Լրահոս

27.05.2022 10:14


Իլոն Մասկի արբանյակներից է․ Բյուրականի աստղադիտարանի տնօրենը՝ հայկական արբանյակի մասին

Իլոն Մասկի արբանյակներից է․ Բյուրականի աստղադիտարանի տնօրենը՝ հայկական արբանյակի մասին

2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։

Այս լուրը հայ հասարակությունը մեծ ոգևորությամբ ընդունեց, կառավարության նիստի ընթացքում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, գրում է Armdaily.am-ը։

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, սակայն, վերապահումով է մոտենում այս հարցին։

«Շատ դժվար է ասել, որ Հայաստանը արբանյակ ունի։ Դա Իլոն Մասկի ուղարկած SpaceX արբանյակներից է, և դա հենց իրենն է։ Մենք չգիտենք՝ հիմա դա ինչքանով է հայկական համարվում, ինչ են պայմանավորվել իրենք։ Հայկական լինելու համար դա պետք է կառավարվի Հայաստանից և միայն Հայաստանը ունենա հասանելիություն դեպի այդ արբանյակը։ Եթե մյուսներն էլ ունեն, ապա դա ավելի վատ է. կարող են գողանալ մեր տվյալները»,-լրատվականի հետ զրույցում ասել է Արեգ Միքայելյանը։

Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանը հայտնել է, որ մինչև 2023 թվականի վերջը Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան։ Արեգ Միքայելյանը նշել է՝ երբ այդ կենտրոնը գործի, այդ ժամանակ միայն կարող ենք ենթադրել, որ Հայաստանը կարող է իր ձեռքում պահել կառավարումը, տվյալների ստացումը և այլն։

«Պետք է ճշտումներ արվեն և հասկանանք՝ ինչքանով է դա մերը։ Ընդհանրապես՝ կարո՞ղ ենք այն համարել մերը։ Լիարժեք մերը դառնալու համար պետք է կառավարման լծակները մեր ձեռքում լինեն։ Կոնկրետ այս պահին պարզ է, որ դա Իլոն Մասկի արբանյակն է, բայց թե դա ինչքանով կարող ենք հայկական համարել՝ ավելի շատ գաղափարական հարց է»,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը