Քաղաքական

04.06.2022 10:48


Դատավորները աշխատավարձի 50 և 80 տոկոսի չափով հավելավճար կստանան. «Ժողովուրդ»

Դատավորները աշխատավարձի 50 և 80 տոկոսի չափով հավելավճար կստանան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Ըստ այդ նախագծում արվելիք փոփոխություններով, բարձրանալու է դատական համակարգի մի քանի ներկայացուցիչների աշխատավարձը։ Մասնավորապես, առաջարկվում է ամրագրել, որ Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին վճարվում է հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով։ Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում` Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատի նախագահին) սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով»:

Իսկ ինչ գումարի մասին է խոսքը։ Վճառբեկ դատարանի նախագահը ստանում է 992 հազար դրամ մաքուր աշխատավարձ, ըստ այդմ՝ նրա դեպքում հավելումը կկազմի 496 հազար դրամ։ Իսկ պալատի նախագահը ստանում է 793 հազար դրամ աշխատավարձ, դատավորն էլ՝ 760 հազար դրամ և համապատասխանաբար հավելումները կկազմեն 396 հազար և 380 հազար դրամ։ Սահմանադրական դատարանի անդամների դեպքում պատկերը հետևյալն է․ ՍԴ նախագահը ստանում է 1 մլն 582 հազար դրամ աշխատավարձ, իսկ հավելումը կկազմի 846 հազար դրամ, փոխնախագահի աշխատավարձը՝ 859 հազար դրամ, հավելումը՝ 687 հազար դրամ, դատավորներնէլ ստանում են 793 հազար դրամ և հավելումն էլ կլինի 634 հազար դրամ։

Հավելենք, որ այս դրույթների ամրագրման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ակնկալվում է պետական բյուջեից տարեկան շուրջ 283 մլն 346 հազար դրամի լրացուցիչ միջոցների օգտագործում։ Նկատենք՝ այս հավելավճարները տրվում են ամեն ամիս»։

Այս խորագրի վերջին նյութերը