Մեկնաբանություն

04.06.2022 13:01


Նիկոլ Փաշինյան-2008թ․, Նիկոլ Փաշինյան-2022թ․

Նիկոլ Փաշինյան-2008թ․, Նիկոլ Փաշինյան-2022թ․

Կառավարական առանձնատների մոտ երեկ տեղի ունեցած բախումները ևս մեկ անգամ հաստատեցին, որ 2008թ․ մարտի 1–ին տեղի ունեցածի թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Հիմիկվա ու 2008–ի տարբերությունն այն է, որ 14 տարի առաջ Նիկոլը փողոցային բախումները կազմակերպեց որպես ղարաբաղցիների դեմ դուրս եկած ընդդիմադիր հանրահավաքային դիջեյ, իսկ երեկ նա իշխանավորի կարգավիճակով էր բախումներ կազմակերպում։

Մեկ այլ փոքրիկ տարբերություն էլ կա։ 2008–ին Նիկոլը մարդկանց տարավ կրակի բերան ու վերջում թռավ։ Այս անգամ նա թռած էր ի սկզբանե․ թռավ, հետո բախումների գնաց։

Մնացած առումներով ամեն ինչ նույնն է։ Ե՛վ 2008–ին, և՛ 2022–ին Նիկոլը բախումների էր գնում հանուն աթոռի։ Ինքը միշտ «շիրա» տվող է, մեջքի հետևում թաքնվող ու միշտ պատրաստ թռնելու։

Երեկ Նիկոլը հատուկ միջոցներ կիրառեց՝ հանուն սեփական աթոռի։ Այդ հատուկ միջոցներից տուժեցին և՛ քաղաքացիները, և՛ ոստիկանները։ Բայց դա Նիկոլին չի հետաքրքրում։ Ինքն իր աթոռի դարդն է։

Ոստիկաններից վահաններ ու մահակներ խլելուց հետո Նիկոլի հոգին փառավորվում էր։ Հիմա նրա հոգին փառավորվում է, երբ ոստիկանները հարձակվում են ցուցարարների վրա և վայրագություններ կազմակերպում։

Ի դեպ, ինչքան էլ փորձեն գործ կարել ցուցարարների վրա, միևնույն է դա փուչիկ է լինելու։ Կան բազմաթիվ ապացույցներ, որոնցից պարզ է դառնում, որ ոստիկանները ոհմակային հարձակում են գործում առանձին ցուցարարների վրա, ծեծում նրանց։ Չկա գեթ մեկ կադր, որն ապացուցի, որ ցուցարարն է ոստիկաներին ծեծում։ Իսկ այն ոստիկանները, որոնք տուժել են պետք է «պարտական» լինեն լուսաձայնային միջոց օգտագործողին։

Եվ այսպես, Նիկոլը չի փոխվել։ Պարզապես ավելի վտանգավոր է դարձել, քանզի նրա ձեռքում իշխանական լծակներ են հայտնվել։ 2008–ին նա ուզում էր զավթել իշխանությունը։ Հիմա ուզում է զավթածը պահել։ Բայց միևնույն է թռնելու է։ Կամ՝ թռցվելու։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը