Կարծիք

22.04.2009 19:23


Ազգայինից ու ապազգայինից անդին

Ազգայինից ու ապազգայինից անդին

Աշխարհում շատ քիչ պետություններ կան, որտեղ իշխանություններն ու ընդդիմությունը ազգային նշանակության հարցերում միասնական դիրքորոշում չունեն։  

Վերցնենք թեկուզ մեր հարևաններին։ Վրաստանի ընդդիմությունը Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները երբեք չի ներկայացրել որպես երկրում առկա խնդիրների պատճառ։ Հակառակը՝ վրաց ընդդիմադիրները բացառում են  խորհրդային տարիների ռուս-վրացական հարաբերությունների վասալային մոդելի վերականգնումը։  

Ադրբեջանի ընդդիմությունը, որը տոտալ ճնշումների տակ է, իսկ նրա առաջնորդներից շատերը կամ ձերբակալված են, կամ էլ արտերկրում են՝ երբեք Ղարաբաղի հարցում իշխանությունների ունեցած դիրքորոշմաը չեն հակադրվել։ Ավելին՝  նրանք հայր և որդի Ալիեվներին քննադատել և քննադատում են անսկզբունքայնության մեջ՝ պահանջելով չզբաղվել դերասանությամբ, և, թեկուզ պատերազմի գնով,  անհապաղ վերադարձնել  Ղարաբաղն ու «օկուպացված» տարածքները։

Թուրքիայում, Հայաստանի հետ հարաբերությունների ձևավորման հարցում,  այնտեղի ընդդիմությունը ասում է նույնը, ինչը որ բազմացիս բարձրաձայնել են Էրդողանն ու Գյուլը. «Ադրբեջանին վերադարձրեք տարածքները, մոռացեք ցեղասպանությունը...»։

Ինչպիսի՞ն  են ազգային, պետական անվտանգության նշանակության հարցերում մեր իշխանությունների և ընդդիմության դիրքորոշումները։ Այսօր օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման հարցերն են։ Հայ-թուրքական հարաբերությունների մասով իշխանությունն ու ընդդիմությունը կարծես նույն բանն են ասում. «Կողմ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների ձևավորմանը»։  Ասելը ասում են, սակայն ամեն մեկը փորձում է ներկայացնել, թե իր մոտեցումն է բխում պետության շահերից։ Ընդդիմությունը հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը իշխանությունները ապաշնորհ ձևով փոխառել են իրենցից և ակնհայտորեն տանուլ են տալիս։ Երբ հարցնում ես, թե ձեր պատկերացումները ինչո՞վ են տարբերվում իշխանության այսօրվա մոտեցումներից, պատասխանում են, որ ...տարբերվում են։  Ու կրկին առանց նախապայմանների վերաբերյալ դատողություններ, ազգային շահերի վերաբերյալ դիտարկումներ։ Նույնը իշխանությունները։  Պարզվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում իշխանության մոտեցումը ընդդիմությունից տարբերվում է նրանով, որ այն ազգանպաստ է։  Թե ինչո՞վ է այն տարբերվում ընդդիմության մոտեցումներից՝ ոչ մի կերպ չես հասկանում։ Փաստորեն և՛  ընդդիմությունը, և՛ իշխանությունը, այս հարցում իրար մեղադրելով ու քննադատելով, ունեն նույն տեսակետը, որը սակայն երկուստեք չի ընդունվում։ Ու մինչև ներքաղաքական մրցակիցները, միանման դիրքորոշում ունենալով հանդերձ, անհասկանալի հիմնավորումներով փորձում են ապացուցել դիմացինի ծրագրերի և քայլերի ապազգային լինելը, մեր հարևաններն արդեն առանց դիվանագիտական հնարների դնում են հստակ նախապայմաններ՝ ակնհայտորեն Ադրբեջանին դարձնելով հայ-թուրքական բանակցությունների մասնակից և հակառակը։ Եվ եթե Հայաստանը հայտնվի թուրք-ադրբեջանական ծուղակում, ապա դրանում մեղավոր են լինելու  բոլորը։

Ավելի տխուր է վիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Արդյո՞ք հիմնահարցի վերաբերյալ մեր իշխանությունն ու ընդդիմությունը ունեն  միասնական տեսակետ, կամ սեփական հստակ ձևակերպված մոտեցումը։ Կամ կա արդյո՞ք հստակ դիրքորոշում, թե ո՞րն է ԼՂ հիմնախնդրի հայանպաստ լուծումը և ի՞նչ ասել է՝ փոխզիջում։  Փորձեք այս հարցերը ճշտել մեր քաղաքական գործիչներից։  Կպարզվի, որ այնքան տեսակետներ  կան, որքան որ գրանցված կուսակցություն կա Հայաստանում։  Դա լավագույն դեպքում։ Հաճախ առկա է դիրքորոշման իսպառ բացակայություն։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը