Քաղաքական

07.06.2022 15:23


Իշխանությունը պատրաստվում է հերթական «ժողովրդավարական» փակ միջոցառմանը «Մարիոթ»-ում

Իշխանությունը պատրաստվում է հերթական «ժողովրդավարական» փակ միջոցառմանը «Մարիոթ»-ում

«Ժողովրդավարության հայկական ֆորում»-ից հետո ՀՀ իշխանությունները պատրաստվում են հերթական փակ միջոցառմանը, այս անգամ՝ դատական իշխանության վերաբերյալ: Վաղը կրկին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկելու է երկօրյա խորհրդաժողով «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով, որը կազմակերպում է Եվրոպայի խորհուրդը, հովանավորում՝ Եվրոպական միությունն ու Եվրոպայի խորհուրդը:

Բարձր մակարդակի խորհրդաժողով կոչվող միջոցառման մասնակիցների ցանկը բավականին ներկայացուցչական է, ելույթներով են հանդես գալու ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին, ԵԽ պաշտոնյա Ֆրեդերիկ Դոլտը, Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Դանուտե Յոչիենեն, Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար (առցանց) Հաննե Յունկերը, Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի պաշտոնաթող նախագահ Գերհարդ Ռայսները, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի նախագահ Անկե Այլերսը, ՀՀ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և այլք, իսկ հրավիրյալների ցանկում են ՀՀ-ում հավատարմագրված արևմտյան դեսպանները, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներ Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանը, Տիգրան Եգորյանը, Էդմոն Մարուքյանը, Վահագն Հովակիմյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և շատ այլ իշխանությանը մոտ կանգնած գործիչներ:

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» միջոցառմանը քննարկումների բազմազանություն չի կարողանում ապահովել, ինչը հակաժողովրդավարական երևույթ է․ միջոցառմանը հրավիրված չէ ընդդիմության որևէ ներկայացուցիչ, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը և շատ այլ գործիչներ, որոնք պետք է մասնակցեին այս թեմայով քննարկումներին:

Բացի այդ, պարզ դարձավ, որ միջոցառումն ունենալու է միայն արարողակարգային լուսաբանում, այսինքն՝ ԶԼՄ-ների հավատարմագրում և լուսաբանում չի նախատեսվում:

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ միջոցառումն այնուամենայնիվ լուսաբանելու են Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, հանրային ռադիոն և «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

168.am-ի հետ զրույցում Եվրոպայի խորհրդում ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն ասաց, որ լուսաբանում չի նախատեսվում, որովհետև եթե հրավիրեն, ապա բոլորին պետք է հրավիրեն, իսկ այդպես չեն կարող:

Նրա խոսքով՝ որոշում է կայացվել, որ միայն մամուլի հաղորդագրություն կլինի, և լրագրողները դրանից կօգտվեն:

Բարբակաձեն ասաց, որ շատ են լինում միջոցառումներ, երբ լրագրողների մուտք չի նախատեսվում, և միայն հրավիրված կողմերն են լինում, ուստի զարմանալ պետք չէ: «Այդպես որոշում է կայացվել, որ բոլոր լրագրողները հավասար պայմաններով կստանան նույն պրես ռելիզը»,- նկատեց նա:

168․am-ի հարցադրումից հետո, թե չի՞ նախատեսվում նաև Հանրային հեռուստաընկերության, ռադիոյի կողմից լուսաբանում, Բարբակաձեն պատասխանեց, որ կարող է միայն Հանրային ռադիոն և Հանրային հեռուստատեսությունը լինեն, այդպես է որոշված՝ այն էլ միայն միջոցառման առաջին հատվածում, ամբողջ ընթացքում չեն լինելու:

Նույն տեղեկատվությունը մեզ փոխանցեցին նաև ՍԴ-ից:

Այս խորագրի վերջին նյութերը