Քաղաքական

28.05.2022 17:59


Փաշինյանի հետ նույն տարածքում գտնվելու համար բերման են ենթարկել ազատամարտիկ Իգոր Սարգսյանին

Փաշինյանի հետ նույն տարածքում գտնվելու համար բերման են ենթարկել ազատամարտիկ Իգոր Սարգսյանին

«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ, Ղարաբաղյան բոլոր պատերազմների մասնակից Իգոր Սարգսյանին ոստիկանները բերման են ենթարկել Սարդարապատի հուշահամալիրից՝ այն բանի համար, որ համարձակվել է փորձել հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի շքախմբից մի քանի քայլ հեռավորությամբ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի ապազգային, զիջողական քաղաքականությանը, գոռացել՝ «Նիկոլ, դավաճան», որից հետո նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։

«Ես որպես ՀՀ քաղաքացի, հայ մարդ, ով ունի տոն՝ Սարդարապատի հաղթանակի օրը, որը խորհրդանշում է Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը, պայքարը, որի արդյունքում հայ ժողովրդին հաջողվեց վերստեղծել պետականությունը, ես եկել էի Սարդարապատի հուշահամալիր՝ խոնարհումի, հարգանքի տուրք մատուցելու մայիսի 28-ի բոլոր հերոսների հիշատակին, և վերահաստատելու, որ մենք չունենք հայրենիք՝ թուրքին տալու։ Իմ անհամաձայնությունը ՀՀ իշխանության հետ դա էր, որ ամեն օր Հայաստանից մի կտոր տալիս է թուրքին՝ համաձայնելով նրանց ցանկացած ասածի հետ»,-պարզաբանեց Իգոր Սարգսյանը։

Նրան նախ՝ փորձել են հանել համալիրի տարածքից՝ ասելով, որ արարողակարգ է՝ ոչ մեկին չենք թողնում, բացի վարչապետից ու իր շքախմբից։

«Ես էլ ասացի՝ ես ՀՀ քաղաքացի եմ և իրավունք ունեմ ամեն տեղ էլ լինելու, հիմա իրենք են բարձրանում, 2 քայլ հետո էլ ես կարող եմ բարձրանալ, ի՞նչ է՝ իրենք սեփականաշնորհե՞լ են այս տարածքը, իրենք ամենամեծ իրավունքը չունեն այստեղ լինելու, դա ժողովրդի իրավունքն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, որ հող է ծախել»,-հայտարարել է Իգոր Սարգսյանն ու գոռացել «դավաճան»։

Ազատամարտիկին 3 ժամ պահել են բաժանմունքում, մինչև վարչապետն անցել է, նոր ազատ են արձակել։ Որից հետո Իգոր Սարգսյանը նորից, ընկերների հետ, բարձրացել է Սարդարապատի բարձունքը և կատարել իր ուխտը»։

Այս խորագրի վերջին նյութերը