Քաղաքական

30.05.2022 09:53


Ադրբեջանի գերնպատակներից մեկն է, որ ինչ-որ ձևով ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան

Ադրբեջանի գերնպատակներից մեկն է, որ ինչ-որ ձևով ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան

«Ես չեմ կարծում, որ ամեն մի խենթ հայտարարությանը մենք պետք է արձագանքենք. սա ո՛չ նման առաջին, ո՛չ վերջին հայտարարությունն է: Նման հայտարարություններով հանդես են գալիս ոչ միայն նախկին ԱԳ նախարարները, այլև գործող նախագահը, մսուր-մանկապարտեզների վարիչները, մսուր-մանկապարտեզների սաները: Ամեն անգամ չենք ասելու, մենք միշտ մեր դիրքորոշումը հայտարարում ենք, երբևէ որևէ նպատակ չունենք մեր այդ դիրքորոշումից հրաժարվելու: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա միանշանակ է»,-Aravot.am-ի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Մամեդյարովի հայտարարությանը, թե Ղարաբաղում ապրող հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, այսպես արձագանքեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Մեր դիտարկմանը, թե ՀՀ իշխող ուժի տարբեր ներկայացուցիչների կողմից հնչում են հայտարարություններ, թե Արցախը փաստացի Ադրբեջանի մաս է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք միշտ հայտարարում ենք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ով ուզում է դրա մասին խոսի: Իհարկե, ցավալի է, երբ հայերն են խոսում, հայտարարություններ են անում, կապ չունի՝ ինչ քաղաքական ուժ են: Ես միշտ ասել եմ, որ ներքաղաքական գործընթացներին պաշտոնական Ստեփանակերտը չպետք է ներգրավվի՝ հաշվի առնելով, որ այն սրբություն պետք է լինի բոլորի համար: Չեմ ուզում, որ այն թիրախավորվի որևէ մեկի կողմից, մանավանդ, որ կան մարդիկ և ուժեր, արցախատյաց ուժեր, մենք տեսնում ենք այդ մարդկանց, թե ինչպիսի հայտարարություններ են անում, մի շիզոֆրենիկ ասում է ՝ Արցախը պետք է բայրաքթարի փայ դառնա, մեկն ասում է ղարաբաղցիները թուրք են: Չենք ուզում՝ դրանք կրկին հաչեն, թույլ չենք տալու: Անկախ ամեն ինչից՝ ով է խոսում, ինչ է անում, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Արցախը Ադրբեջանին բռնակցումը նշանակում է ե՛ւ Արցախի, ե՛ւ հայոց պետականության կործանում, պարզապես մի քիչ ավելի ուշ է լինելու հայոց պետականության կործանումը, բայց շատ սրընթաց ձևով»:

Մեր հարցին՝դուք նկատո՞ւմ եք, որ ՀՀ իշխող ուժի քաղաքական կուրսը տանում է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն, պարոն Բաբայանը պատասխանեց. «Մեր ճակատագիրը կախված է մեզանից՝ ժողովրդից: Եթե ժողովուրդը անընդունելի է համարում Ադրբեջանի կազմում լինելը, որևէ մեկը չի կարող մեզ այդ ճանապարհով տանել, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը մեր դեմ լինի, չնայած ամբողջ աշխարհը մեզ դեմ չէ»:

Անդրադառնալով Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանի քննադատությանը, իր՝ Հարավային Օսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին Ցխինվալում Հարավային Օսիայի ԱԳ նախարարի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարարի հետ հանդիպմանը՝ Դավիթ Բաբայանն ասաց. «Բոլորս էլ գիտենք՝ ով է Գեղամ Բաղդասարյանը, ինչ շրջանակների հետ է կապված: Մենք պետք է լինենք շատ իրատես, անենք հնարավորը, որ Արցախը փրկվի … եթե մի երկրի հետ լավ հարաբերություններ ունենք և այլ երկրների հետ նույնպես լավ հարաբերություններ ունենալու հնարավորություն ունենք, եթե այդ երկրները նույնիսկ մեկը մյուսի հետ վատ հարաբերություններ ունեն, մենք ապուշ պետք է լինենք, որ այդ հնարավորությունից չօգտվենք: Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, ուզում է Գեղամը դրա մասին խոսի, ով ուզում է խոսի, եթե Գեղամը արևմտամետ է, մենք պետք է ատե՞նք Ռուսաստանին: Արևմտամետ եղիր, բայց դա չի նշանակում, որ պետք է ատես Ռուսաստանին և քո ինչ-որ կարծիքներ պարտադրես վիրավոր ու վերակենդանացման բաժանմունքում գտնվող հայրենիքին: Մենք անելու ենք ամեն ինչ, որ Արցախը փրկվի, այստեղ կարող ենք բացատրել նաև այն մարդկանց, որոնք չեն հասկանում կամ պարզապես կարող է գիտելիքներ չունեն, իսկ նրանք, որոնք գիտելիք ունեն ու չեն ուզում հասկանալ կամ սպասարկում են այլ շահեր, մենք նրանց հետ գործ չունենք, ինչքան շուտ ապաշխարեն, այնքան լավ»:

Պարոն Բաբայանից հետաքրքրվեցինք նաև, թե մտավախություն չունի՞, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունը, թե սահմանազատումից հետո էլ ինչ ԼՂ կարգավիճակի հարց, կիրականանա ու իսկապես սահմանազատմամբ Արցախի հարցը կփակվի, ի պատասխան ասաց. «Ադրբեջանի գերնպատակներից մեկն է սահմանազատման միջոցով պարտադրել կամ ինչ-որ ձևով ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս: Սա լինելու է աշխարհաքաղաքական ու բարոյահոգեբանական կատաստրոֆա: Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելը, եթե նույնիսկ ողջ աշխարհն այդ կարծիքն ունենա, մենք կարող ենք այդ վիճակից դուրս գալ, բայց ամբողջ աշխարհն այդ կարծիքին չէ:

Չեմ կարծում, որ նման բան կարող է լինել, չեմ պատկերացնում, որ մայր Հայաստանը կարող է հրաժարվել դրանից: Դետալների մեջ չմտնենք, մեզ համար չկա որևէ հնարավորություն ապագա Ադրբեջանի կազմում: Բոլոր հնարավորությունները կան փրկել ու պահպանել գոնե այն, ինչ մնացել է Արցախից ու չկլանվել վերջնականապես Ադրբեջանի կողմից, ամեն ինչ կախված է մեզանից»:

Մենք օգտագործո՞ւմ ենք այդ հնարավորությունները մեր հարցին, պարոն Բաբայանը պատասխանեց. «Դա ցույց կտա վերջնական արդյունքը, կարծում եմ՝ մեզ հաջողվելու է»:

Այս խորագրի վերջին նյութերը