները տեղի են տվել նման մոտեցման»։

Անդրադառնալով Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս նշել էր երկու հեռուստաընկերության լիցենզիայից զրկելու մասին, Բագրատ Եսայանն ասել է․ «Այսօրվա հայտարարությունը վատ կանխատեսումն իրականություն դարձրեց։ Ինչո՞ւ «Երկիր մեդիա»-ն, կարծում եմ՝ հստակ է, որ այսօրվա քաղաքական իրադարձությունները հանրապետության մակարդակով լուսաբանող միակ հեռուստաընկերությունը «Երկիր մեդիա»-ն է։ Տարակուսեցի, երբ ֆեյսբուքյան կառավարման ոճը նույնիսկ Տիգրան Հակոբյանն է որդեգրել, հույս ունեի, որ այդ ոճը չի շարունակվի, բայց պարզվեց, որ ոչ միայն շարունակվում է, այլ այդ գրառումը որոշակի սցենարի մաս է կազմել։

Երբ կան հաղթած հեռուստաընկերություններ, որոնք ունեն գործող արտոնագրեր, կասեցումը որևէ ժողովրդավարության տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Բացի քաղաքական նպատակներ հետապնդելուց, ազատ խոսքը ճնշելուց՝ քաղաքական նպատակներով, այլ բան չի ընկալվի»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը