Քաղաքական

03.06.2022 19:57


Արցախը բանակցություններից դուրս է թողել հենց Նիկոլ Փաշինյանը․ Արմեն Ռուստամյան

Արցախը բանակցություններից դուրս է թողել հենց Նիկոլ Փաշինյանը․ Արմեն Ռուստամյան

Ենթադրելի է, որ Բրյուսելում նախանշվել է մի ընթացք, որին համապատասխան քայլեր են կատարվում կապված սահմանագծման և սահմանազատման գործընթացի հետ. այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում ՝ ընդդիմության հրավիրած արտահերթի նիստի տապալումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Նիկոլ Փաշինյանն ասաց՝ առաջիկա օրերին պետք է լինեն սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ, եղան։ Խաղաղության պայմանագրի շուրջ կարծում եմ՝ կլինի առաջիկա օրերին։ Առաջիկա հանդիպումը նախատեսված է հուլիս-օգոստոս ամիսներին։ Շատ հավանական է, որ հուլիս-օգոստոս ամիսներին այս ամենն ամփոփվի, և մեզ նորից փաստի առջև կանգնեցնեն»,-ասաց Ռուստամյանը։

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ մարդիկ, որոնք գիտակցում են, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պետք է հասկանան նաև, որ այդ ճանապարհից խուսափելու ելքն այս իշխանությունների հեռացումն է։

«Ո՞ւմ համար պարզ չէ, որ եթե Արցախը մնաց Ադրբեջանի կազմում, Արցախում հայ չի մնա։ Ինքնորոշման իրավունքը կատարվում է Արցախի ժողովրդի միջոցով, և իրենց տեսակետն այստեղ հնարավոր չէ անտեսել։ Արցախը գնացել է ինքնորոշման ճանապարհով, որի առաջին հանգրվանն անկախությունն էր, ինչից հետո Արցախը կորոշեր միանալ, թե չմիանալ։ Չի կարելի թռնել այդ հանգրվանից, որովհետև ամբողջ անցած ճանապարհը դու դարձնում ես անիմաստ։ Հայաստանն այսօր որևէ դիրքորոշում, կարմիր գիծ չի ներկայացնում։ Բոլորն իրենց շահերն են հետապնդում, աշխարհաքաղաքական վերադասավորումներ են լինում, իսկ Հայաստանը հայտնվել է մի վիճակում, երբ քամին որ ուղղությամբ փչի, կգնա»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը։

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ անվիճելի փաստ է, որ Արցախը բանակցություններից դուրս է թողել Նիկոլ Փաշինյանը։

«Դուք տեսե՞լ եք Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ստորագրությունը, որտեղ Արցախը չկա։ Մադրիդյան սկզբունքները չեն ավարտվել փաստաթղթով։ Այդպիսի փաստաթուղթ ստորագրել է միայն Նիկոլ Փաշինյանը, սա փաստ է»,- ասաց Արմեն Ռուստամյանը

Ազբյուրը` yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը