Քաղաքական

03.06.2022 13:57


«Տաթևի հատվածում ճանապարհը նստվածքներ է տվել, ասֆալտը քանդվել է, փոսեր են առաջացել». Բարձրավանի գյուղապետ

«Տաթևի հատվածում ճանապարհը նստվածքներ է տվել, ասֆալտը քանդվել է, փոսեր են առաջացել». Բարձրավանի գյուղապետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի վիճակին՝ չսարքած, արդեն նորից վերանորոգելու կարիք կա։

Նա նախ ներողություն խնդրեց իր բնակչությունից՝ ճանապարհի անհարմարության համար, ապա հավելեց. «Բազմաթիվ անգամ ենք խոսել այս մասին, ճանապարհի մի հատվածը, որն ավելի վաղ էինք սկսել, նախատեսված չէր, որ պետք է բեռնատարներ անցնեին։ Ճանապարհի մյուս երկու հատվածները բավականին արագ կառուցվեցին, և որոշակի նախագծային խնդիրներ կան, կառուցման ժամանակ էլ էինք տեսնում, որ կարող էր նման խնդիրներ լինել, դա է եղել պատճառը, որ մենք վերջին՝ երրորդ շերտը դիտավորյալ չտեղադրեցինք»։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի ղեկավար Օնիկ Ավագյանն ասաց, որ այդ ճանապարհի առկա խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել են, ուղղակի ժամանակին իրենց պետք է լսեին։

«Վերջին 10 օրերի ընթացքում մեկ անգամ եմ երթևեկել Տաթև-Աղվանի ճանապարհով, այն իսկապես ահավոր վատ վիճակում է։ Տաթևի հատվածում ճանապարհը նստվածքներ է տվել, ասֆալտը քանդվել է, փոսեր են առաջացել։ Շինարարները փոսերը լցնում, որոշակի աշխատանքներ են կատարում, բայց մեկ է՝ ճանապարհը շատ վատ վիճակում է, ահավոր վիճակ է»,-նշեց Օնիկ Ավագյանը։

Ըստ նրա՝ ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվեց թշնամուն, որից հետո ծանր բեռնատարները ստիպված սկսեցին երթևեկել այդ ճանապարհով։

«Խոտ գյուղ տանող այլընտրանքային ճանապարհը դեռ պատրաստ չէ, ստիպված երթևեկեցին այդ հատվածով, ուրիշ ճանապարհ չկա։ Դա միակ ճանապարհն է, որտեղով որ պետք է երթևեկեին։ Այլընտրանքային ճանապարհը՝ Սիսիանի կողմից սարով գցված ճանապարհը, որքանով տեղյակ եմ՝ հասել է մինչև Տաթև։ Այդ ճանապարհը պետք է միայն օգտագործվի, փրկությունը դա է։ Բայց, թե երբ կավարտվի դրա շինարարությունը, չեմ կարող ասել։ 1-2 տարի էլ եթե Տաթև-Աղվանի ճանապարհով երթևեկեք, ապա առհասարակ ճանապարհ չենք ունենա»,-հավելեց նա։

Բարձրավանի գյուղապետը վստահեցրեց՝ տեղանքին լավ ծանոթ լինելով, մշտապես ասել են, որ այդ ճանապարհը չի ծառայելու իր նպատակին, բայց չլսեցին՝ արագ-արագ ասֆալտ փռեցին, և արդյունքում եղավ այն, ինչ եղավ։

Ինչ վերաբերում է սահմանազատման և սահմանագծման արդյունքում Գորիս-Կապան ճանապարհի հնարավոր բացմանը, Օնիկ Ավագյանն ասաց, որ իրատեսական չէ սպասել, որ թշնամին այդ ճանապարհը կբացի, եթե նույնիսկ բացի, ապա այլ պահանջներ կներկայացնի հայկական կողմին։

«Նախ, կարծում եմ՝ հիմա սահմանազատման ժամանակը չէ, կան պայմաններ, որոնք մինչև Ադրբեջանը չկատարի, խոսք չպետք է լինի սահմանազատման մասին։

Եթե հիմա գնան այդ քայլին, դա լավ բանի չի բերելու։ Թշնամին կարող է Գորիս- Կապան ճանապարհը բացի ու հայերի համար սարքի վճարովի՝ Կապան մտնելուց գումար վճարես, դուրս գալուց վճարես։ Ադրբեջանն անկանխատեսելի է, չգիտես՝ ինչ կանի, իր զորքերը հետ քաշելու հարց կա, մեր տարածքից մաքրվելու հարցեր կան, միայն դրանից հետո պետք է սահմանազատում անեն»,-եզրափակեց Օնիկ Ավագյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարել էր, որ այդօրը՝ գիշերը 12-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական կողմը կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ՝ մաքսակետեր կտեղադրի։ Այս հայտարարության հաջորդ օրն էլ ԱԽ քարտուղարը հայտնել էր, որ ըստ իր տրամաբանության՝ ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհով անցնելիս պետք է որոշակի գումար վճարեն ադրբեջանական կողմին։ Օրեր անց թշնամին մաքսակետ տեղադրեց նաև Կապան-Ճակատեն հատվածում, որի արդյունքում բազմաթիվ գյուղեր այսօր չեն կարողանում օգտվել հիմնական ճանապարհից։

Այս իրադարձությոններից մեկ օր անց՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին «մխիթարեց»՝ խորհուրդ տալով երթևեկելՏաթև-Աղվանի ճանապարհով, հավաստիացնելով, թե լավ ու որակյալ ասֆալտապատել են այդ ճանապարհը։

Հիշեցնենք նաև, որ դրանից օրեր անց՝ նոյեմբերի 16-ին, թշնամին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում դիմել էր ռազմական ագրեսիայի, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ զոհեր, անհետ կորածներ և գերեվարվածներ։

Այս խորագրի վերջին նյութերը