Հարցազրույց

30.08.2011 00:14


Արմեն Աղայան.

Արմեն Աղայան.

Հարցազրույց «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի գործադիր քարտուղար Արմեն Աղայանի հետ

Ի՞նչ եք կարծում՝ մտա՞նք նախընտրական փուլ, թե՞ ոչ։

–Ոմանք՝ վաղուց, ոմանք էլ դուրս չէին էլ եկել այդ փուլից: Ուրիշները գուցե նախընտրական փուլում են, իսկ շատերը դեռ մտածում են կամ արդեն չեն էլ մտածում:

–Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը կկրի՞ քողարկված բնույթ, թե՞ բացահայտ կշարունակվի։

–Իսկ ո՞րն է դրանց տարբերությունը: Իրական երկխոսությունները միշտ էլ գաղտնի են լինում: Դրանց մասին հանրությունը հետին թվով է միշտ իմանում կամ չի էլ իմանում, այլ միայն գլխի է ընկնում ինչ-ինչ դրսևորումներից: Տվյալ դեպքում մեզ հրամցվում է թատերականացված մի ներկայացում, որը գուցե վաղուց տեղի ունեցած ինչ–որ իրական երկխոսության ընթացքում ձեռք բերված որոշ պայմանավորվածությունների արդյունք կարող է լինել։

Ի՞նչ տվեց այս երկխոսությունը։

–Հայ ժողովրդին բացարձակապես ոչինչ: Կողմերին նույնպես: Երկխոսություն «շոուն» նրանց պետք էր նախ ժամանակը տպավորիչ վատնելու, այդ ընթացքում արտաքին ուժերի և ներքին հանրության ուշադրության կենտրոնում լինելու, ինչպես նաև իրենց ապագա քայլերի համար որոշ հող նախապատրաստելու համար:

Կարծիք կա, որ այս երկխոսության արդյունքում երկու կողմն էլ կորցրեց իր այն ամենն, ինչ ուներ, կամ մնացել էր։ Դո՞ւք ինչ եք կարծում։

–Մի քիչ համաձայն չեմ այդ կարծիքին: Իշխանության էլեկտորատի քանակը երբեք պայմանավորված չի եղել իշխանավորների հեղինակությամբ: Այն ձևավորվում է ֆինանսական և վարչական լծակների շնորհիվ, ուստի կարող է պակասել գլխավորապես այդ լծակների թուլանալու պարագայում: Իսկ «Հիմնադիր նախագահի վերադարձ» նախագիծն իր համակիրների մեծ մասին կորցրեց արդեն 2008-ին մի քանի փուլով: Ու թեև Տեր–Պետրոսյանի ընտրազանգվածն այսօր էլ ավելի փոքր չափերով շարունակում է նվազել, այնուամենայնիվ, պետք է հաստատել, որ դրա կորուստը «երկխոսության» հետևանք չէ, այլ պատճառ: Այսինքն, Տեր–Պետրոսյանը երկխոսում է, որովհետև ինքը բոլորից շուտ և բոլորից լավ գիտի, որ այլևս չունի այն ժողովրդական աջակցությունը, որն ուներ 2008–ին: Նախորդ ընտրությունների իր տրիումֆը գոնե մասամբ կրկնելու համար նրան այսօր ուղղակի անհրաժեշտ է իշխող վարչախմբի աջակցությունը, և նա հնարեց այս «երկխոսությունը»:

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը