Կարծիք

26.08.2011 16:10


Երբ գալիս է սեպտեմբերը

Երբ գալիս է սեպտեմբերը

Հայաստանը հայտնվել է խորը Ճգնաժամում: Ավելին, տարբեր ոլորտներում դրսեւորվող ճգնաժամը գնալով նոր բնագծեր է նվաճում: Ճգնաժամի խորացմանը նպաստեց նաեւ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն տեր-Պետրոսյանի թիմերի միջեւ սկսված «երկխոսությունը»: Սերժ Սարգսյանը հանդես եկավ իշխանության դիրքերից, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքն իրեն հռչակեց ժողովրդի ներկայացուցիչ: Նման աղաղակող ստի պայմաններում, անկախ «երկխոսության» թեմայից, քաղաքական դաշտում առկա ճգնաժամը միայն խորանում է: Իսկ աղաղակող սուտն այն է, որ Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, ոչ լեգիտիմ է եւ նա չի կարող ներկայացնել իշխանությունը: Մյուս աղաղակող սուտն այն է, որ Տեր-Պետրոսյանին ժողովրդը չի լիազորել իշխանությունը բռնազավթած իշխանության հետ խոսել իր անունից:

Եթե երկխոսեն երկու քաղաքական ուժեր եւ իրենց իրավունք չվերապահեն խոսել ժողովրդի անունից, ապա որեւէ մեկի մտքով անգամ չի անցնել քննադատել երկխոսության մասնակիցներին: Եթե քաղաքացիական պատերազմի մասնակից ուժերը նստեն երկխոսության, ապա դա կարելի է միայն ողջունել, իսկ երբ «երկխոսում» են մարդիկ, որոնք չգիտեն էլ, թե ում են ներկայացնում եւ նպատակ ունեն նեղ անձնական խնդիրներ լուծել, ապա այդ «երկխոսությունը» առնվազն պետք է քննադատության արժանանա:

Ամենահետաքրքիրն այն է, որ «երկխոսության» ընթացքում կողմերն այնքան իրարամերժ եւ հակասական հայտարարություններ արեցին, որ հոգեբաններն ուսումնասիրության հսկայական նյութ ստացան: Իսկ ամենակարեւորն այն է որ «երկխոսության» ընթացքում բացահայտումներ եղան, եւ շատերը հասկացան, թե ինչ են հիմա ուզում Տեր-Պետրոսյանը եւ Կոնգրեսի ԿԳ անդամները:

Սերժ Սարգսյանն, անկախ իր կամքից, նպաստեց, որ պատռվի Կոնգրեսի դիմակը: Մարդիկ հասկացան, որ Կոնգրեսն այն արմատական ուժը չէ, որը կարող է նպաստել երկրում դրական փոփոխությունների իրականացմանը: Այսքանից հետո կոնգրեսը դեռ հույս ունի, որ կկարողանա մոլորեցնել մի քանի հազար մարդու, որ մինչեւ հերթական ընտրությունները կկարողանան ամիսը մեկ կամ երկու անգամ հանրահավաքներ անել` տպավորություն ստեղծելու համար, թե վերահսկում են ընդդիմադիր դաշտը:

Կար ժամանակ, երբ Կոնգրեսի առաջնորդները, այդ թվում Տեր-Պետրոսյանը «նախապայմաններ» էին դնում իշխանության հետ հանդիպելու համար: Հիմա Կոնգրեսի համար այլ ժամանակներ են: Նրանք երջանիկ են, քանի որ «երկխոսողներին»  ցուցադրում են «պատասխանատու» հեռուստաընկերություններով:

Ոգեւորվելով «երկխոսությամբ», Կոնգրեսն արդեն իր իսկ կարկառուն ներկայացուցիչների շուրթերով հայտարարում է, թե իրենք երբեք էլ արմատական չեն եղել: Ինչ միամիտ ժողովուրդ ունենք: Մենք էլ երկար ժամանակ հավատում էինք Կոնգրեսի առաջնորդին եւ կարծում, թե Կոնգրեսն արմատական եւ ընդդիմադիր ուժ է: Անցած տարվա նոյեմբերի 30-ին Կոնգրեսի առաջնորդը ասել է. «...Այո, մենք արմատական ընդդիմություն ենք, որովհետեւ չենք ընդունում այսօրվա Հայաստանի գործող ոչ լեգիտիմ իշխանություններին եւ այդպիսին լինելու ենք մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ խնդիրը ձեզ հետ միասին չենք լուծել...»:

Շատերը կարող են կարծել, որ Կոնգրեսը լուծել է այս կարեւորագույն խնդիրը եւ հիմա արդեն իշխանությունները լեգիտիմ են: Բանն այն է, որ հերթական կամերային «երկխոսությունից» հետո Կոնգրեսի ԿԳ ներկայացուցիչը բառացիորեն ասել է. «Մենք երբեք չենք եղել արմատական ընդդիմություն, մենք եղել ենք այս երկրում արմատական փոփոխություններ կատարելու ջատագով, իսկ դա եղել ենք միշտ»:

Այս հայտարարությունից բխում է, որ Կոնգրեսը ոչ միայն այսօր է իշխանություններին համարում օրինական, այլ միշտ էլ նրանց լեգիտիմ է համարել, քանի որ Լեւոն Զուրաբյանը շատ պարզ շեշտում է, որ իրենք երբեք արմատական ընդդիմություն չեն եղել: Իսկ եթե արմատական ընդդիմություն չեն եղել, նշանակում է, որ իշխանություններին էլ համարել են օրինական:

Մնում է, որ Կոնգրեսը հանդես գա հայտարարությամբ եւ նշի, թե ով է կատակ արել` Լեւոն Զուրաբյա՞նը, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Այսքանից հետո Կոնգրեսի որոշ վկաներ դեռ համարձակվում են մարդկանց մեղադրել, որ բառախաղով են զբաղվում եւ նենգափոխում են Լեւոն Զուրաբյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները: Բայց նենգափոխման մասին խոսք անգամ լինել չի կարող: Ամեն ինչ շատ պարզ է:

Եւս մեկ անգամ անդրադառնալով Կոնգրեսի սկզբունքայնությանը, իսկ ավելի ճիշտ անսկզբունքայնությանը հիշենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւյալ հայտարարությունը. «Ուրեմն մենք պաշտոնապես հրաժարվում ենք որեւէ պայմանով Սերժ Սարգսյանի հետ որեւէ երկխոսության գնալուց։ Պաշտոնապես հայտարարում ենք։ Ես չգիտեմ` ում նախագահն է Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահը չէ։ Սերժ Սարգսյանը սովորական բռնազավթիչ է, որից պետք է անհապաղ ազատվել եւ կանգնեցնել դատարանի առջեւ։ Սերժ Սարգսյանի ստորագրած ոչ մի փաստաթուղթ մեզ համար իրավական ուժ չունի»:

Այսքանից հետո ակնհայտ է, որ սկզբունքայնության հետ լուրջ խնդիրներ ունեցող ուժը քաղաքական դաշտից պետք է օր առաջ հեռանա: Առավել եւս, այս ուժի ներկայացուցիչները պետություն ղեկավարելուց պետք է կիլոմետրերով հեռու լինեն: Պարզ է նաեւ, որ նրանց պետք է հետեւի նաեւ «երկխոսության» մյուս կողմը:

Ի դեպ, մինչեւ սեպտեմբեր հաշված օրեր են մնացել:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը