Քաղաքական

25.05.2022 11:22


Աղքատության մակարդակն ավելանում է. Փաշինյանը խաբել է․ «Ժողովուրդ»

Աղքատության մակարդակն ավելանում է. Փաշինյանը խաբել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: Այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է 2018 թվականի մայիսի 1-ին:

Նույն թվականի հունիսի 7-ին էլ նա հայտարարում էր. «Կառավարությունը չի վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն, այլ վարելու է աշխատանքի խրախուսման քաղաքականություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվելու աշխատել և գումար վաստակել, այլ ոչ թե հույսը դնել նպաստի և պետության կողմից օգնության այլ միջոցների վրա»: Ի՞նչ ունեցանք արդյունքում. աղքատության խրախուսման քաղաքականության դեմ գործողությունը մեկն էր՝ հրապարակային աղքատներին մեղադրելը, թե «աղքատությունը գլխում է», վե՛ր կացեք և գործ արե՛ք։ Արդյունքներից տեղեկություններ չկան։

Աշխատանքի խրախուսման քաղաքականության դրսևորումը եղավ վարչապետի այստեղ-այնտեղ «մուննաթ» գալը քաղաքացիների վրա, մեկումեջ էլ՝ «ոչխար պահեք» և այլ նման խորհուրդները: Իսկ հիմա անդրադառնանք աղքատության մակարդակի վերաբերյալ նրա հայտարարությանը և համեմատենք աղքատության մակարդակի թվերը՝ ըստ տարիների. 2018 թվականին նա նշում էր, թե «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»:

2017-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 25.7%, այսինքն՝ նրա կողմից ասված «շուրջ 30 տոկոս աղքատություն» բառակապակցությունն արդեն իսկ չափազանցություն է եղել և սուտ: 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 23.5%-ն է աղքատ եղել, սակայն արդեն մյուս տարիներին ունեցել ենք աղքատության թվի աճ: 2019 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 26.4%: 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%, իսկ, ահա, աղքատությունը, ըստ վերին գծի, գնահատվել է 47.6 տոկոս: Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը խաբել է քաղաքացիներին»:

Այս խորագրի վերջին նյութերը