Քաղաքական

08.06.2022 10:20


Ում հաշվին է 12 հոգանոց պատվիրակությունը՝ նախագահի գլխավորությամբ, մեկնել Շվեյցարիա․ «Ժողովուրդ»

Ում հաշվին է 12 հոգանոց պատվիրակությունը՝ նախագահի գլխավորությամբ, մեկնել Շվեյցարիա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-ին Շվեյցարիա էր մեկնել 12 հոգուց բաղկացած պատվիրակությամբ: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցին ի պատասխան, հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից: Մեր հարցման մեջ խնդրել էինք ներկայացնել, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, եւ թե ինչ է տվել մեր պետությանն այս այցը: ՀՀ նախագահի աշխատակազմը չի պատասխանել հարցին, թե որքան գումար է ծախսվել 12-հոգանոց պատվիրակության համար:

Պատասխանում միայն ասվում է, որ ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի, «Հանրապետության նախագահի գործունեության եւ ներկայացուցչականության ապահովում» միջոցառման, Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների ծրագրի շրջանակում։

Ամենաուշագրավը մեզ տված պատասխանում այն է, որ ՀՀ նախագահի՝ Շվեյցարիա կատարած այցը ֆինանսավորել է նաեւ մի անհատ ձեռներեց «Վահե Մկրտչյան Բաբկենի» ԱՁ-ի միջոցների հաշվին: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ այս ընկերությունը գրանցվել է վերջերս՝ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին:

Թե ով է Վահե Մկրտչյանը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ նախագահի եւ 12-հոգանոց պատվիրակության այցը ՀՀ-ին ինչ տվեց, նախագահականից բացատրել են, որ նախագահն իր բոլոր հանդիպումների ընթացքում ներկայացրել է Հայաստանում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, վերջին տարիների ձեռքբերումները, մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը, Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ վերջնական լուծման շուրջ:

Նկատեցիք՝ ոչ մի առարկայական արդյունք. զուտ տուրիստական այց՝ նախագահական ատրիբուտներով»:

Այս խորագրի վերջին նյութերը