Կարծիք

29.08.2011 12:23


Կոնգրեսն իրեն զավեշտալի դրության մեջ դրեց

Կոնգրեսն իրեն զավեշտալի դրության մեջ դրեց

Օգոստոսի 26-ը կմտնի հայոց պատմության դասագրքերի մեջ: Բանն այն է, որ ժամը տասին նախատեսված «երկխոսության» 7-րդ սերիան չի կայացել, Դավիթ Հարությունյանի բնորոշմամբ` տանգո պարողներից մեկի, այս դեպքում ՀԱԿ-ի «բեմահարթակ» չներկայանալու պատճառով:

Ճիշտ է, արդեն ձեռք էր բերվել համաձայնություն, թե երբ եւ որտեղ է կայանալու հանդիպումը, սակայն հարկային տեսչության հմուտ մասնագետ «երկխոսության» մասնակից Սամվել Աբրահամյանը հայտարարել է, թե նշանակված հանդիպմանն իրենց մասնակցությունը համարում են ոչ նպատակահարմար:

Այս օրինակն էլ բավական է հասկանալու համար, թե ինչ բարոյական նկարագիր ունի ժողովրդի անունից հաճախ հայտարարություններ անող Կոնգրեսը: Տարրական էթիկան հուշում էր, որ եթե նրանք չէին ներկայանալու հանդիպմանը, ապա այդ մասին կարող էին հայտարարել հանդիպման նախօրեին, քանի որ օգոստոսի 25-ի, լույս 26-ի գիշերը որեւէ արտառոց դեպք տեղի չէր ունեցել: Այսքանը նրանց համար, ովքեր դեռ ՀԱԿ-ի հետ լուրջ հույսեր են կապում:

Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում Դավիթ Հարությունյանի քաղաքական գործունեությանը, այսուհանդերձ, դժվար է նրա հետ չհամաձայնել, որ ՀԱԿ-ի այս քայլը էթիկայի կանոններից դուրս է: Իրոք, այս որոշման մասին կարելի էր նախապես տեղեկացնել:

Անպայման պետք է արձանագրել, որ նման մակարդակ ունեցողները պետք է հեռու մնան պետության կառավարումից եւ քաղաքականությունից: ՀԱԿ-ի ղեկավարությունը մեկ անգամ եւս ապացուցեց, որ իրենք ձգտում են էժան հեղինակության: Մյուս կողմից էլ չի կարելի չնշել, որ ՀԱԿ-ի քայլերը, հայտարարությունները, որոշումները միայն ծիծաղ են առաջացնում:

Նախատեսված ժամին «բեմահարթակ» չներկայացած «երկխոսողները» իրենց արած քայլի պատճառների մասին խոսել են միայն ժամը մեկին: Մակարդակի հարց է, այստեղ ոչինչ չես կարող անել:

Ավելորդ չէ հիշել, որ արտահերթ ընտրությունները հիմնավորող ՀԱԿ–ի 85 էջանոց փաստաթղթին ի պատասխան՝ կոալիցիայի աշխատանքային խումբը ներկայացրել էր 130 էջանոց փաստաթուղթ: Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե ՀԱԿ-ի որոշման պատճառը այս փաստաթուղթն է, բայց կարող ենք արձանագրել, որ Կոնգրեսը պատրաստ չէր եւ չէր էլ կարող պատրաստ լինել քննարկմանը, քանի որ լավ գիտեր իրենց գյալաջիի բուն նպատակը: Առիթը ստեղծվեց և Կոնգրեսը առկախվեց։

Ստացվում է, որ փողոցում ոստիկանի հետ կռվի բռնված Կոնգրեսի ակտիվիստը կարող է պատճառ դառնալ, որ ընդհատվեն կողմերի բնորոշմամբ՝ «կարեւոր նշանակության բանակցությունները»: Կոնգրեսն ամբողջովին բացահայտեց իր մակարդակը: Կոնգրեսը ցույց տվեց, որ իրենց պետք է արգելել երկրի կառավարման լծակներին մոտենալ առնվազն հազար կիլոմետր շառավղով: Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն հավասարեցրեց Տիգրան Առաքելյանի մակարդակին և դժվար է ասել, թե ով ում հավասարվեց՝ Տեր–Պետրոսյանը Առաքելյանի՞ն, թե՞ հակառակը։ Իհարկե, Կոնգրեսին առիթ էր պետք իր դեմքը փրկելու համար, բայց ցածր մակարդակի առկայությունը նրանց դրդեց խայտառակ որոշում կայացնել:

Կարծիք կա, որ այսպես Կոնգրեսը եւ վարչախումբը ժամանակ են ձգում մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Հետաքրքիր տեսակետ է, բայց այս դեպքում ժամանակը ոչ այնքան ձգում են վարչախմբի անդամները, որքան կոնգրեսականները: Վարչախումբը կորցնելու ոչինչ չուներ, իսկ Կոնգրեսը ուներ, եւ այն արդեն կորցրել է եւ չի կարող ետ բերել, որքան էլ առկախի կամ սառեցնի «երկխոսությունը»: Կոնգրեսի էջերը կարելի է փակված համարել, չնայած մինչեւ խորհրդարանի ընտրությունները կոնգրեսականները եւ նրանց հովանավորող իշխանությունները փորձելու են ամեն ինչ անել ժողովրդի գոնե մի մասին թյուրիմացության մեջ պահելու համար:

Ամփոփելով նշենք, որ Կոնգրեսը նյարդային եւ ջղագրգիռ քայլերի է դիմում, ինչը միայն վկայում է այս արհեստածին կառույցի առաջիկա խայտառակ կործանման մասին: Կոնգրեսում թող հույսեր չփայփայեն, որ նման խաղերով կարող են մարդկանց թյուրիմացութան մեջ գցել: Ամեն ինչ վաղուց արդեն պարզ է:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը